Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը՝ Ռազմիկ Թովմասյանի գլխավորությամբ, երեկ ազդարարեց «Վահան Հարությունյան +10» պայմանական անունը կրող քրեական գործի դատաքննությունը։ Մեղադրողների եւ դատավորի առաջարկած պատժաչափի մեջ էական շտկումներ եղան։
Դատավոր Ռ. Թովմասյանը Վահան Հարությունյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, մինչդեռ մեղադրող քառյակն առաջարկել էր 7 տարի։
Ամբաստանյալ Մկրտիչ Առաքելյանին մեղադրողները պահանջել էին 9 տարի ազատազրկում, բայց ահա դատավորի թեթեւ ձեռքով նա, ոչ ավել, ոչ պակաս, ազատվեց դատարանի դահլիճից, համաներման կիրառմամբ։ Համաներման «տակ» ընկան 4 ամբաստանյալներ եւս. Մուրադ Դաշտոյանը, Գագիկ Պետրոսյանը, Հայկ Աղաջանյանը (նրանց մեղադրողներն առաջարկել էին 6-ական տարի ազատազրկում), Երանոս Մելքոնյանը (5 տարի էր առաջարկվել)։ Նրանք ողջագուրվեցին հենց վանդակաշարում. մնացողները մնացին, գնացողների կալանքը փոխվեց եւ նրանք, փաստորեն, ազատվեցին դատարանի դահլիճից։
Ամբաստանյալներ Արթուր Շահբազյանն ու Արթուր Խաչատրյանը դատապարտվեցին 8 տարի ազատազրկման (այնքան, որքան մեղադրողներն էին պահանջել), Սահակ Բալյանը՝ 15 տարի եւ Նորայր Թադեւոսյանը՝ 10 տարի։ Մենք չենք կարծում, թե Մովսես Ներսիսյանի նկատմամբ դատարանն ու մեղադրողներն արդարացի գտնվեցին։ Նրան դատապարտեցին 8 տարի ազատազրկման։ Այսինքն, նրա չկատարած հանցանքներն ավելին գնահատվեցին, քան … Վահան Հարությունյանինը, Մկրտիչ Առաքելյանինը (մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ խայտառակ դատավճիռ է իրականում կայացվել- Ռ. Մ.)։ Ահա թե ինչու այնքան սուր ընկալվեց հատկապես Մովսեսի պատժաչափը թե՛ լրագրողների, թե՛ տուժողների, թե՛ պաշտպանների… թե՛ նրա հարազատների կողմից։ Նրա շահերի պաշտպան Սուսաննա Գեւորգյանն ասաց, որ անպայման դիմելու է վերաքննիչ դատարան, որոշ փաստաբաններ խոստացան մամուլի ասուլիս հրավիրել։
Կարդացեք նաև
Ս. Գեւորգյանն ասաց. «Սա դատավարություն չէր, մի շոու էր։ Ինչպես կարելի է դատավարությունը համարել արդար, եթե դատավորներն անկախ չեն։ Այս դատավարության ընթացքում զգացվեց, որ իրոք պրն Թովմասյանն անկախ չէր։ Մեղադրողներն ինչպես պահանջել էին, այնպես էլ կատարվեց։ Իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ընկած էին միմիայն ենթադրությունները։ Օրինակ, այնտեղ ասվում է. «Դեպքի վայրում տեսել են «Շառլոտա» մեքենան, որը պատկանում է Խաչատուր Դովլաթյանին, ուրեմն այդ մեքենայում եղել է Մովսես Ներսիսյանը»։ Մի՞թե սա կարելի է որպես հիմք ընդունել։ Մանավանդ, դատավարության ժամանակ բոլոր ամբաստանյալները պնդեցին, որ Մովսեսը չի մասնակցել սպանությանը, նա չի եղել դեպքի վայրում»։
Պետք է նկատել, որ դահլիճն առաջվա պես բարձրակարգ սպասարկեց հասարակական կարգի ապահովման անձնակազմը, որոնց շնորհիվ այս դատաքննության ողջ ընթացքում ոչ մի «ՉՊ» չգրանցվեց։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ