Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՎԵՔ ԻՆՁ ՀԵՆՄԱՆ ԿԵՏ ԵՎ ԵՍ ԿՓՐԿԵՄ ԱՇԽԱՐՀԸ

Օգոստոս 31,2000 00:00
Artashat

Երեկ Արտաշատում տեղի ունեցած «Հանդիպում հայ ազգային մտավորականների հետ» միջոցառումը, որի կազմակերպիչն ու գլխավոր հյուրն էր «21-րդ դար» հասարակական կազմակերպության նախագահ եւ, ինչպես ինքն արտահայտվեց, «ունեւոր մարդ եւ բիզնեսմեն» Արկադի Վարդանյանը։ Նրա խոսքերով, ինքն իր հաճույքի համար չէր եկել Արտաշատ՝ զրուցելու գյուղացիների հետ, փոխարենը նա կարող էր ժամանակ անցկացնել իր ընտանեկան ջերմ միջավայրում, բայց հասկացավ, որ պետք է գործել եւ փորձել փրկել Հայոց աշխարհը։

Նրա կարծիքով, «պետությունը չի կարող բարգավաճել, քանի դեռ մեր իշխանական վերնախավը գաղափար չունի պետական ղեկավարման եւ ընդհանուր կառավարման փիլիսոփայության մասին, կամ, ասենք, քանի դեռ մեր Ազգային ժողովի պատգամավորներին ճանաչում են մականուններով»։ Նա շատ մտահոգված էր նաեւ Հայաստանում արտագաղթի խնդրով եւ վերջերս նույնիսկ հրապարակել է մի գիրք՝ «Հայերն արդյոք ապրելո՞ւ են հայկյան երկրում» վերնագրով։ Դե, իսկ գյուղացիների հոգսերն էլ բազմաթիվ եւ բազմաբնույթ էին։ Մի մասը մտահոգված էր ջրի պրոբլեմով եւ բողոքում էր, որ արտերը չորանում են, մյուսները բորբոքված վերհիշում էին թալանչիներին, որոնք քանդեցին մեր երկիրը եւ երաշխիք էին պահանջում պրն Վարդանյանից, որ, իշխանավոր դառնալու դեպքում, թալանչի չի դառնա։ Կային նաեւ այնպիսիք, որոնք իրենց վրդովմունքն էին արտահայտում ընտանիքի պլանավորման գրասենյակների դեմ եւ մեղադրում, թե. «Ինչ են մեր կնանիքին ստիպում, որ դեղ խմեն՝ էրեխա չունենան։ Յանիմ հայ ա մնացե՞լ, մեկ էլ ուզում են, որ քիչ ծննդաբերեն»։

Իսկ վերջում գյուղացիներից մեկը, երեւի վերհիշելով հանդիպման նպատակը, առաջարկեց, որ պրն Վարդանյանը ներկայացնի որեւէ ծրագիր, որին ի պատասխան, պրն Վարդանյանն ասաց. «Ես պետք է թիկունքում ունենամ համախոհներ, որոնք պատրաստ կլինեն քայլել իմ հետեւից մինչեւ վերջ, եւ հետո միայն խոսել ծրագրեր մշակելու մասին»։ Նա նույնիսկ հայտարարեց, թե կարող է գրազ գալ եւ գրել մի քանի ազգափրկիչ ծրագրեր, բայց «դա անիմաստ կլինի, քանի դեռ չենք համախմբվել»,- ավարտեց նա։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ՎԻԶԱՆԵՐՈՎ

Igor ivanov

Ինչպես հայտնում է Vesti.ru էլեկտրոնային թերթը, Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը երեկ հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս ԱՊՀ պետությունների միջեւ քաղաքացիների ոչ վիզային տեղափոխման մասին պայմանագրից, որը կնքվել էր 92 թվականին, Բիշքեկում։ Այդ որոշումը Իվանովը պայմանավորում է նրանով, որ միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը իրական վտանգ են դարձել Ռուսաստանի համար։ «Բացի այդ, մեծ թափ է ստացել ԱՊՀ երկրներից անօրինական ներգաղթը Ռուսաստան,- ասաց Իվանովը։- Ըստ էության, այստեղ շոշափվում են երկրի ազգային անվտանգության շահերը։ Ռուսաստանը այդ սպառնալիքներին համապատասխան միջոցներ է ձեռնարկում, այդ թվում եւ՝ վիզաների բնագավառում»։ Իվանովը նաեւ հիշեցրել է, որ այդ բնագավառում Ռուսաստանի հարաբերությունները Ուկրաինայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ արդեն կարգավորվում են երկկողմ հիմքի վրա եւ նույն ճանապարհով պետք է գնան ԱՊՀ մյուս երկրները։ Երեկ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը «Մեդիամաքսի» թղթակցին հաստատեց, որ Երեւանն ու Մոսկվան խնդիրը կլուծեն ոչ վիզային կանոնակարգի մասին երկկողմ պայմանագրի կնքման միջոցով։

ՄԻԱՅՆ ԴՈՒ ՉՏԽՐԵՍ ՈՒ ԼԱՑ ՉԼԻՆԵՍ

ԱԺ նախագահ կդարձնեմ ես քեզ

txur

Եթե հետեւենք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կուլիսային ջանքերին՝ ԱԺ նախագահի պոստում տեսնել ներկայիս փոխնախագահ Տիգրան Թորոսյանին (եւ եթե նրա ջանքերը հաջողությամբ պսակվեն), կստացվի այսպես՝ կառավարության ղեկավար, Հանրապետական կուսակցության նախագահը պետք է համագործակցի ԱԺ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Տ. Թորոսյանի հետ։ Մնում է տապալել նախագահ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, նրանց փոխարեն էլ մի երկու շարքային հանրապետականների նշանակել, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այս ամենը հիշեցնում է Մարկ Տվենի գործերից մեկի նախաբանը, ըստ որի՝ մի ֆիլադելֆիացի ինքնասպան լինելուց առաջ այսպե՛ս է հիմնավորում ինքն իր վրա ձեռք բարձրացնելը. «Ես ամուսնացա մի այրու հետ, որն ուներ չափահաս աղջիկ։ Հայրս սիրահարվեց իմ խորթ աղջկան եւ ամուսնացավ նրա հետ՝ դառնալով իմ խորթ տղան։ Իսկ իմ խորթ աղջիկը դարձավ իմ մայրը, քանի որ ամուսնացել էր հորս հետ։ Կինս մի տղա ունեցավ, որը, բնականաբար, դարձավ հորս խորթ եղբայրը՝ միաժամանակ նաեւ քեռիս, քանի որ նա նաեւ խորթ մորս եղբայրն էր։ Հորս կինը նույնպես տղա ունեցավ, որը ե՛ւ եղբայրս էր եւ նաեւ թոռնիկս, քանի որ աղջկաս որդին էր։ Հետեւաբար կինս դարձավ իմ տատիկը, որովհետեւ նա մորս մայրն էր։ Ուրեմն, ես էլ միաժամանակ ե՛ւ կնոջս ամուսինն էի, ե՛ւ նրա թոռը։ Եվ որպես ամուսինը մեկի, որը տատիկ է, փաստորեն ես էլ դարձա իմ պապիկը»։

Ահա եւ ինքնասպանության հիմնավոր պատճառ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

… ՍՐՏԻՆ … ՄԽԻԹԱՐԱՆՔ

Armen khachatryan

«Ինձ ուղղված քննադատության մեջ որեւէ սթափություն չկա կամ որեւէ կոնկրետ երեւույթ չկա։ Երբեք ինձ չեն քննադատել խելքի, կրթության, բարեկրթության, քաղաքականության մեջ չկողմնորոշվելու, աշխատանքները չկազմակերպելու, տքնաջանության պակասի մեջ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Նաեւ բողոքել. «Մի կողմից ասում են՝ 800 հազար դոլարանոց շենք է սարքում, մյուս կողմից ասում են՝ հյուրանոցից խալաթ է վերցրել»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031