Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 31,2000 00:00

Սովորենք առաջնորդվել փաստերով «Հայոց աշխարհ» օրաթերթի օգոստոսի 24-ի համարում տպագրված՝ «Ում էր ձեռնտու Խոռխոռունու սպանությունը Սամվել Բաբայանի վրա բարդելը» հոդվածը, թերեւս, մի նպատակ ուներ՝ ընթերցողի ուշադրությունը սեւեռել վերջին երկու պարբերության վրա։ 1. Վ. Խոռխոռունու սպանության մեջ կասկածվող Նարիմանյանը, իբր, ծանոթ է Արծրուն Մարգարյանի հետ։ 2. Խոռխոռունին սպանվելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Որեւէ կապ տեսնո՞ւմ եք այս երկու փաստերի մեջ։ Ես Նարիմանյանի հետ ծանոթ չեմ։ Եզրահանգման մեջ տրամաբանություն կա՞, ես չեմ տեսնում։ Փորձեմ շարադրել մի քանի նկատառում։ Նախ, «զուգահեռներ» անցկացնելուց առաջ առաջարկում եմ հետեւել դեպքերի զարգացման, գործերի նախաքննության ժամանակաշրջանին։ 1999 թ. փետրվարին, երբ Հայաստանի դատախազությունը Վ. Խոռխոռունու սպանության գործի քննությունը վերցրեց իր վարույթ, հանրապետության գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, ՆԳ եւ ԱԱ նախարարը՝ Սերժ Սարգսյանը, իսկ ես Ազգային ժողովի պատգամավոր էի։ Ես այնքան ազդեցություն չունեի, որ որեւէ գործի քննությունը եւ՝ հատկապես այսպիսի (հիշեցնեմ՝ խոսքը պաշտպանության փոխնախարարի սպանության մասին է), ուղղորդեի որեւէ հետքի վրա, առավել եւս «բաբայանական»։ Նարիմանյանից սուտ կամ ճիշտ ցուցմունքներ կորզողը ես չէի եւ չեմ, քննիչի ղեկավարն էլ ես չէի եւ չեմ։ Սամվել Բաբայանի հետքի վրա տանողներին այլ տեղ փնտրեք, ակնհայտորեն այնտեղ էլ կգտնեք այն հարցի պատասխանը, թե ո՞ւմ էր ձեռնտու Խոռխոռունու սպանությունը Սամվել Բաբայանի վրա բարդելը։ Իսկ ինձ համար ընդունելի է ցանկացած հետք, միայն թե դա լինի միակ ճշմարիտն ու անհերքելի փաստերով ապացուցվածը, որ պատժվեն ոչ թե ծեծված եւ «փոքր սռոկի» խոստումով կաշառվածները, այլ իրական հանցագործները։ Ինչ վերաբերում է հեռախոսազրույցներին, ապա, ի գիտություն. իմ բոլոր ընկերները եւ՝ հատկապես մտերիմ ընկերները, ինձ զանգահարում էին եւ են ամեն օր, օրը մի քանի անգամ, օրվա ցանկացած ժամի։ Իսկ Վ. Խոռխոռունին եւ Ա. Մարգարյանը իմ մտերմագույն ընկերների շարքում են։ Հաստատ։ Պարզ է, որ ձեր դոսյե-կոմպրոմատներում իմ մասին ոչինչ չկա, ուստի մնում է ձեռքներդ գցեք փրփուր-հեռախոսազրույցներին։ Ի դեպ, իրավապահներն այդ մտասեւեռումներին տարիուկես հաստատ չեն սպասել։ Իմ հեռախոսազրույցները, հատկապես ձեզ այդքան տանջող վերջինը, մանրամասնորեն, լրջորեն ուսումնասիրվել են։ Կարող եք ճշտել։ Խորհուրդ կտայի չմոռանալ. այն անհայտները, որոնց մասին գրում եք, այս երկրի համար պատահական մարդիկ չեն։ Ա. Մարգարյանը, Վ. Խոռխոռունին ուժային կառույցների փոխնախարարներ էին, մեծ ներդրում ունեին բանակի կայացման գործում։ Նրանց ողբերգական մահն այսօր վերածել քաղաքական շոուի, առնվազն անբարոյական է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարելի է հասկանալ Անդրանիկ Քոչարյանին ամեն կերպ վարկաբեկելու ոմանց մոլուցքը։ Նրանց համար այս քաոսի մեջ պարզ է միայն մի բան՝ ես երբեք չեմ զիջի դիրքերը, ես շարունակաբար կպայքարեմ, որ իմ ընկերների ակնհայտ սպանությունները չորակեն ինքնասպանություն, որ դրանք չկոծկվեն, որ մանրակրկիտորեն մտածված, ակնհայտորեն պատվիրատուներ ունեցող ստոր ահաբեկչությունը չդառնա «մի խումբ» ռոմանտիկների ինքնագործունեություն։ Ես չեմ նահանջի, չեմ ծախվի, չեմ խոնարհվի եւ, նույնիսկ, անտարբեր չեմ դառնա։ Համոզված եղեք։ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել