Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 30,2000 00:00

Արմյանսկի յազիկը լոխ ղարաբաղցիք են սախրանիտ անում «Առավոտի» միջոցով ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին «Բաց բողոքագիր» է ցանկացել ներկայացնել ԼՂՀ նախկին կառավարության անդամ, «Մաշտոց» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գարեգին Ղազարյանը։ Նրա նամակի թեման մայրենի (այսինքն՝ հայերեն- Լ. Ա.) լեզվի խնդիրն է Ղարաբաղում։ Թե որքանով է տրամաբանական հայոց լեզվի պահպանության թեմատիկայով բաց նամակը հղել հենց Ռոբերտ Քոչարյանին, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ հայտնի է, որ վերջինս հայերենով խոսելու որոշակի բարդություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է գրավոր խոսքին, ապա մեր նախագահից հայերենով որեւէ ձեռագիր հայտնի չէ։ Սակայն, քանի որ նամակի բովանդակությունը լեզվի պահպանությանն է վերաբերում, տպագրում ենք այն՝ որոշ կրճատումներով։ «Հարգելի պարոն նախագահ։ Ձեր ուղղակի աջակցության շնորհիվ արցախազուն հայ մանուկները 1995-96 ուստարվանից վերստին սկսեցին ուսում եւ դաստիարակություն ստանալ մաշտոցյան ազգային դպրանոցներում։ Ձեր հենց, իբրեւ ԼՂՀ առաջին նախագահի, ստորագրությամբ էր, որ կյանքի կոչվեց «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը (1996 թ.)։ 2000 թ. հուլիսի 31-ին Արցախի պետական հեռուստատեսությամբ սփռված՝ «Բի-բի-սի»-ի ռուսական բաժնի թղթակցուհու հետ հարցազրույցում եւ օրեր անց երկիցս եթեր արձակված «Երկխոսություն» շարքի հաղորդման ընթացքում Ա. Ղուկասյանը պարզորոշ հասկանալ տվեց, որ մտադիր է ԼՂՀ տարածքում, ամենայն հավանականությամբ, վերաբացելու ռուսական դպրոցները (նրա բերած «հիմնավորումներն» ու հարակից բարուրանքները մասնավոր, թեեւ շատ ավելի ծավալուն, քննարկման ու քննադատության առարկա են)։ Ավելորդ չէ՞ փաստելը, որ չարագուշակ ռուսական դպրոցները նախատեսվում են նախ… հայորդիների համար։ Քանզի ողջ Արցախում, կներեք, «զտարյուն» ռուս դպրոցահասակների եւ նույնիսկ չափահասների թիվը, ինչպես քաջատեղյակ եք, կարելի է հաշվել հազիվ հենց իր՝ ԼՂՀ նախագահի եւ իրեն առընթեր անվտանգության խորհրդի անդամների մատների վրա, իսկ ազգային փոքրամասնությունները (ինչպեսեւ, ի դեպ, Հայաստանում), ըստ «Լեզվի մասին» գործող օրենքի, առ առավելն կարող են հավակնել միմիայն տվյալ համայնքի շրջանակներում հանրակրթական ուսուցում կազմակերպելու, այն էլ՝ հայո՛ց պետության ծրագրով։ Է՛լ ավելի ավելորդ է Ձեզ երկար-բարակ փաստարկելը, թե միջազգայնորեն չկայացած՝ չճանաչված ԼՂՀ-ի համար ե՛ւ քանակապես, ե՛ւ որակապես որքան կործանարար հետեւանքներով է հղի օտար կրթարանների գործառման սոսկական հնարավորությունն արդեն։ Շեշտենք ընդամենը, որ դանդաղ գործողության այդ յուրատիպ ականի «ժամային մեխանիզմը», դժբախտաբար, գործի է դրված եւ՝ «վերեւից». «ներքեւներն» ի զորու են միայն արագացնելու ճակատագրական ազգասպանությունը։ Աչքներիս առաջ ունենալով եղերագույն հեռանկարները՝ Արցախի իրոք հայեցի գալիքով մտահոգված բազմահազար հայերի անունից խոնարհաբար խնդրում եմ Ձեզ ներազդել Ա. Ղուկասյանի վրա։ Իբրեւ նաեւ՝ ժամանակին Ձեր նշանակած կառավարության եւ անվտանգության խորհրդի անդամի, ում, ըստ էության, Դուք եք դուրս բերել «մեծ քաղաքականության» ուղեծիր։ Ա. Ղուկասյանը, ինչպես միշտ, խիստ «մարտականորեն է տրամադրված»… Վերջինս էլ, հուսով ենք, այնքան գոնե մնացորդային խոհեմություն կունենա, որ օտար պետության օտարալեզու եւ շահադիտական-վերաստրկացուցիչ միջնորդությունը ուշադրության արժանացնելուց առաջ կանսա մայր Հայաստանի ղեկավարի մայրենահունչ եւ հայրենանպաստ հորդորին»։ Կանխահայտ շնորհակալությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ «Մաշտոց» հասարակական կազմակերպության փոխնախագահ, ԼՂՀ նախկին կառավարության անդամ ք. Ստեփանակերտ Հ. Գ. Քանի որ նամակը գրված է հայերենով, ընդ որում, գրաբարի եւ միջին հայերենի բառապաշարով համեմված, ո՛չ ՀՀ, ո՛չ առավել եւս ԼՂՀ նախագահներն այն չեն ընթերցի. բարդ է։ Պատրաստեց Լ. ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել