Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 01,2000 00:00

ՏՀԱՃ ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ Թերեւս այն խնդիրները, որոնց վերաբերյալ կառավարության նիստի ընդմիջմանն «Առավոտը» մեկնաբանություններ էր խնդրում նախարարներից՝ այնքան էլ հաճելի չէին նրանց համար։ Ուստի մեծ մասամբ նախընտրում էին կարճ ու «ցրողական» պատասխաններ տալ։ Լեոնիդ Հակոբյան. Կուսակցական աջաբսանդալ – Օրերս տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող փոխնախարար նշանակվեց Լաերտ Հովհաննիսյանը, որ ՀՅԴ առաջադրած թեկնածուն է։ Հե՞շտ է կոմունիստի համար դաշնակցական տեղակալ ունենալը։ – Ոչ մի պրոբլեմ չկա եւ չի կարող լինել կառավարությունում։ Մենք ընդհանուր խնդիր ենք լուծում։ Եվ կարծում եմ, որ ի վիճակի կլինենք բոլոր կուսակցություններով, որ ներկայացված կլինեն նախարարության ղեկավարության կազմում՝ լուծել այն հարցերը, որոնք դնում են մեր առջեւ կառավարությունը եւ նախագահը։ – Այնուամենայնիվ, մի 10 տարի առաջ կարո՞ղ էիք պատկերացնել, որ գաղափարական հակառակորդ կուսակցության ներկայացուցչի հետ նույն խնդիրներն եք փորձելու լուծել։ – Գիտեք ինչ կա՝ ես չեմ ուզում հիշել, թե ինչ է եղել։ Դա մեզ ճիշտ ուղու վրա չի դնի։ Ես ապագային եմ նայում։ Կարծում եմ, որ մենք հանգիստ կաշխատենք։ – Ձեր խորհրդականի միջոցով հնարավոր չեղավ պարզել, թե ինչ դիրքորոշում ունեք բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ։ Գուցե հիմա՞ հայտնեք։ – Դա առանձին թեմա է։ Դրա մասին առանձին կխոսենք։ – Կոմունիստ պատգամավորները վստահ են, որ նույն կերպ եք վերաբերվում այս սեփականաշնորհմանը, ինչպես իրենք։ – Դրա մասին մենք առանձին կխոսենք։ Դա հատուկ թեմա է։ Էդուարդ Ղազարյան. Անկումների սարսափից – Ճիշտ է, հերքել էիք հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, բայց վարչապետն իր մամուլի ասուլիսում հաստատեց, թե ՀԺԿ-ի ներկայացուցիչ նախարարների մակարդակով փոփոխություններ են հնարավոր։ Այժմ արդեն անգամ Ձեզ հնարավոր հաջորդողի անունն է շրջանառության մեջ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին։ – Շատ նորմալ։ Եթե փոփոխության անհրաժեշտություն լինի՝ ես շատ նորմալ կընդունեմ։ – Ընդունո՞ւմ եք արդյոք, որ Ձեր աշխատանքի գնահատականը կլինի այդ հեռացումը, թե՞ սա համարում եք զուտ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանք։ – Ես չգիտեմ՝ ինչ ձեւակերպումով կլինի։ Եթե անհրաժեշտություն առաջանա փոփոխելու՝ այդ ժամանակ նոր կարող եմ տալ իմ գնահատականը։ – ՀԺԿ-ի թեկնածու մեկ այլ նախարար՝ Զավեն Գեւորգյանը, հրապարակավ հորդորեց իր կուսակցությանը ձեռնպահ մնալ ընդդիմադիր դաշինք կազմելուց։ Դուք չե՞ք պատրաստվում նման հայտարարություններ անել։ – Ես քաղաքական դաշտում չկամ ընդհանրապես։ Ռոլանդ Շառոյան. Պարտիզանական համառություն – Դուք հեռացվեցիք ՀՅԴ շարքերից, քանի որ, պաշտոնական պատճառաբանությամբ, կուսակցությունը նախընտրում էր ձեռնպահ մնալ կառավարությանը մաս կազմելուց։ Սակայն դրանից հետո ՀՅԴ-ն ավելի մեծ թափով սկսեց ներգրավվել գործադիր իշխանության մեջ՝ երկու փոխնախարարի պաշտոն ստացավ, մի փոխմարզպետի։ Սա բացատրելի՞ է Ձեզ համար։ – Մի առիթով ասել եմ, որ Դաշնակցությունից հեռացնելը ներկազմակերպական, կանոնագրային հարց է։ Ձեր հարցի մնացած մասին, ամենայն հավանականությամբ, կարող է պատասխանել այն մարմինը, որն ինձ հեռացրել է։ – Մենք այդ հարցի պատասխանը ստացել ենք այդ մարմնից՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչից։ Հետաքրքրական է նաեւ Ձեր մեկնաբանությունը։ – Իմ մեկնաբանությունը նորից եմ կրկնում։ Եթե Դուք մեկ օր Դաշնակցության երդվյալ անդամ եղած լինեիք, ապա կհասկանայիք, որ ինձ Դաշնակցությունից հեռացնելը ներկազմակերպական, կանոնագրային հարց է եղել։ Դավիթ Վարդանյան. Հակադրությունների միասնություն – ԱԺՄ-ի սկզբունքների շուրջ բանավեճում, որ վերջին շրջանում մամուլ տեղափոխվեց, անընդհատ այս կամ այն կերպ նաեւ Ձեր անունն է շոշափվում. որպես կուսակցության մեջ առավել իշխանամետ տրամադրություններ ունեցող թեւի ներկայացուցչի։ Բնութագրումը ճշգրի՞տ է։ – Ես հիմա ԱԺՄ վարչության անդամ չեմ։ Հնարավորության դեպքում՝ մասնակցում եմ քննարկումներին։ Կլինի համագումար՝ ԱԺՄ-ն իր դիրքորոշումները կհստակեցնի։ Իհարկե, ԱԺՄ-ում կան տարբեր տեսակետներ, թե մոտակա ժամանակահատվածում ինչպիսի մարտավարություն ընտրենք։ Վեճը դրա շուրջ է։ – Երբ լսում եք Արշակ Սադոյանի հայտարարությունները, թե սա թալանչիների կառավարություն է, որը հօգուտ ժողովրդի որեւէ քայլ չի արել՝ դրանք Ձեզ ընդունելի՞ են թվում։ – Իհարկե, ո՛չ։ Արշակ Սադոյանին բոլորս ծանոթ ենք, լավ գիտենք։ Ես նրան ճանաչում եմ 30 տարի, մենք ընկերներ ենք։ Եվ շարունակում ենք մնալ ընկերներ։ Նրան հատուկ է հարցը ծայրահեղության հասցնելու ոճը։ Այդ տեսակետից՝ ես նրա ասածները բառացի կամ այնպես, ինչպես ասել է՝ չեմ ընդունում։ Եվ ավելի հանգիստ պայմաններում ենք այդ հարցերը քննարկում։ – Իսկ համաձա՞յն եք նրա այն տեսակետին, որ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման ԱԺՄ-ի կողմնակիցներն ուղղակի ապատեղեկացված էին։ – Ո՛չ, իհարկե։ Ե՛վ Սեյրան Ավագյանը, ե՛ւ ես այդ ցանցերի սեփականաշնորհման հանձնաժողովի անդամներ էինք։ Այնպես որ, ճիշտ չէ ասելը, թե մենք տեղեկատվության պակաս ունենք։ Ուղղակի տեսակետների տարբերություն է։ Նույն տեղեկատվության պայմաններում մարդիկ կարող են տարբեր որոշումներ կայացնել, սա պայմանավորված է նրանց մտածելակերպով։ Հարցազրույցները վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել