Հերքո՞ւմ, թե՞ հաստատում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քարտուղար Ս.Վարդեւանյանը հերքել է «Առավոտում» հրապարակված՝ «Ժողովրդավարական հայրենիքը» փլուզման շեմին է» հոդվածում մեջբերված փաստերը։ Մինչեւ հերքմանն անդրադառնալը հարկ է նշել, որ մեր քաղաքական գործիչների եւ ոչ միայն նրանց շրջանում, վերջերս սովորական երեւույթ է դարձել որեւէ հրապարակում հերքելը՝ անկախ այն բանից, թե այնտեղ բերված փաստերը ի՞նչ չափով են համապատասխանում իրականությանը։ Տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ ինչ-որ բան հերքում են՝ պարզապես հերքելու համար։ Ահա այս դեպքում էլ մեզ ուղղված «հերքման» մեջ նշված է, թե «հոդվածում մեջբերված «փաստերը» իրականությանը չեն համապատասխանում» եւ այն շինծու է ու պատվիրված։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հիշյալ կուսակցության «Կենտրոն» տարածքային կազմակերպության՝ 20-ից ավելի անդամների հայտարարությանը, որով վերջիններս դադարեցրել են իրենց գործունեությունը կուսակցության ներսում։ Ըստ «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավարների, կուսակցության ներսում հակադիր ճամբարներ չեն ձեւավորվել ոչ համագումարից առաջ, ոչ էլ դրանից հետո։ «Կենտրոն» տարածքային կազմակերպության տարածած հայտարարությունն ամբողջովին խարսխված է կուսակցության ներսում առկա հենց այսպիսի հակասությունների վրա եւ պայմանավորվում է կուսակցության ղեկավարի նկատմամբ եղած դժգոհությամբ։ Հետաքրքիր է, ըստ պարոն Վարդեւանյանի, կուսակցության ներսում հակադիր ճամբարը «պոզով-պոչո՞վ է լինում»։ Մյուս կողմից նա չի հերքում, թե կուսակցությունից մի ամբողջ մասնաճյուղ է զատվել։ Բայց այս փաստը նա այսպես է պարզաբանում. «Պարզապես մի քանիսը, որոնք բացառված չէ, որ դա արել են որոշ ուժերի թելադրանքով, դուրս են եկել կուսակցությունից։ Սա կարծում եմ, սովորական երեւույթ է բոլոր կուսակցությունների համար գործընթացներից առաջ։ Կուսակցության շարքերը մաքրվում են, եւ դա կարեւոր է»։ Հիմա արի ու հասկացի, պարոն Վարդեւանյանի գրությունը, ըստ էության, հերքո՞ւմ, թե՞ հաստատում է «Ժողովրդավարական հայրենիքը» փլուզման շեմին է» հոդվածը։ Ինչ վերաբերում է կուսակցության ներսում ընթացող «գործընթացներին», որոնց մասին ակնարկել է պարոն Վարդեւանյանը, մենք խոստանում ենք մեր ընթերցողին առաջիկայում դրանց անպայման անդրադառնալ եւ լսել ե՛ւ կուսակցության ղեկավարներին, ե՛ւ կուսակցությունը լքած անդամներին։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ