Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 02,2000 00:00

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՈՒ ՓՈՐՁ ՀԺԿ-ի քանի գործչի հետ զրուցես «Միասնության» գոյության, «Ազգային միաբանության» հետ հնարավոր դաշինքի եւ ընդհանրապես՝ քաղաքական դաշտում ՀԺԿ-ի տեղի մասին՝ այնքան էլ կարծիքներ կլսես, ընդսմին՝ երբեմն տրամագծորեն հակադիր։ Թերեւս կուսակցության պաշտոնական դիրքորոշումը պետք էր ակնկալել ՀԺԿ ղեկավարից։ Չնայած մամուլում մի լուր հայտնվեց, թե ՀԺԿ քաղխորհուրդն անգամ կուսակցության նախագահի պաշտոնակատարին է իբր արգելել առանց իրենց հետ համաձայնեցնելու դիրքորոշում արտահայտել։ Ինչեւէ, քանի դեռ Ստեփան Դեմիրճյանը նախընտրում է լռել՝ կարելի է կուսակցության մամլո խոսնակի պարզաբանումները համարել առավել համահունչ ՀԺԿ պաշտոնական տեսակետներին։ ՀԺԿ վարչության անդամ եւ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը առաջին հերթին հերքեց, թե որեւէ մեկը Ստեփան Դեմիրճյանին արգելել է կուսակցության անունից հանդես գալ. «Երկու շաբաթ է, ինչ քաղխորհրդի նիստ չի գումարվել, քանի որ արձակուրդ է եւ խորհրդի անդամների մեծ մասը բացակայում է։ Թեկուզ միայն այդ պատճառով չէր կարող լինել այդպիսի բան։ Բացի այդ, մեր կուսակցության մեջ ընդունված չէ միմյանց հետ վերջնագրերով խոսելը։ Բոլոր հարցերը միասին քննարկում ենք։ Ուստի, չի եղել այդպիսի դեպք, որ Ստեփան Դեմիրճյանն անի որեւէ արտահայտություն, որը չեն կիսում իր կուսակցական ընկերները»։ Հարց ուղղեցինք, թե իրավացի՞ են այն մեկնաբանությունները, որ կուսակցությունն անմիջապես հրաժարվեց կիսաընդդիմադիր դիրքից, հենց որ շոշափելի դարձավ գրաված բոլոր պաշտոններից զրկվելու հեռանկարը։ Եվ որ այստեղ վճռորոշ եղավ ՀԺԿ-ի կուսնոմենկլատուրայի, գործարարների գործադրած ճնշումը կուսակցության ղեկավարության վրա։ «Ինձ հայտնի չեն նման փաստեր»,- պատասխանեց Ռուզան Խաչատրյանը։ Իսկ քաղաքական գործելակերպի փոփոխության մեջ պաշտոններ կորցնելու վախի գործուն դերակատարության առնչությամբ էլ ասաց. «Դժվարանում եմ ասել ինչ-որ գործոն կարո՞ղ էր լինել, թե՞ ոչ։ Բայց որ վճռորոշ գործոն չէր կարող լինել՝ միանշանակ է։ Քանի որ, եթե թվաբանական կոպիտ հաշվարկ անենք՝ այդպիսի լծակներ, պորտֆելներ չունեինք էլ, որոնց համար ոտնատակ անեինք մեր սկզբունքները»։ Այսինքն, երկու նախարարների պորտֆելները հաշիվ չե՞ն. «Նրանցից ոչ մեկը կուսակցության անդամ չէ։ Իսկ երբ աշխատանքից հեռացվեցին ՀԺԿ անդամ փոխնախարարները՝ դա բացատրվեց այսպես, թե կառավարությունն անձամբ այդ մասնագետների դեմ ոչինչ չունի, սա քաղաքական քայլ է, քանի որ դա քաղաքական պաշտոն է։ Այս պնդումը չափազանց զարմացրեց շատ-շատերին՝ որեւէ մեկը երբեք չէր լսել, թե փոխնախարարի պաշտոնը քաղաքական է։ Կառավարության անդամի՝ նախարարի պաշտոնն է քաղաքական»։ «Միասնությունում» այժմ մնալ- չմնալու բանավեճերին անդրադառնալուց առաջ Ռուզան Խաչատրյանը նախ գերադասեց հիշեցնել, որ 1999-ին այս դաշինքի գաղափարը բավական դիմադրության էր հանդիպել ՀԺԿ-ում. «Կարեն Դեմիրճյանը մեծ հակադրություն հաղթահարեց։ Հարգելով ու սիրելով նրան՝ այնուամենայնիվ շատ կուսակցականներ այն ժամանակ դեմ էին այս միավորմանը՝ հիշելով ու հաշվի առնելով 1998-ի նախագահական ընտրությունները»։ Ի դեպ, մեր զրուցակիցն էլ էր դեմ քվեարկել այս դաշինքին. «Բայց եթե այս պահին քվեարկություն լիներ՝ ես դեմ կլինեի, որ «Միասնությունը» տրոհվեր։ Այն ժամանակ մեծ դժվարությամբ համաձայնեցինք այդ դաշինքին, քանի որ կային մեծ նպատակներ։ Եվ մենք դրանք դեռ չենք իրականացրել։ Չհասնելով որեւէ որոշակի արդյունքի, որի համար միավորվեցինք՝ մենք միայն զոհեր տվեցինք։ (Միգուցե, եթե չլիներ այս դաշինքը՝ չէր լինի եւ հոկտեմբերի 27-ը)։ Եվ եթե այժմ պառակտվում ենք, ստացվում է, որ միավորվել էինք միայն զոհե՞ր տալու համար եւ միասին այլեւս անելիք չունե՞նք»։ Ռուզան Խաչատրյանը դաշինքի լուծարման պատճառ չէր համարում անգամ գաղափարական տարբերությունները, որ արտահայտվում են կարեւոր հարցերի քվեարկության ժամանակ. «Իհարկե, տարբեր մոտեցումներ ունենք որոշ հարցերի շուրջ։ Ցայտուն օրինակները վարչապետի նշանակումը եւ ԲԷՑ-երի սեփականաշնորհումն էին։ Կարող են էլի լինել հարցեր, որոնց վերաբերյալ ունենանք տարբեր մոտեցումներ։ Բայց չէ՞ որ բազմաթիվ այլ հարցերում ԱԺ-ի այս 1 տարվա ընթացքում միասնական մոտեցում ենք դրսեւորել»։ Նա նաեւ հիշեցրեց, որ ՀԺԿ-ն երբեւե չի հայտարարել, որ դուրս է գալիս «Միասնություն» դաշինքից։ Եվ այն, որ կուսակցության մի քարտուղարը ծիծաղելի է համարում անգամ ասելը, որ ՀԺԿ-ն ընդդիմադիր է, իսկ մյուսն այլ կերպ արտահայտվում՝ Ռուզան Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Դա ապացույց է, որ այսօր էլ ՀԺԿ-ում միանշանակ մոտեցում չկա այս հարցերի վերաբերյալ։ Էլի շարունակվում են քննարկումները. ինչպե՞ս վարվել՝ մնա՞լ, պահպանե՞լ «Միասնությունը» եւ այլն։ Սա շատ բնական է՝ ինչպես այն ժամանակ դժվար հանգեցինք «Միասնության» գաղափարին, այնպես էլ այժմ է դժվար։ Եվ վերջնական որոշում չկա։ Պաշտոնապես այն կարող է հայտնել ՀԺԿ վարչությունը, որը նիստ կգումարի մոտ ժամանակներս։ Բայց այսօր արդեն այս քննարկումներից պարզ է, որ կուսակցության հիմնական մասը գտնում է, թե այնուամենայնիվ «Միասնություն» դաշինքը շատ մեծ պարտականություններ եւ անելիքներ ունի»։ Փորձեցինք պարզել, թե արդյոք ՀԺԿ-ն վերջնական որոշում չունի նաեւ «Ազգային միաբանությա՞ն» հետ դաշինք կազմելու հարցում, այստե՞ղ էլ տարակարծություններ կան. «Ոչ մի տարակարծության հարց չկա. զարմանալի է, որ այսպիսի աղմուկ բարձրացավ այս համագործակցության շուրջ։ Սա ընդամենը համագործակցություն է, որը լինելու է ոչ միայն «Ազգային միաբանության» հետ։ Հանդիպումներ, խորհրդակցություններ են ընթանում նաեւ այլ կուսակցությունների հետ»։ Սակայն Արտաշես Գեղամյանը նշում էր, թե ՀԺԿ-Ի հետ դաշինքի շուրջ հիմնական հարցերի պատասխանները տրված են։ «Դա իր գնահատականն է,- ասաց ՀԺԿ լրատվության պատասխանատուն։- Եթե լինենք կոռեկտ եւ առաջ չանցնենք, այսօր խոսք չկա ավելինի մասին, քան արձանագրված էր այն փաստաթղթում, որ ստորագրեցին երկու կուսակցությունները»։ Հիշեցնենք, որ այդ հաղորդագրության մեջ շեշտվում էր միայն որոշ կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների առկայությունը. «Եվ այդ հարցերը հիմնականում վերաբերում էին օրենսդրական աշխատանքին՝ իմիջիայլոց»։ Դարձյալ անդրադառնալով ՀԺԿ-ի ներկայիս անվանական դաշնակցին՝ ՀՀԿ-ին, Ռուզան Խաչատրյանը նշեց. «Մեր ընդհանուր քննարկումների արդյունքում ձեւավորված կարծիք է, որ երկխոսությունն ավարտված չէ։ Համենայն դեպս, լուրջ քննարկումներ երկու թեւի միջեւ պետք է լինեն։ Եվ եթե պարզ լինի, որ այլեւս հնարավոր չէ՝ բնականաբար, պետք է քաղաքակիրթ ձեւով, պաշտոնապես լուծվի այդ հարցը»։ ՀԺԿ-ի նախկին քարտուղարը՝ Հմայակ Հովհաննիսյանը ասել էր, թե ՀԺԿ-ն անընդհատ քաղաքական հովանավորներ է փնտրում, Ռուզան Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Ինչո՞ւ են փորձում տպավորություն ստեղծել, թե ՀԺԿ-ն է փնտրում։ Իսկ ինչո՞ւ չեք ենթադրում, որ միգուցե ՀԺԿ-ին են փնտրում։ Եվ հետո, ինչո՞ւ են համագործակցության մեր քայլերն այսպիսի չարությամբ ընկալվում։ Կարեն Դեմիրճյանն էր ասում, թե միայնակ ոչ մի մարդ կամ կուսակցություն չի կարող լուծել այն խնդիրները, որ ծառացած են մեր երկրի առաջ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել