Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 31,2000 00:00

«ԹՈՂ ԳՆԱՆ ԵՎ ԽՄԵՆ ԾՈՎԸ» Ներկա իշխանություններին առաջարկում է Ազատ Արշակյանը, որ իրեն նախկին իշխանություն է համարում։ Չնայած, որքան հիշում ենք՝ նախկինում մեծ իշխանավոր չէր։ -Բավական հաստատուն գտնվեցիք քաղաքականությունից հեռանալու Ձեր որոշման մեջ։ Ի տարբերություն, ասենք, Աղասի Արշակյանի, որ մի քանի անգամ ազդարարել էր, թե այլեւս չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց… Իսկ Ձեզ հե՞շտ է հաջողվում այդ որոշմանը հավատարիմ մնալ։ – Դա մասնագիտություն է։ Իսկ մասնագիտությունից հրաժարվելը միշտ էլ ծանր է։ Քաղաքականությունն իմ սիրած մասնագիտությունն է (կարեւոր չէ, թե ես լավ կամ վատ եմ տիրապետում դրան)։ Մեծ դժվարությամբ այդպիսի վճիռ կայացրի, հասկանալով, որ հրաժարվում եմ այն բանից, որին տիրապետում եմ։ Բայց պատճառը շատ օբյեկտիվ եմ համարում եւ հիմա էլ չեմ զղջում այդ որոշումը կայացնելու համար։ Կայունությունը հեշտությամբ է ինձ տրվում, քանի որ այն պատճառները, որոնք ստիպեցին ինձ հեռանալ ակտիվ քաղաքական կյանքից՝ դեռեւս գոյություն ունեն։ – Որո՞նք են այդ պատճառները։ – Դրանք այսպես կձեւակերպեի. նախ՝ պարտությունը։ Ես համարում եմ, որ մենք պարտություն կրեցինք։ Իմ նպատակը չի եղել վաղաժամկետ հեռանալ քաղաքականությունից եւ ձախողել այն ծրագրերը, որ ուներ իմ կուսակցությունը կամ կուսակցությունների խումբը, որի հետ միացած էինք։ Կարճ ասած, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ինձ համար անսպասելի էր եւ անցանկալի։ Դա պարտություն եմ համարում։ Գտնում եմ, որ այդպիսի արդյունք ստանալուց հետո, բնական է, պիտի հրաժարվեի, հեռանայի, ասպարեզը թողնելով նոր մարդկանց, մեզանից հետո եկողներին, մեզ քննադատողներին։ Անպայման ինքս նաեւ պետք է ժամանակ ունենայի խորհելու մեր արածների մասին։ Եվ երրորդ ու ամենակարեւոր պատճառն էր՝ չկա այն անձնավորությունը, որն ինձ կհրավիրի քաղաքականություն, կհրավիրի ի գործ։ Որեւէ առաքելություն հիմա չունեմ քաղաքականության մեջ. ես պետք է անեմ այն, ինչ ուրիշները չեն անում։ – Քրիստոնեա-դեմոկրատական միությունը «Հանրապետություն» միավորման մի մասնիկն էր ընդամենը։ Ծրագրերի ձախողման ամբողջական պատասխանատվությունը ստանձնելն անհարկի ծանր բեռ չէ՞ Ձեր ուսերի համար։ Մի՞թե չէիք կարող «Հանրապետության» մեկ այլ մասնիկի՝ ՀՀԿ-ի պես, թեթեւությամբ, կարծես այդ ամենում որեւէ դերակատարություն չունեք էլ, քննադատել նախորդներին։ – Ծանր հարց է։ Բայց պետք է խոսեմ իմ մասին։ Իմ բաժին պատասխանատվության տերն եմ, պատրաստ եմ իմ արածների ու չարածների համար պատասխան տալ։ Ու նաեւ դրա համար դուրս եկա, որ ազատ լինեն։ Այսինքն, կուսակցությունն էլ կարողանա գնահատել իմ արածը։ Եթե սխալներ են եղել՝ պաշտոնապես չպիտի կարողանամ կաշկանդել կարծիք հայտնելու նրանց ազատությունը։ Իմ ընկերները նույնպես կարող են ազատ զգալ իրենց եւ անել այն, ինչ-որ ես չեմ արել։ Անկեղծ ասած, տեղյակ չեմ, բայց որեւէ հակաազատական շարժում չկա կուսակցությունում, ինչքան գիտեմ։ Փառք Աստծո, մինչեւ հիմա անձամբ ինձ որեւէ լուրջ մեղադրանք չի առաջադրվում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ, Աստված մի արասցե, քրեական՝ որպես նախկին իշխանավորի։ Նաեւ մի ուրիշ կողմ ունի իմ հեռանալը. գտնում եմ, որ եթե մենք սխալվել ենք, եթե նոր իշխանավորներն անելիք ունեն՝ թող անեն, չեմ ուզում նրանց խանգարել։ Անկեղծորեն գտնում եմ, որ խանգարողները ճիշտ են։ Ճիշտ են նրանք, ովքեր քննադատում են այս իշխանությանը եւ պայքարում նրանց դեմ՝ ես նրանց հասկանում եմ եւ, որոշ իմաստով, նախանձում այդ եռանդին։ (Ինձ համար ծանր է Հայաստանի իշխանավորների դեմ պայքարելը)։ Մարդիկ գուցե նաեւ սխրանք են գործում, երբ ըմբոստանում են այս իշխանության դեմ, բայց ինձ համար ավելի ընդունելի է, երբ նրանց հնարավորություն եմ տալիս երկիրը ոտքի կանգնեցնելու, տնտեսությունը լավացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, արտագաղթը դադարեցնելու։ Դրա համար 5 տարի ժամանակ են ստացել՝ թող կատարեն իրենց խոստումները։ Ես չեմ ուզում նրանց խանգարել։ – Չնայած համամիտ եք քննադատողների հետ, բայց այն սակավ առիթներով, երբ հրապարակավ դիրքորոշում եք արտահայտել՝ պաշտպանել եք կառավարությանը։ Ինչպես պաշտպանեցիք Անդրանիկ Մարգարյանին, երբ բոլորը՝ անգամ շատ նախկին քաղկալանավորներ, մեղմ ասած, հոռետեսորեն էին տրամադրված նրա նշանակման կապակցությամբ։ Այժմ, 100 օր անց, համարո՞ւմ եք, որ այդ պաշտպանությունն իզուր չէր։ – Նախ, 100 օրը չափազանց քիչ ժամանակ է կառավարության գործունեության մասին կարծիք կազմելու համար։ Համենայն դեպս, խորը, սուր, հիմնավորված քննադատություն Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ դեռեւս չկա։ Գովեստներ էլ չկան, որովհետեւ ժամկետը դարձյալ քիչ է։ Խիստ վաղ է որպես վարչապետ նրա գործունեության մասին որեւէ բան ասելը։ Անդրանիկ Մարգարյանն իմ ընկերն է։ Ես կողմ եմ, որ քաղաքական հարաբերություններում նույնպես կարեւոր դեր կատարեն մարդկային հարաբերությունները։ Քաղաքականությունը մեզ չպիտի ստիպի մոռանալ մյուս բոլոր արժեքները, որոնցով մարդիկ ապրում են։ Մենք զինակիցներ ենք եղել։ Ազգային միացյալ կուսակցության քաղաքական խորհրդի բազմաթիվ անդամներից մնացել ենք 3-4-ը։ Բնական է, որ հենց այնպես չեմ համաձայնի նրան քննադատել։ Եվ բնական եմ համարում, որ նրան պետք է պաշտպանեմ որպես ընկեր։ Ես նրա քաղաքական վճիռներին եւ վարչապետական ծրագրերին երբեք չեմ անդրադարձել։ Անկախ կուսակցականությունից՝ նա նաեւ մերն է։ Ես դա ոտնձգություն եմ համարում ինչ-որ իմաստով նաեւ իմ դեմ, որպես նախկին քաղկալանավոր՝ մերոնցից մեկին թույլ չեն տալիս, որ նա աշխատի։ Դեռ ոչինչ չեն տեսել, բայց արդեն դեմ են՝ այ, դա է ինձ անհանգստացնում։ Իհարկե, հակասություն կա իմ վարքագծում։ Ընդունում եմ, որ հակասական է խառնել անձնականը եւ քաղաքականը։ – Ասացիք, թե չկա այն անձնավորությունը, որ ի գործ կհրավիրի։ Սակայն Անդրանիկ Մարգարյանն իշխանական կառույցներում ներգրավեց ձեր սերնդի մի քանի այլախոհների՝ Ռազմիկ Մարկոսյանին, Շողիկ Ասոյանին։ Ձեզ աշխատանքի որեւէ առաջարկ չի՞ արվել։ – Իշխանափոխության առաջին իսկ օրվանից հայտարարել եմ, որ հավատարիմ եմ մնում այն գաղափարներին, ծրագրերին, թիմին, որի հետ սկսել եմ։ Այդ իմաստով, ինձ չի կարելի այստեղ հրավիրել։ Ես կուզենայի աշխատել, բայց ես չեմ ուզում լինել «արհեստավարժ»։ Պետական պաշտոնյաների համար շատ կարեւոր է, որ գործընկերներ լինեն եւ նույն ծրագրի մարդիկ։ Ես ակնհայտորեն այլ՝ նախորդ իշխանության թիմի ներկայացուցիչ եմ։ – Ռոբերտ Քոչարյանն արդեն անցել է իր պաշտոնավարման ժամկետի կեսը եւ սա բավարար է գնահատելու համար, թե արդյոք նա կատարո՞ւմ է իր խոստումները։ – Ռոբերտ Քոչարյանը ժամկետներ չի նշել, որ, ասենք, մի տարում կկառուցի Դավիթաշենի կամուրջը։ Ըստ երեւույթին, կկառուցի դեռ՝ մեծ ողբերգություն չէ։ Բայց քաղաքական խոստումների համար դեռ ժամանակ ունի։ Էլի շուտ է՝ կարող է վերջին 100 օրվա՞ մեջ կկատարի խոստումները։ Իրատես լինենք՝ ես գիտեմ, որ չի կատարելու։ Գիտեմ, որ մեզ քաղաքականությունից հեռացնելը ճիշտ չէր։ Դա ասել եմ՝ կրկնելու կարիք չկա։ – Իմիջիայլոց, Դավիթաշենի կամրջի համար ժամկետ նշված էր։ Որոշակի էին նաեւ այլ խոստումները՝ երկքաղաքացիության, ավանդների փոխհատուցման մեխանիզմներ մշակելու վերաբերյալ եւ այլն։ – Այն ժամանակ էլ պարզ էր, որ չի լինի դա։ Եթե հնարավոր լիներ՝ մենք կանեինք։ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է իրականացնել այնպիսի բաներ, որոնց անհրաժեշտությունը մենք էլ էինք տեսնում։ Բայց գիտեինք, որ հնարավոր չէ ու դրա համար չէինք խոստանում։ Հնարավոր լիներ՝ կկատարեինք ու իշխանությունից էլ չէինք հեռանա։ Բայց որ այժմ խոստացել են՝ ուրեմն պետք է կատարեն։ Թող նրանք էլ ազատագրեն Նախիջեւանը, Կարսն ու Արդահանը։ Վերացնեն կոռուպցիան եւ հանցագործությունները։ Թող գնան եւ խմեն ծովը։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել