ՀԺԿ դիրքորոշմանը հակառակ՝ ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին օրենքին կողմ քվեարկած Վոլոդյա Բադալյանն այդպես էլ չհեռացվեց կուսակցությունից։ Երկու անգամ քննարկելով այդ հարցը՝ նրա սկզբնական կազմակերպությունը բավարարվեց խիստ նկատողությամբ։
«Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս խտրական մոտեցումը, չէ որ մեկ այլ պատգամավորի նման քվեարկության համար հեռացրին, ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Սա սկզբնական կազմակերպությունների անհատական մոտեցումն էր։ Եվ կուսակցության ղեկավարությունը հարմար չգտավ պարտադրել նրանց այլ որոշում»։
ՎԵՐՀՈՒՇ
Կարդացեք նաև
Առաջին խորհրդարանի ամբիոնից Աշոտ Բլեյանը մի հայտարարություն արեց, որին շատ բուռն արձագանքեց թալինցի պատգամավոր Խաչիկ Սաֆարյանը։ Վեճը տեղափոխվեց միջանցք. Խաչիկ Սաֆարյանը գոռում էր, թե հարկավոր է տեռորի ենթարկել Աշոտ Բլեյանի նմաններին։ Եվ լրագրողները լսեցին, թե ինչպես նրան հանգստացնել փորձող լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, որին որեւէ մեկը չի կարող մեղադրել ապազգային լինելու մեջ, ասում էր. «Այ մարդ, դու այսպես ես մտածում, Բլեյանն էլ՝ այլ կերպ։ Ինչո՞ւ ես ուզում զրկել նրան արտահայտվելու իրավունքից»։ Իշխանյանի այս լայնախոհությունը շատ է պակասում այսօր, երբ շատերը, ինչ է, թե չեն ընդունում Բլեյանի գաղափարները՝ անգամ քիչ են համարում նրա նկատմամբ իրականացվող իրավական կամայականությունները։
Կարդացեք էջ 3։
ԿՄԹԵՐՎԻ 10.000 ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ
Երեկ Երեւանի կոնյակի գործարանի տնօրինությունից հայտնեցին, որ ընկերությունն այս տարի կմթերի Մսխալի, Ոսկեհատ, Գառան Դմակ, Կանգուն, Ռկացիտելի սորտերի 10 հազար տոննա խաղող։ Մթերումը կիրականացվի Այգավանի եւ Արմավիրի արտադրական կենտրոններում։Ինչպես հայտնի է, կոնյակի գործարանի կողմից խաղողի մթերումը հարցականի տակ էր «Պեռնո Ռիկարի» եւ կառավարության հակասությունների պատճառով։
Հիշեցնենք նաեւ, որ 98-ի աշնանը, գործարանի սեփականաշնորհումից հետո, «Պեռնո Ռիկարի» կողմից մթերվել էր 26 հազար տոննա, իսկ անցած տարի՝ 18 հազար տոննա խաղող։