ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԼՃԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ Եվ դա ունի իր դրական կողմերը Պատկերացրեք այսպիսի մի տեսարան: Բռնությամբ, թալանով, ռազմավարով ապրելու սովորություն ունեցող «աբրեկները», խիզախ ու սրտոտ, իջնում են սարերից եւ տեսնում են, որ հարթավայրի ժողովուրդը վախկոտ է, շփոթված, հարմարվող ու հաճախ նաեւ՝ ծախվող: «Աբրեկները» ուրախանում են այդ տեսարանից եւ սկսում են իրենց քեֆին իշխել այդ ժողովրդին: Դուք կմեղադրեի՞ք սարեցիներին նման վարքագծի համար: Թե՞ առավել մեղավորը հարթավայրի ժողովուրդն է: Չէ՞ որ այլ միջավայր տեսնելուց «աբրեկներն» իրենց այլ կերպ կպահեն: Խորխե Լուիս Բորխեսն ունի մի պատմվածք. բարբարոսը գալիս է Հյուսիսից Հռոմը գրավելու: Բայց տեսնելով Հռոմի շքեղությունն ու քաղաքակրթության մակարդակը, նա խոնարհվում է Հավերժական քաղաքի առջեւ եւ միանում է նրա պաշտպանների շարքերին: Հեղինակը հատուկ նշում է՝ դա դավաճանություն չէ, այլ հայացքների կտրուկ փոփոխություն, որը դարերի ընթացքում ապրեցին նաեւ մյուս բարբարոսները: Հռոմի կայսրությունը կործանվեց, բայց քաղաքը մնաց, քանի որ իր մեջ մշակութային հզոր լիցք էր պարունակում: Մեզ այդ լիցքն է, պարզվում է, պակասում: 70 տարվա խորհրդային ստրկամտությունից եւ 10 տարվա անկախության սովածությունից մեր հասարակությունը, կոպիտ ասած, գլուխը կորցրել է, զրկվել է արժանապատիվ եւ դատողունակ լինելու կարեւոր հատկություններից՝ ընկղմվելով խոր մարազմի մեջ: Մի մարդ ասում է. գորբաչովյան վերակառուցումն սկսել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը: Շատ լավ՝ ԱՄՆ-ը իսկապես շահագրգռված էր Խորհրդային Միությունը քանդելու մեջ: Բայց նման գլոբալ փոփոխության համար չի կարող լինել միայն մեկ պատճառ: Վերակառուցման ծրագրեր ունեին արդեն Անդրոպովը, Արեւմուտքի հետ շփումներ ունեցող խորհրդային դիվանագետները, ինչպես նաեւ աֆղանական պատերազմում անհաջողություններ տեսած գեներալները: Այդ ամենին նույն մարդը պատասխանում է. ուրեմն, բոլոր թվարկած մարդիկ ԱՄՆ ԿՀՎ-ի գործակալներ էին: Շատ բնորոշ օրինակ է. ցանկացած փաստարկ «մարսվում» է անհանդուրժողական-կանխակալ կարծրացած տեսակետի մեջ, եւ, այդպիսով, այլեւս դադարում փաստարկ լինելուց: Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը համոզված է. եթե իրենք «մինչ հեղափոխությունը» ունեցել են արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձ, եւ հեղափոխության ընթացքում այն կորցրել են, ուրեմն ինչ-որ մեկն այդ արժանապատիվ կյանքն իրենցից խլել է, եւ մնում է միայն մի բան. հետ վերցնել իրենցից խլածը եւ վերսկսել ապրել խորհրդային աշխատավարձով: Ապրելու որեւէ այլ մեխանիզմի մասին նույնիսկ թույլ ակնարկը ափերից հանում է շարքային հայաստանցուն, եւ նա, նեղսրտած ու կրքոտ, սկսում է մատնանշել «նրանց» դղյակներն ու «Մերսեդեսները»: Ամերիկացիները շրջում են գյուղերով, սրսկում են մեր կանանց, որպեսզի հայ ազգի արգանդը չորացնեն: Փորձեք բացատրել, որ մենք, մեծ հաշվով, ամերիկացիների (ի դեպ, նաեւ ռուսների) պետքը չենք` առանց մեզ էլ նրանք շատ լավ էլ յոլա կտանեն: Բայց եթե ամերիկացիները կամ ռուսները մեզ ինչ-որ բան են ցանկանում, ապա հիմնականում՝ լավը: Մասնավորապես, նրանք ցանկանում են, որ հայկական պետությունը պահպանվի, իսկ բնակչության նվազման նման տեմպերով՝ դա գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում: Հետեւաբար, նրանց ուզածը ոչ թե այն է, որ մեր կանայք չծննդաբերեն, այլ՝ որ իրենց առողջությանը չվնասեն անվերջանալի աբորտներով, եւ այդպիսով կարողանան պահպանել ծննդաբերելու ֆունկցիան: Սակայն այդ թեմայով ցանկացած բանավեճ նույնպես, ի վերջո, հանգեցնում է սոցիալական բողոքների եւ խորհրդային դրախտի հիշողությունների: Երբ մարդ կորցնում է դատողունակությունը՝ խորապես հիասթափված եւ անտարբեր լինելու պատճառով, նա այլեւս չի հավատում, որ կարող է փոխել իրեն շրջապատող հանգամանքները, եւ նրա առջեւ երկընտրանք է կանգնում՝ կամ փախչել, կամ հարմարվել: Իրականում թե՛ առաջինը եւ թե՛ երկրորդը ելք չեն: Ինքդ քեզնից ոչ մի տեղ չես փախչի՝ օտար ափերում ինքնահաստատման սովդ չես հագեցնի: Իսկ հարմարվելն էլ ժամանակավոր լուծում է: Բոլորի, նույնիսկ մեծահարուստների համար: «Գրանդ տոբակոյի» նախագահն այսօր քծնում է Քոչարյանին, կարծելով, թե ողջ կյանքում արտոնություններ է ունենալու: Պատրանք է՝ քծնողներին բոլորից շատ են արհամարհում: Ելքն, այնուամենայնիվ, հասարակական հոգեբանությունը, հետեւաբար, նաեւ՝ արտաքին հանգամանքները փոխելն է: Այսօր այդ գործընթացի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որովհետեւ (թող պարադոքս չթվա) Հայաստանում սկսվում է երկարատեւ լճացման ժամանակաշրջանը: Հենց այդ շրջանում է զարգանում հասարակական ռեֆլեքսիան, որն այնուհետեւ բերում է որակական փոփոխությունների: Հիշենք, որ հենց այդպես էր բրեժնեւյան տարիներին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ