Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 01,2000 00:00

Բոլորը քե՜զ, բոլորը քե՜զ, մեզ ոչ մի բան թող չմնա Մինչ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանն ամեն երեկո՝ մտած Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանի թեւը, զբոսնում է Շախմատի տան մատույցներում եւ կամ հարակից սրճարանում հանգստանում է մտավոր ծանր աշխատանքից, «Առավոտի» հասցեով չեն դադարում հասնել այս պատգամավորի ապօրինի գործողությունների մասին պատմող նամակները։ Մեր թերթն արդեն անդրադարձել է Մելիք Գասպարյանին պատկանող «Սմակ»-ի շինարարության վրա աշխատող բանվորներից մեկի բողոքին, որն իր սեփական քար մշակող գործիքով աշխատել էր այնտեղ, սակայն օրինաստեղծ աշխատանքի փորձեր անող պատգամավորը վերջում ոչ աշխատավարձն էր վճարել, ոչ էլ աշխատանքի գործիքն էր վերադարձրել։ Վերոնշյալ հրապարակումից հետո պրն Գասպարյանը գործիքը վերադարձնում է, սակայն բանվորի աշխատավարձը պահում է իրեն։ Մեկ ուրիշ քաղաքացու պատգամավորը համոզում է համաձայնվել եւ քանդել սեփական տունը, որպեսզի պրն Գասպարյանի կառուցվելիք սեփական շենքը մեծ մակերես զբաղեցնի «հայոց հողի վրա»։ Փոխարենը Մ. Գասպարյանը խոստացել էր իր նորակառույց շենքում պատրաստի բնակարան հատկացնել նրան։ Շենքը կառուցելուց հետո, սակայն, տվել է մի կիսաքանդ բնակարան, որը նորմալ վիճակի հասցնելու համար տանտերը սեփական սուղ միջոցներն էր ստիպված ներդնել։ Ինչ վերաբերում է պատգամավորի սեփական շենքին, ապա դա էլ, ըստ մեր ունեցած տվյալների, որոշակի օրինախախտումներով է կառուցվել։ Այսպես՝ մեջ ենք բերում նրանից տուժած մայրաքաղաքի Ֆիզկուլտուրնիկների թիվ 8 հասցեի բնակիչ Վրեժ Գրիգորյանի դիմումից մի հատված՝ ուղղված քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ (Ի դեպ, ո՛չ քաղաքապետը, ո՛չ էլ քաղաքապետարանի ճարտարապետության վարչության պետ Հրաչ Սարգսյանը, որին մակագրվել է քաղաքացի Վրեժ Գրիգորյանի դիմումը, մինչեւ օրս չեն պատասխանել պրն Գրիգորյանին)։ «Մելիք Գասպարյանն ու իր մերձավորները՝ գալով բանսարկությունների, անօրինական կերպով զավթել են տարածքներ, կառուցել բազմահարկ (9 հարկ) սեփական շենք՝ կոպիտ խախտելով քաղաքաշինության բոլոր անհրաժեշտ պահանջվող կանոնները, վտանգելով իմ տան անվտանգությունը։ Կրկին օգտագործելով իր բանսարկու, խաբեբայական բոլոր հատկանիշները՝ տիրանում է Ֆիզկուլտուրնիկների թիվ 6 հասցեի հողակտորին, որը մեզ է հատկացված՝ պլանից դուրս օգտագործման իրավունքով»։ Ի դեպ, այդ տարածքը, ուր մենք եղանք, Վրեժ Գրիգորյանի տան իրո՛ք միակ ելքն է «արտաքին աշխարհ»։ Այդ ելքը, որը նաեւ նորակառույց ֆրանսիական համալսարանի միակ ճանապարհն է, պրն Գասպարյանը համարում է իր սեփականությունը։ Եվ մինչ ֆրանսիացիներն ու Վրեժ Գրիգորյանը համաձայնության են գալիս այլ ճանապարհ բացելու մասին, պատգամավոր Գասպարյանն անմիջապես միջամտում է եւ արգելում՝ ներկայացնելով ինչ-որ փաստաթուղթ, որով իբր այդ ճանապարհն էլ է իր սեփականությունը։ Հիշեցման կարգով արդեն «Առավո՛տը» կարող է ասել, որ իր 9 հարկանի շենքը կառուցելուց առաջ պրն Գասպարյանը 97-ի մայիսի 30-ի առուծախի պայմանագրով գնել էր Երեւանի Ֆիզկուլտուրնիկների թիվ 8 (այլ ոչ թե 6) հասցեում գտնվող հողատարածքը (428 քմ), սակայն իրականում օգտագործել է 101 քմ հողատարածք։ Բանը հասել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Դատավորին պատգամավորը խնդրել է ապօրինաբար օգտագործված 588 քմ հողատարածքը սեփականության իրավունքով հատկացնել իրեն, ինչը եւ արվել է։ «Դատարանի վճռով Մ. Գասպարյանին են հատկացրել Ֆիզկուլտուրնիկների 8 հասցեն եւ, եթե մեր երկրում այդ վճիռն օրինական է, ինչո՞ւ է կադաստրը նրան հատկացրել՝ իբր թյուրիմացաբար, նաեւ Ֆիզկուլտուրնիկների 6 հասցեն»,- զարմացած էր Վրեժ Գրիգորյանը։ Ընդ որում, կադաստրին թյուրիմացության մեջ գցողը հենց պատգամավոր Գասպարյանն է, որը ասել է՝ իբր դատարանի վճիռը Ֆիզկուլտուրնիկների 6-ի մասին է, ոչ թե 8-ի։ Ճռճռան ֆրազներ գրել, թե օրենքներ ստեղծողն ինքն է խախտում օրենքները, եւ այլն, եւ այլն, անիմաստ է։ Պրն Գասպարյանի եւ նրա նմանների դեմ պայքարի առայժմ մի ձեւ գիտեն մեր հայրենակիցները. թողնել էս երկիրը Մելիք գասպարյաններին եւ հեռանալ։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել