Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵՔ, ՈՐ ԿԱՐԴԱԼԻՍ ՉԸՆԿՆԵՔ

Սեպտեմբեր 02,2000 00:00
Vahram Aghajanyan

Օգոստոսի 30-ին ԼՂՀ ՆԳ փոխնախարար Ռազմիկ Պետրոսյանը զանգահարել է ապօրինաբար մեղադրվող լրագրող Վահրամ Աղաջանյանի բնակարան եւ նրա հորից պահանջել, որ Վահրամը հայտնվի ՆԳՆ-ում եւ ստորագրի ինչ-որ պաշտոնական փաստաթուղթ հանցագործություն կատարելու անթույլտրելիության մասին։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա 6-ին լրագրողը պետք է ներկայանա ԼՂՀ ՆԳՆ եւ լսի զրույցներ սպանություն, բռնաբարություն, կողոպուտ, գողություն չանելու օգուտների մասին։ Վահրամ Աղաջանյանը կտրականապես հրաժարվել է ենթարկվել ՆԳՆ-ի վերոնշյալ հակաօրինական եւ ստորացուցիչ պահանջներին։

Հայտնի է, որ ժամանակին, Վահրամի ապօրինի ձերբակալության ընթացքում, վշտից անժամանակ մահացավ լրագրողի մայրը։ Եվ Վահրամը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին ուղղված իր դիմումում գրեց. «Մարդասպանները (մորը մահվան հասցնողները- խմբ.) մինչ օրս պատժված չեն եւ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ ԼՂՀ իրավապահ մարմիններում»։ Եվ, ինչպես Վահրամի հայրն է պատասխանել ՆԳ փոխնախարարին, մինչեւ ԼՂՀ նախագահը չպատասխանի այդ դիմումին, Վահրամ Աղաջանյանը ՆԳՆ չի ներկայանա։

Ընդունելով, որ Վահրամի հանդեպ կիրառվածը սխալ է, ՆԳ փոխնախարար Ռազմիկ Պետրոսյանը, ամեն դեպքում, հայտարարել է, որ ՆԳՆ-ն մեղավոր չէ, «այդպիսին էր կարգադրությունը»։ Նա նաեւ տեղյակ է պահել, որ Վահրամի ձերբակալության սանկցիան տվել է անձամբ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը։ Ամեն դեպքում, Վահրամը սպասում է Արկադի Ղուկասյանի պատասխանին, որը պետք է ստանա ոչ ուշ, քան սեպտեմբերի 23-ին։

Իշխանությունների կողմից ճնշումները շարունակվելու դեպքում մեր գործընկերը պատրաստվում է դիմել հայ հասարակությանն ու մտավորականությանը, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչություններին, բոլոր դեսպանատներին՝ խնդրանքով՝ աջակցել ԼՂՀ-ում տարրական օրինականության եւ արդարության վերականգնմանը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել