Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 30,2000 00:00

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ» ԻՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ԴԵՌ ԴԺԳՈՀ ՉԷ Օրերս վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեցին այն տեղեկությունները, թե կառավարության կազմում առաջիկայում նոր կադրային փոփոխություններ կարող են լինել։ Սակայն մինչ այդ էլ ոչ պաշտոնական տեղեկություններ կային այն մասին, որ կառավարության կազմում փոխարինվելու են ՀԺԿ-ի առաջադրած նախարարները։ Մասնավորապես նշվում էր, որ առաջիկայում գիտության եւ կրթության նախարար Էդ.Ղազարյանին այս պաշտոնում փոխարինելու է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։ Մեր այն հարցադրմանը, թե արդյոք իրեն պաշտոնապես առաջարկվե՞լ է այս պաշտոնը զբաղեցնել, պարոն Սահակյանը բացասական պատասխան տվեց, ավելացնելով, թե այդ մասին անգամ խոսակցություն չի եղել։ Կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մյուս մասն էլ առնչվում է ԱԺ «Կայունություն» խմբի առաջարկությամբ նախարարական պաշտոններ ստանձնած Մուրադ Մուրադյանին եւ Էդուարդ Մադաթյանին։ Օրերս մամուլում նշվել էր, թե վերջիններիս հենց «Կայունություն» խումբն է մտադիր ետ կանչել, թեեւ այս «ետ կանչելը» խիստ պայմանական հասկացություն է։ Երեկ մենք զրուցեցինք «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար Կարեն Կարապետյանի հետ։ Նա տեղեկացրեց, թե Էդ.Մադաթյանին եւ Մ.Մուրադյանին «ետ կանչելու» մասին տեղեկությունները խիստ չափազանցված եւ կտրուկ են։ «Խնդիրն այդքան կատեգորիկ դրված չէր, երբ քննարկվում էր կառավարության գործունեության եւ դրա կազմում խմբի երբեմնի անդամների գործունեության 100 օրվա կատարած աշխատանքները»,- պարզաբանեց Կ.Կարապետյանը։ Վերջինս ասաց, թե խմբում ընդամենը լսումներ են եղել եւ Էդ.Մադաթյանն ու Մ.Մուրադյանը ներկայացրել են պաշտոնավարության շրջանում իրենց գլխավորած գերատեսչությունների գործունեությունը, որն, ըստ պարոն Կարապետյանի, դեռեւս բավարար չէ վերջնական եզրակացության հանգելու համար։ «Մենք արդեն դիմել ենք վարչապետ Ա.Մարգարյանին՝ հանդիպում կազմակերպելու խնդրանքով ու դեռեւս սպասում ենք։ Միայն վարչապետի հետ զրույցից հետո խումբը կկարողանա որոշակի դիրքորոշում արտահայտել իր առաջադրած նախարարների գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Ի վերջո, նախարարները միայն կատարողներ են, մինչդեռ խումբը կառավարության գործունեության համար պատասխանատվության կրողներից մեկն է այնքանով, որքանով կառավարության կազմում նախարարներ ունի»,- նկատեց Կ.Կարապետյանը։ Ըստ նրա, ցանկացած նախարարի ետ կանչելը ինքնանպատակ չէ եւ չի բացառվում, որ ի վերջո, քննարկումների արդյունքում խումբը գա այն եզրակացության, որ իր նախարարները լավ են աշխատել եւ պետք է շարունակեն մնալ իրենց պաշտոններում։ Ի գիտություն ընդունելով «Կայունություն» խմբի քարտուղար Կարեն Կարապետյանի պարզաբանումները, ավելացնենք նաեւ, որ, ըստ ոչ պարշտոնական աղբյուրների, Էդ.Մադաթյանի եւ Մ.Մուրադյանի՝ նախարարի պաշտոնում մնալ-չմնալու հարցն ավելի շատ կապվում է ոչ թե վերջիններիս գործունեության արդյունավետության, այլ խմբի ներսում մինչ այս նշանակումները ձեռքբերված որոշակի պայմանավորվածությունների հետ, որոնք հիշյալ նախարարները, ըստ մեր տեղեկությունների, չեն կատարում։ Հարցն ավելի շատ խմբի ֆինանսական ապահովությանն է վերաբերում, որը պետք է ապահովեին հենց այս նախարարները։ Այլ աղբյուրներ պնդում են նաեւ, թե անգամ «Կայունություն» խմբի բացասական դիրքորոշումը չի կարող ազդել կոնկրետ Էդ.Մադաթյանի՝ նախարարի պաշտոնում մնալ-չմնալու վրա, քանի որ վերջինիս հարաբերություններն ամեն ինչից զատ ավելի քան նորմալ են ե՛ւ վարչապետի, ե՛ւ ՀՀ նախագահի հետ։ Փաստարկներից մեկն ու ամենաակնհայտը, ըստ մեր աղբյուրների այն է, որ արտասահմանյան ուղեւորությունների մեկնելիս եւ ժամանելիս նախագահ Ռ.Քոչարյանին օդակայանում դիմավորողների մեջ Էդ.Մադաթյանն անպայմանորեն առաջին շարքերում է, թեեւ, այսպես կոչված, «պրոտոկոլով» դա նախատեսված չէ։ Սա արդյո՞ք վկայում է, որ Էդ.Մադաթյանի եւ Ռ.Քոչարյանի հարաբերությունները մի առանձին մակարդակի վրա են՝ միանշանակ չէ։ Անհամեմատ անկայուն են նախարար Մ.Մուրադյանի դիրքերը։ Նա ոչ միայն գլուխ չի հանում իր նախարարության գործունեությունից, այլեւ առանձնապես մեծ հենարան չունի ոչ խմբի ներսում եւ ոչ էլ, առավել եւս, իշխանության վերին էշելոններում։ Այսուհանդերձ, թե՛ «ՀԺԿ», թե՛ «Կայունության» առաջադրած ներկայիս նախարարների ճակատագիրը կվճռվի, թերեւս, սեպտեմբերին, երբ խորհրդարանում որոշակի վերադասավորումներ լինեն։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել