Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 31,2000 00:00

ՄԻ ԳԻՇԵՐՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ Օգոստոսի 29-ին, գիշերը ժամը 23.00-24.00-ի սահմաններում քաղաքի կենտրոնական հատվածներում պայթյունի ձայն է լսվել։ Երեկ առավոտյան պարզ դարձավ, որ պայթյունը տեղի է ունեցել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ Ջրաշատ փողոցում գտնվող սեփական տան նկուղում։ Պայթյունի ձայնն այնքան ուժգին է եղել, որ այդ հատվածի բնակիչներից մի քանիսը կարծել են, թե Ազգային ժողովի շենքում է ինչ-որ բան տեղի ունեցել։ Գագիկ Ջհանգիրյանն այդ տանը բնակվում է իր ընտանիքի եւ ծնողների հետ։ ՀՀ ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը պատահարի մասին միայն ասաց, որ ժ. 23.10-ին քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Ջրաշատ փողոցի 49 տան նկուղում պայթյուն է տեղի ունեցել. «Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փոխնախարար, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ նշված տունը պատկանում է Վրեժ Դանիելի Ջհանգիրյանին։ Քննությունը վարում է դատախազությունը»։ Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե ինչ տեսակի պայթուցիկ էր եւ քանի գրամ էր այն կշռում։ Դեպքից անհանգստացած՝ Գ. Ջհանգիրյանի հարազատները նշեցին, որ, եթե տունը շատ ամուր կառուցված չլիներ՝ հետեւանքներն ավելի ծանր կլինեին։ Բացի այդ, եթե նկուղի երկաթյա ծանր դռները պայթյունի ճնշումից չբացվեին, փակ տարածքում ալիքի ճնշումը մեծ վնասներ կհասցներ։ Դեպքի կապակցությամբ հրաժարվեց խոսել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Որեւէ մեկնաբանություն տալն առայժմ վաղ է։ Առայժմ տարածված վարկած է, թե սա հոկտեմբերի 27-ի գործը քննող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ ահաբեկչություն էր, որը որոշակիորեն նախազգուշացում էր։ Մեր տվյալներով, նաեւ մամուլում է խոսվել, արդեն մեկ-երկու ամիս շարունակ կեղծ լուրեր, ահազանգեր են տարածվում Գ. Ջհանգիրյանի եւ նրա հարազատների վերաբերյալ։ Կարծիք կա, թե այս դեպքը հոկտեմբերի 27-ի գործի քննության այսօրինակ ընթացքի եւ վերոնշյալ ահազանգերի շարունակությունն է։ Գ. Ջհանգիրյանի հարազատների հետ զրույցից միայն հայտնի դարձավ, որ պրն Ջհանգիրյանի՝ տուն վերադառնալուց 10-15 րոպե անց է պայթյունը եղել։ Բոլորը տանն էին, սկզբում մտածել են, թե գազատար խողովակներն են այդ պայթյունի պատճառը։ Հետո, ինչպես նկարագրեցին, սուր հոտ է տարածվել եւ թանձր փոշի բարձրացել։ Նկուղում պահվող հին կահույքը եւ տնտեսական իրերը շրջվել, ջարդվել էին, պատուհանների ապակիները՝ ջարդուփշուր եղել, նկուղի երկաթյա դռները պայթյունի ուժգնությունից տեղից պոկվել ու բացվել են, տան բազալտե հիմնաքարերից մի քանիսը տեղաշարժվել եւ երեսպատման սալիկները այս ու այն կողմ են շպրտվել։ Նկուղն ունի մի քանի արտաքին փոքրիկ, նեղ ճաղերով պատուհաններ, որի գոգին ներսի կողմից խորը փոսիկ է առաջացել պայթուցիկից։ Բնականաբար, պայթուցիկ տեղադրողի ձեռքն ավելին չէր հասնի՝ պատուհանի ճաղերի նեղ լինելու պատճառով։ Պայթյունի մասին՝ առայժմ այսքանը։ Երեկ տեղեկացանք նաեւ, որ օգոստոսի 29-ի գիշերը Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Նորայր Եղիազարյանը, որը Նաիրի Հունանյանին եւ նրա խմբին զենք էր վաճառել։ Մահվան պատճառի մասին երկու վարկած կա. մեկ, որ սրտի անբավարարությունից է մահացել, եւ երկրորդ, որ հոսանքահարվել է խցում։ Նախկին ծանր ռեժիմի տակ նստած մի քաղբանտարկյալ ասաց, որ «որեւէ կալանավոր ինքնասպանության հնարավորություն չպետք է ունենա, եթե չեն օգնել։ Ուրեմն, եթե ինքնասպանությունը պետք է տեղի ունենա մեծ չարչարանքի գնով, ավելի լավ է չարչարանքի գնով ապրել»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել