Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 02,2000 00:00

«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉՈՒՆԻ» Չգիտես ինչու՝ այս կարծիքին է ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը Հին հայկական ավանդույթի համաձայն՝ Հայաստանում, եթե ինքդ սեփական կամքով ինքնասպան չես լինում (ինքնասպանվում), ուրեմն ոչ մի դժբախտ պատահար քեզ այլեւս չի դիպչի։ Այդպես (եւ ընդ որում՝ բարեբախտաբար) պատահեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ստորին վերջույթի հետ։ Այդպես բոլորովին վերջերս եղավ նաեւ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Նրա տունը պայթեցնելու փորձը ոչ պաշտոնապես, սակայն անմիջապես կապվեց հոկտեմբերի 27-ի գործի հետ։ Հետաքրքիր է, որ քանի դեռ պաշտոնական որեւէ տեղեկատվություն նրա տան նկուղում տեղի ունեցած պայթյունի մոտիվների եւ պայթյունը կազմակերպածների մասին չկա, շրջանառվող լուրերից մեկն էլ այն է, որ այդ պատմությունն ամենաշատը ձեռնտու էր հենց… պրն Ջհանգիրյանին։ Քննո՞ւմ է այս վարկածը ներքին գործերի նախարարության օպերատիվ քննչական խումբը եւ, առհասարակ, մինչ օրս քանի՞ վարկած է քննվում, եւ կա՞ն կասկածյալներ։ Այս հարցերով դիմեցինք օպերատիվ քննչական խմբի ղեկավար, ՆԳ օպերատիվ հարցերի փոխնախարար պրն Հունանյանին։ Վերջինս նախ՝ «ինքնապայթեցման» լուրը համարեց «անլուրջ մարդկանց խոսակցություններ», սակայն ոչ մի հակափաստարկով կամ հիմնավորմամբ չպնդեց հակառակը. «Մինչեւ հանցագործությունը չբացահայտվի, ոչ ոք իրական պատճառների մասին առայժմ ասել չի կարող»։ Այսօր հայտնի է միայն, որ պայթել է 75 գր հզորության տրոտիլ։ Առայժմ քննվում է 4-5 վարկած, թե ով կարող էր կատարել պայթյունը։ Ըստ պրն Հունանյանի՝ կասկածյալներ կան, բայց այդ մասին հնարավոր է խոսել միայն օպերատիվ քննչական խմբի աշխատանքների ավարտից հետո։ Իսկ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մեկ շաբաթ անց։ Արդեն հարցաքննվել են ականատեսները, սակայն կասկածյալները՝ ոչ։ «Որեւէ ձեւով պայթյունն առնչվո՞ւմ է հոկտեմբերի 27-ի գործի հետ, եւ այս վարկածը քննվո՞ւմ է» մեր հարցին պրն Հունանյանը պատասխանեց, որ առայժմ որեւէ մեկը չի կարող ասել, որ դա կապ ունի հենց այդ գործի հետ, մի խոսքով՝ «քննությունը ցույց կտա»։ Իսկ թե դեպքից հետո զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի (վերա)հսկողությունն ուժեղացվե՞լ է եւ կամ ավելացե՞լ են թիկնապահները, ՆԳ փոխնախարարը «հանգստացրեց», որ պրն Ջհանգիրյանի կյանքին որեւէ վտանգ չի սպառնում եւ, որ նա միշտ էլ իր անձի հսկողությունը ամուր հիմքերի վրա է պահել։ Թեեւ մի փոքր ուշացումով, սակայն որոշեցինք դեպքի առնչությամբ նաեւ ճշտել հոկտեմբերի 27-ի հետ որեւէ առնչություն ունեցող մարդկանցից։ «Ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել, ոչինչ չգիտեմ»,- մոտավորապես այսպիսին էր ամենազգուշավոր քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանի պատասխանը։ Մեր բոլոր հարցերին նա միայն մեկ բան էր ասում. «Չեմ կարող ասել»։ Գոնե տեսակետ ուներ եւ այն չթաքցրեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը. «Իմ մտածելով՝ էն ժամանակ, որ թռուցիկներ տարածեցին, դրա ձեռագիրն է»։ Ըստ պրն Հակոբյանի՝ «Ջհանգիրյանն ինքն իրեն թույլ չէր տա ինքը կազմակերպեր իր տան պայթյունը։ Ո՞նց նա կաներ, եթե տունը պինդ չլիներ, կպայթեր»։ Հակոբ Հակոբյանը պայթյունը կապում է Ջհանգիրյանի՝ հոկտեմբերի 27-ի մեջ «շատ խորանալու» հետ։ Նա նաեւ կարծում է, որ որպես սրա շարունակություն՝ կսկսեն հավաքել այն երկրապահների զենքերը, որոնք դեռեւս ունեն. «Դատավարություն է սկսվում, հազար ու մի պրոբլեմ կա»,- այսպես հիմնավորեց իր ասածը երկրապահ Հակոբյանը։ Հետաքրքիր էր ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի գործով նախկին կալանավոր Մուշեղ Մովսիսյանի տեսակետը, թե սա այն նույն մարդկանց ձեռագիրն է, որոնք ժամանակին նռնակ գցեցին Վահան Շիրխանյանի տան մոտ. «Ավելին չեմ կարող ասել, մնացածը կպարզի քննչական խումբը»։ Եթե շարժվենք զինդատախազի՝ հոկտեմբերի 27-ի գործի քննության տրամաբանությամբ, ենթադրում ենք, որ օպերատիվ խումբը կհանգի այն եզրակացության, որ պայթյունի «ետեւում» ոչ մի ուժ չկա. այն տեղի է ունեցել պատահաբար եւ ինքն իրեն։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել