Ականատեսների վկայությամբ, պետական գույքի տնօրինման նախարար Դավիթ Վարդանյանը երեկոյան ժամերին սկսել է հաճախ չօգտվել ծառայողական մեքենայից եւ ոտքով տուն գնալ։ Գովելի է, իհարկե, հասարակ մահկանացուների հետ անձամբ շփվելու եւ բենզին խնայելու՝ նախարարի մղումը։ Սակայն, նույն ականատեսների վկայությամբ, ճանապարհները նախարարին ոչ թե տուն, այլ Թումանյան փողոցում գտնվող նորաբաց «Royal» կազինո են տանում։
Իրազեկ աղբյուրները պնդում են, թե 2-3 ամիս առաջ կարկառուն ԱԺՄ-ականն իր վաղեմի խաղընկեր Ծգլի կազինոյին («Royal»-ին) պարտք էր արդեն $120.000։ Սակայն այդ հանգամանքը չի սառեցրել պրն Վարդանյանի ազարտը, եւ 4 օր առաջ նա ուռած աչքերով կրկին առավոտյան ժամը 6-ի կողմերն է դուրս եկել կազինոյից։ Խաղացողները պնդում են, թե նախարարը երբեմն այնքան է նեղն ընկնում, որ հանդիպածից (նաեւ՝ մի քանի պատգամավորներից) խաղալու փող է ուզում։ Ինչպես հայտնի է, վերջերս սեփականաշնորհվել է Սանկտ Պետերբուրգի կոնյակի գործարանը։ Գործարանը գնահատվել է $600.000, սակայն հասել է ոմն Լեւ Լեւանովին ընդամենը $270.000-ով։ Գուցե կազինոյի $120.000 հենց այս Լեւանովն է փակել, ինչն ավարտվել է առատ կերուխումով եւ Դավիթ Վարդանյանի հետ ջերմ պաչ-պռոշտիներով։
ԱԺՄ-ականները երկար ժամանակ եւ մեծ խանդավառությամբ պայքարում էին նախորդ հանցավոր ռեժիմի այլասերված գործիչների դեմ։ Այսօր, երբ ԱԺՄ-ականները հասել են իրենց «մուրազին» (իշխանական լծակներին), կարելի է փոքր-ինչ թուլանալ։
ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱ՞Ն
Մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձի գործով կալանավորվածներից մեկն էլ Սասուն Աղաջանյանն է, որ Սամվել Բաբայանի թիկնազորի պետն էր։ Սասուն Աղաջանյանին, ըստ մեր տեղեկությունների, Ղարաբաղի մեկուսարանից տեղափոխել են Հայաստանի հոգեբուժական հիվանդանոցներից մեկը։ Որքանո՞վ է այս լուրը համապատասխանում իրականությանը եւ, թե ինչո՞ւ ու կոնկրետ ո՞ր հիվանդանոցում է նա գտնվում, պաշտոնական աղբյուրների միջոցով ճշտել, առայժմ, չի հաջողվել։
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Հ. Ասրյանի, Ասողիկ Արիստակեսյանի եւ մյուսների գործով Էջմիածնի առաջին ատյանի դատարան երկու օր առաջ ներկայացել էր գնդապետ, ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Վաղարշակ Ավետիսյանը։ Նա, ըստ էության, քաղհայց չի ներկայացրել։ ՊՆ-ն առաջնորդվել է մեղադրական եզրակացության մեջ առկա թվերով եւ պահանջում է… 402 հազար ԱՄՆ դոլար գումար։ Երեկ մինչեւ ժ. 14-ը սպասեցինք, թե դատական հերթական նիստին կներկայանան ՊՆ ներկայացուցիչը, վկաները։ Նրանք չներկայացան եւ, բնականաբար, նիստը տեղափոխվեց երկուշաբթի։
Սեփ. լր.