Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 29,2000 00:00

«ՀԻՄԱ ԿԱ՞ ԼՂՀ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՉԿԱ» Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժեց մայիսի 12-ին կայացած հանրահավաքի ներկայացուցիչների բողոքը՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար Ռոբերտ Քոչարյանին տրված տեղեկանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Դատարանը՝ նախագահությամբ Գ. Մելիք-Սարգսյանի եւ դատավորներ Բադալյանի ու Հովսեփյանի, ուժի մեջ թողեց ՀՀ գլխավոր դատախազության որոշումը այդ տեղեկանքների «իրականությանը չհամապատասխանելու, կեղծված լինելու եւ Ռ. Քոչարյանի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կեղծ տեղեկանքների ներկայացմամբ ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու» մեղադրանքներով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Որ վերաքննիչ դատարանը հենց այս որոշումն էր կայացնելու՝ որեւէ մեկը չէր կասկածում, ընդսմին, իրենք՝ վերաքննիչ բողոք ներկայացրածները նույնպես տարակույսներ չունեին։ Ուստի առավել հետաքրքրական էր, թե որքանո՞վ հիմնավոր եւ օրենքի շրջանակներում կլիներ որոշման կայացմանը նախորդող գործընթացը։ Չնայած մինչեւ վերաքննիչ դատարանի դահլիճ հասնելն էլ օրինականության առումով ամեն ինչ, մեղմ ասած, հարթ չէր եղել։ Այս պնդումն ապացուցելու համար մի քանի օրինակներ մեջբերենք. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը մայիսի 12-ին կայացած հանրահավաքի մասնակիցների ներկայացուցիչներին մեկ շաբաթ անց տեղեկացրել էր, որ իրենց դիմումը «կից փաստաթղթերի հետ միասին ուղարկվել է ՀՀ ՆԳՆ՝ բերված փաստարկների քննարկման արդյունքների մասին մասնագիտական եզրակացություն ներկայացնելու համար»։ Մինչդեռ, ինչպես երեկ իր ելույթում մատնանշեց հանրահավաքի մասնակիցների ներկայացուցիչը՝ փաստաբան Կարո Կարապետյանը, «ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունը որեւէ իրավական ակտով իրավասություն չունի որոշել որեւէ վարչական կամ պետական կազմավորման անկախ պետություն լինելու կամ չլինելու հարցեր, մեկնաբանել այս կամ այն անհատի քաղաքացիության հարցը, երբ նա որոշակի ժամանակահատվածում չի գրանցվել որպես այդպիսին»։ Կարո Կարապետյանն ուշադրություն հրավիրեց, որ ՆԳՆ-ն տվյալ դեպքում իրավախախտում կատարած պաշտոնատար անձի վերադաս հիմնարկն է նաեւ։ Ըստ վերաքննիչ բողոքի հեղինակների, գլխավոր դատախազությունը խախտել էր նաեւ քրեադատավարական օրենսգիրքը՝ կատարված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ գործ հարուցելու համար 10-օրյա ժամկետ է սահմանված։ Մինչդեռ մերժման վերաբերյալ որոշումը կայացվել էր 49 օր հետո միայն։ «Անտեսվել, ձեռք չեն բերվել կամ միտումնավոր չեն ուսումնասիրվել բոլոր այն նյութերը, որոնք ապացուցում են ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար տրված տեղեկանքներում բերված տեղեկությունների իրականությանը չհամապատասխանելու փաստերը»,- Կարո Կարապետյանն այսպիսով փորձեց ապացուցել, որ գլխավոր դատախազությունը ոչ օբյեկտիվ, ոչ լրիվ ու ոչ բազմակողմանի հետազոտման հիման վրա կայացրել է սխալ որոշում։ Ի դեպ, ե՛ւ հունիսի 30-ին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ, ե՛ւ նաեւ երեկ՝ պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Բադալյանի ելույթում, հիմնավորելու համար Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի քաղաքացի լինելը, վկայակոչվում էր նաեւ 1989-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը. «Այն ուժի մեջ է, չի վերացվել» եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչները համարվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության բնակիչներ։ Եվս մի օրինակ, որ վկայում է, թե այդ փաստաթուղթը սկսում է գործել, երբ այդ է պահանջում անձնական շահագրգռվածությունն ու քաղաքական նպատակահարմարությունը։ Իր ելույթում Կարո Կարապետյանը մի շարք հակափաստարկներ ներկայացրեց։ Նախ, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախանալուց 19 օր առաջ, Ռոբերտ Քոչարյանը, որպես ԼՂՀ քաղաքացի մասնակցել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն դառնալու հանրաքվեին։ Հետեւաբար, 1991-ի սեպտեմբերի 2-ին նա փաստորեն ընդունել է, որ ինքը «մեկ այլ նորանկախ հայկական պետության՝ ԼՂՀ-ի քաղաքացի է»։ ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ ԿԸՀ էր ներկայացրել վերջին 10 տարում ԼՂՀ քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկանք։ Հաջորդ հիմնավորումն էր, որ ԼՂՀ ոչ մի քաղաքացի՝ այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանը, ոչ որպես ընտրող, ոչ էլ ընտրվող չի մասնակցել ոչ 1995-ի ՀՀ ԱԺ-ի եւ ոչ 1996-ի նախագահական ընտրություններին։ Եվ Հայաստանի որեւէ քաղաքացի էլ չի մասնակցել 1997-ին ԼՂՀ նախագահի կամ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի անունը կար ԼՂՀ ընտրողների ցուցակում։ Երեկ փաստաբան Կարո Կարապետյանը հանդես եկավ մի շարք միջնորդություններով, որոնց նպատակն այս ապացույցներին նորերը հավելելն էր։ Դատավորները մերժեցին այն միջնորդությունը, որով Կարո Կարապետյանը խնդրում էր հետաձգել դատական նիստը եւ իրենց հնարավորություն տալ ծանոթանալու գլխավոր դատախազության որոշման հիմքում դրված բոլոր նյութերին ու նաեւ հավելյալ ապացույցներ ներկայացնել։ Այս առումով, ի դեպ, ակնկալվում էր դատարանի աջակցությունը, քանի որ ապացույց հանդիսացող որոշակի փաստաթղթեր հնարավոր էր ձեռք բերել միայն ԼՂՀ-ից։ Ե՛վ այս, ե՛ւ Ալվինա Զաքարյանին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը թողեց առանց քննության։ Մինչ այդ նախագահող դատավոր Մելիք-Սարգսյանը նշել էր, թե իրենք քննելու են միայն գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության եւ հիմնավորվածության հարցը, ուստի լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հարկ չկա։ Այդպես էլ հայտնի չդարձավ, թե արդյոք որոշում էր կայացվել այս գործը լրիվ ծավալով չքննելու վերաբերյալ։ Խիստ որոշակի հետեւությունների տեղիք է տալիս այն, որ մեր արդարադատության մարմինները, մեղմ ասած, ձեռնպահ են մնում 1998-ի փետրվարից շրջանառության մեջ գտնվող այս գործի փաստական հանգամանքները գոնե մեկ անգամ մինչեւ վերջ քննելուց։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Նախագահող դատավոր Մելիք-Սարգսյանը խոստացավ, թե ավելի ուշ կպատասխանի «Առավոտի» հարցերին։ Վաղվա մեր համարում կներկայացնենք Կարո Կարապետյանի մեկնաբանությունները վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել