Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 01,2000 00:00

«ԴԱ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԴԵՄԱԳՈԳԻԱ Է» «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի ընդունումը Եվրախորհրդին անդամակցելու պարտադիր պայմաններից մեկն է եւ այն պետք է ընդունվի անդամակցությունից հետո 6 ամսվա ընթացքում։ ԱԺ իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանն ասաց, որ այս ինստիտուտի գոյությունը եվրոպական մի քանի երկրներում Սկանդինավյան երկրների իրավական մշակույթի արգասիք է։ Այն պետություններում, որտեղ գործում են նման ինստիտուտներ՝ ամրագրված են այդ երկրների սահմանադրությամբ եւ որպես կանոն լինում են խորհրդարանին առընթեր կամ պաշտպանը հանդիսանում է խորհրդարանի պաշտոնատար անձ։ «Բոլոր դեպքերում խոսքը վերաբերում է սահմանադրական ինստիտուտին»,-ընդգծեց Վլ.Նազարյանը ավելացնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէ։ Բացի այս, պաշտպանը կամ օմբուդսմենը ոչ թե նշանակվում, այլ ընտրվում կամ հաստատվում է խորհրդարանի կողմից։ ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը համաձայնեց, թե իդեալական կլիներ, եթե Հայաստանում էլ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվեր կամ հաստատվեր խորհրդարանի կողմից։ Սակայն, ըստ նրա, գործող Սահմանադրությունը մեզ այդպիսի հնարավորություն չի տալիս. «Այս Սահմանադրության պայմաններում մենք չենք կարող նորմալ օրենք ունենալ։ Սա աքսիոմա է»։ Այս մոտեցումը, թերեւս, սուբյեկտիվ է։ Բոլորս գիտենք, որ Պ.Հայրիկյանը գործող ԱԺ-ն համարում է ոչ լեգիտիմ, իսկ նախագահին՝ օրինական։ «Հայ փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Տեր-Եսայանն էլ կարծիք հայտնեց, թե այս ինստիտուտի ներդրումն, անշուշտ, ավելորդ չէ, եթե միայն գործնականում այն կիրառվի. «Հակառակ դեպքում ամենալավ օրենքն անգամ կդառնա սովորական թուղթ»։ Այլ եւ կտրուկ էր Վլ.Նազարյանի տեսակետը. «Բանն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետական բոլոր մարմինների եւ պաշտոնատար անձանց առաջնահերթ պարտականությունն է։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ երրորդ՝ դատական, իշխանությունն է առաջին հերթին կոչված պաշտպանելու մարդու իրավունքները։ Իր իրավունքների ոտնահարման փաստերի դեպքում վերջինիս իրավունք է վերապահված դիմել առաջին ատյանի, ապա նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությանը մասնակցում են նաեւ փաստաբաններ։ Մարդկությունն առ այսօր մարդու իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակ, քան դատականն է՝ չի գտել։ Այլ է, որ անհրաժեշտ է բարեփոխել դատաիրավական համակարգը, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորման տեսանկյունից վերանայել Քրեադատավարական եւ Քաղաքացիական դատավարական օրենսգրքերը ու ավելի լայն երաշխիքներ եւ իրավունքներ սահմանել մարդու իրավունքների պաշտպանության համար»։ Մյուս կողմից պարոն Նազարյանը տեսակետ հայտնեց, թե չի կարելի կարծել, թե պետական իշխանության բոլոր ճյուղերը՝ ներառյալ դատականն ու գործադիրը՝ մարդու իրավունքների ոտնահարողներ են, իսկ պաշտպանը՝ հրեշտակ։ Մեր երեք զրուցակիցներն էլ, ըստ էության, համաձայն էին, որ այս ինստիտուտը կարող է դառնալ կոռուպցիայի եւ կաշառակերության եւս մեկ սուբյեկտ։ «Տպավորություն է ստեղծվում, թե այս օրինագծով ՀՀ նախագահին կից մի նոր հանձնաժողով կամ վերահսկողության ծառայություն է ստեղծվում»,- նկատեց Տ.Տեր-Եսայանը՝ անդրադառնալով պաշտպանի իրավասություններին եւ լիազորություններին։ Բանն այն է, որ օմբուդսմենին 5 տարի ժամանակով նշանակում եւ աշխատանքից ազատում է ՀՀ նախագահը։ Սա, ըստ էության, հակասում է օրինագծի այն հոդվածին, որտեղ ամրագրված է, թե պաշտպանն անկախ է։ Դժվար թե նախագահի կողմից նշանակվելու եւ պաշտոնազրկվելու պարագայում պաշտպանն անկախ լինի։ «Պաշտպանը գործի բերումով առօրյա կոնֆլիկտների մեջ է մտնելու գործադիր իշխանության հետ, որի ղեկավարը հենց ՀՀ նախագահն է»,- ասաց Տ.Տեր- Եսայանը։ Նման մտավախություն ուներ նաեւ Պ.Հայրիկյանը. «Նախագահի ազդեցության վտանգը կա նաեւ այսօր։ Մեր հանձնաժողովը նախագահին առընթեր է, բայց շնորհիվ այն բանի, որ նախագահն իր ազդեցությունը չի փորձում կիրառել, հանձնաժողովի անդամները շարունակում են աշխատել»։ Թե որքանով է պարոն Հայրիկյանի փաստարկը տեղին եւ ճշմարիտ՝ առանձին հարց է։ Ավելի անհանգստացնող փաստն այն է, որ, ի վերջո, Հայաստանում օմբուդսմենը գործնականում ենթակա է ազդեցության։ Հարցը միայն նրան նշանակած նախագահի բարի կամքն է եւ քաղաքացիական ու պետական գիտակցությունը։ Ըստ օրինագծի՝ «Պաշտպանը քննարկման չի կարող վերցնել այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով»։ Պարոն Տեր-Եսայանը վստահեցրեց, թե վեճերի գրեթե 90 տոկոսը ենթակա է դատական կարգով քննարկման։ Ավելին, Վլ.Նազարյանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության թիվ 38 եւ 39 հոդվածները, ասաց, թե գոյություն չունի մարդու իրավունքների ոտնահարման որեւէ ոլորտ, որը դատական կարգով լուծելի չլինի. «Սահմանադրությունն ու օրենքները սահմանել են մարդու իրավունքների համապարփակ դատական պաշտպանության իրավունք»։ Օրինագծում նշվում է նաեւ, թե պաշտպանը քննում է ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի դիմումը, որն ուղղված է պետական մարմնի կամ պետական պաշտոնյայի դեմ, բայց չգիտես ինչու, իրավունք չունի քննելու պետական պաշտոնյայի կամ մասնավոր իրավաբանական անձի ներկայացրած բողոքները։ Ըստ էության, մարդիկ զատվելու են առանձին կատեգորիաների, որոնց մի մասին պաշտպանը կարող է պաշտպանել, մյուսին՝ ոչ։ Պաշտպանն իր աշխատակազմում ունենալու է անհրաժեշտ մասնագետներ, փորձագետներ եւ այլն, որոնք ֆինանսապես պահելու համար, ըստ պարոն Նազարյանի, հսկայական գումարներ են պահանջելու։ Մի բան, որ մեր երկիրը չունի՝ անգամ բյուջեի ճեղքվածքը համալրելու համար։ «Սա պետություն է պետության մեջ, դատական համակարգ՝ դատական համակարգի ներսում»,- ասաց Վլ.Նազարյանը։ Պաշտպանին վերապահված լայն լիազորությունների մասին խոսեց նաեւ Պ.Հայրիկյանն ու ասաց, թե ինքը երկրներ գիտե, որտեղ օմբուդսմենը դարձել է մաֆիայի պարագլուխ՝ «Դրա համար կա խորհրդարանական վերահսկողություն»,- ասաց նա միաժամանակ հիշելով, որ այս օրինագծում պաշտպանը որեւէ մեկին հաշվետու չէ։ Օրինագիծն ընդհանուր առմամբ շատ խճողված եւ հակասական դրույթներ է պարունակում, սակայն դրա կուլմինացիոն պահն այնտեղ էր, որտեղ սահմանված է պաշտպանի գործունեության երաշխիքները։ Պարզվում է, որ պաշտպանն օժտված է անձեռնմխելիության իրավունքով, որ, ի դեպ, տարածվում է նաեւ նրա ուղեբեռների, օգտագործած կապի միջոցների եւ այլնի վրա։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, նրան չեն կարող կալանավորել կամ ձերբակալել, նրա բնակարանը չեն կարող խուզարկել՝ առանց ՀՀ նախագահի համաձայնության։ Տարօրինակն այն է, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերն այսօր հանդես են գալիս պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի դեմ, բայց այս դեպքում նման արտոնություն, չգիտես ինչու, վերապահվում է պաշտպանին։ Եվ ընդհանրապես՝ «Այս օրենքն անհրաժեշտ է հասարակական քննարկման ներկայացնել։ Դա դեմագոգիա է եւ հարմարեցված է ինչ-որ մեկի անձնական ակնկալիքներին»,- եզրափակեց Վլ.Նազարյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել