Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 30,2000 00:00

«ԴԱՏԱՐԱՆՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՈՒՆԵՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ» Փաստաբանների միջազգային միության անդամ Կարո Կարապետյանը վերաքննիչ դատարանի վերաբերյալ իր այս համոզումը բարձրաձայնեց մինչ օգոստոսի 28-ին կհրապարակվեր դատարանի որոշումը։ Նախագահի թեկնածու առաջադրվելու համար Ռոբերտ Քոչարյանին տրված տեղեկանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու մերժումը հաստատելու որոշումն այսպես էր պատճառաբանվել. «Վերաքննիչ դատարանը եկավ այն հետեւության, որ ներկայացված բողոքը եւ միջնորդություններն անհիմն են եւ պետք է թողնվեն առանց բավարարման»։ Ընդսմին, նաեւ նշվեց, թե այս որոշումը բողոքարկման ենթակա չէ, բայց անհասկանալի մնաց, թե ինչու մայիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները զրկվեցին նաեւ վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից։ «Ես հայտարարեցի, որ վերաքննիչ դատարանը շեղվել է քրեական դատավարության օրենսգրքով նմանատիպ դատաքննության համար նախատեսված կարգը պահպանելուց, ստեղծել է կողմերի համար անհավասար պայմաններ։ Ավելին, անհիմն կերպով մերժել է իմ ներկայացրած առաջին միջնորդությունը, արգելել ինձ ծանոթանալ «գործի» նյութերին,- արդեն վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո հիշեցրեց փաստաբան Կարո Կարապետյանը։- Քրեական դատավարության օրենսգրքի պահանջին համապատասխան՝ անմիջապես չի քննարկվել եւ պատճառաբանված պատասխան չի տրվել իմ ներկայացրած վերջին երկու միջնորդություններին։ Բնական է, որ հետեւանքը պետք է լիներ նմանատիպ անիրավական որոշումը, որն արդյունքն էր այդ ամբողջ անօրինական ընթացակարգի»։ Նշենք, որ դատարանում Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե գլխավոր դատախազությունը խախտել է նմանատիպ ստուգումներ կատարելու կարգը։ Բացատրություններ չեն վերցվել ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, ո՛չ ՆԳՆ անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանից, ո՛չ էլ անգամ դիմումը ներկայացնողներից։ Ըստ Կարո Կարապետյանի, դատախազությունը խուսափել է ձեռք բերել այն փաստաթղթերը, որոնք միանշանակ կհերքեին իրենց բերած բոլոր պատճառաբանությունները։ Իսկ արդյոք օրենքի շրջանակներում տեղավորվո՞ւմ էին փաստաբանի միջնորդություններն առանց քննարկման մերժելն ու վերաքննիչ դատարանի այլ գործողությունները (գործն ամբողջ ծավալով չքննելու վերաբերյալ որոշում չհրապարակվեց, սակայն հնարավորություն չընձեռվեց լրացուցիչ ապացույցներ ներկայացնել եւ այլն). «Բացարձակապես ոչ,- պատասխանեց պրն Կարապետյանը։- Դատարանն ի սկզբանե շեղվեց քրեական դատավարության օրենսդրությունից եւ դատական այդ ամբողջ ստուգումն անցավ արտաիրավական կարգով։ Նախ, առաջին միջնորդությունս մերժելիս հստակ պատճառաբանություններ չեղան, թե ո՞ր դրույթներն են մերժվում։ Ուշադրություն դարձվեց միայն մեկ դրույթի վրա. այն է, որ դատական ստուգման ընթացքում կանդրադառնանք նշված փաստաթղթերի ձեռքբերման նպատակահարմարությանը։ (Ի դեպ, չանդրադարձան էլ- Ա. Ի.)։ Ամբողջովին անտեսվեց միջնորդության այն մասը, ուր խնդրել էի ժամանակ տալ եւ ծանոթանալու համար ինձ տրամադրել դատախազության որոշման հիմքում դրված բոլոր նյութերը։ Ցանկանում էի բողոքի իմ հիմնավորումները ներկայացնելուց առաջ իմանալ՝ մյուս կողմն ինչի՞ վրա է հիմնվել, որ պատճառաբանում է, թե տրված տեղեկանքները կեղծիքներ չեն։ Եթե 1989-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն է հիմնական հիմնավորումը՝ այն չի կարող ամբողջական լինել մեր առաջադրած հարցին պատասխանելու առումով, քանի որ այն ընդամենը 1 տարվա քաղաքացիության խնդիր է լուծում։ Բայց չկան տեղեկություններ, թե 1991-1997-ին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ընտրո՞ղ է եղել, թե՞ ԼՂՀ»։ Ընդմիջենք, ներկայացնելու համար, որ Կարո Կարապետյանը դատարանում ասում էր, թե իրենց բողոքն ու հիմնավորումները չեն վերաբերում Ռոբերտ Քոչարյան անհատին կամ քաղաքացուն, այլ վերաբերում են Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված իշխանական համակարգին։ Ի վերջո, որքանո՞վ էր հիմնավոր վերաքննիչ դատարանի որոշումը՝ մեր այս հարցին պրն Կարապետյանը պատասխանեց. «Դատարանը 50/50-ի որոշում կայացրեց՝ ե՛ւ այս, ե՛ւ այն կողմի հիմնավորումները բերելով։ Որոշումը հիմնավոր էր մեր մասով, անհիմն էր՝ դատախազության մասով։ Այս որոշմամբ ամբողջովին հիմնավորվում է, որ դատախազության գործողությունները եղել են արտաիրավական դաշտում եւ նրանց փաստարկները հիմնազուրկ են։ Ուղղակի որոշման վերջին՝ «վճռային» մասում արձանագրվեց, որ մեր բողոքը մերժվում է, եւ պատճառաբանական մասից չբխող եզրահանգում էր սա։ Իրավաբանական գիտելիքներ չունեցող ցանկացած մարդ կարող է համոզվել, որ որոշման պատճառաբանական մասը ոչ մի ընդհանրություն չունի եզրափակիչ հատվածի հետ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել