Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ի. Բարսեղյանի, շարունակվեց Գագիկ Ներսիսյանի («Նաիրիտ» ԳԱՄ-ի նախկին տնօրեն) եւ Համբարձում Սարգսյանի («Նաիրա», «Նշան», «Կոն», ՀԳԱՆ ընկերությունների նախագահ) դեմ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Երեկ ցուցմունքներ էր տալիս Հ. Սարգսյանը, որը եթե նախաքննության ընթացքում իրեն ճանաչել էր մեղավոր, դատաքննության ժամանակ իրեն մասնակիորեն ճանաչեց մեղավոր։ Նա չէր ընդունում մեղադրանքում իրեն մեղսագրվածը, թե ինքը չարամտորեն խուսափել է հարկեր մուծելուց։ Ավելին, նշեց, որ «95 հազար դոլարի չափով գումար է մուծել պետբյուջե»։ Ամբաստանյալին պարզ չէր, թե ինչի համար են իրեն բռնել, ինչի համար էին հետախուզում հայտարարել։ «Չարամտորեն» բառը շատ է տանջում ինձ» եւ «ես դա չեմ ընդունում»,- ասում էր նա։
Հ. Սարգսյանն անդրադարձավ իր եւ Գագիկ Ներսիսյանի փոխհարաբերություններին, որը մեղադրականում հնչում է այսպես. «մտերիմ հարաբերություններ»։ Այս կապակցությամբ ասաց, որ իր հարաբերությունները եղել են գործնական, պայմանագրային։ Իսկ Գ. Ներսիսյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ անգամ գենետիկ կապ գոյություն չի ունեցել իր եւ Հ. Սարգսյանի միջեւ։ Իհարկե, նախաքննական մարմինն այնքան էր մզմզացել այս «մտերիմ» բառի վրա, որ Հ. Սարգսյանը վերջնականորեն ձեւակերպել էր այսպես. «գործնական մտերիմ»։
Փաստաբան, Գ. Ներսիսյանի շահերի պաշտպան Վ. Յավրումյանն ասաց, որ քր. գործում առկա է ՀԳԱՆ-ի 20.08.98 թ. նամակը՝ հասցեագրված «Նաիրիտի» տնօրենին, որով նա խնդրել էր բաց թողնել 150 տոննա կաուչուկ։ Նամակի վրա մակագրված էր. բաց թողնել միայն աշխատավարձի ապահովման դեպքում։ Մեկ ամիս անց ՀԳԱՆ-ը պարտավորվում է 50 մլն դրամ բաց թողնել։ Ի դեպ, Հ. Սարգսյանը «հենց այնպես» երեսով տվեց Գ. Ներսիսյանին, թե «Էն ընտրություններից առաջ ո՞վ էր գումարներ տալիս, որ… ձենները կտրեին»։ Խոսքն աշխատավարձի մասին էր, որը տրվել էր նաիրիտցիներին։
Հ. Սարգսյանը չէր ընդունում մեղադրական եզրակացության նաեւ այն մասը, որով իրեն վերագրվում է, թե փաստաթղթեր է կեղծել, հաշվետվություններ ներկայացնելու ժամկետներ է խախտել։ Նա հարցնում էր, թե ինչո՞ւ այդ դեպքում իրեն պատասխանատվության չեն կանչել, ինքն ինչո՞ւ տույժ ու տուգանքի չի ենթարկվել։ Վերադառնանք նորից «չարամտորեն խուսափելու» պատմությանը. Հ. Սարգսյանի՝ մեկուսարանում գտնվելու ժամանակ նրա ընտանիքը պետբյուջե է մուծել 5000 ԱՄՆ դոլար։ Դատարանում թե՛ մեղադրողի, թե՛ դատավորի կողմից հնչեցին հարցեր, մասնավորապես՝ կապված ինչ-որ «քսիֆների» հետ, որը Հ. Սարգսյանն ուղարկել է իր կնոջը եւ որը, փաստորեն, առգրավվել է։ Չնայած դատավոր Ի. Բարսեղյանն ասաց, թե այդ գրությունների «հետազոտման առարկա դառնալուց» հետո որոշ հարցեր կտրվեն, սակայն մի հարց, այնուամենայնիվ, մնում է. այդ երբվանի՞ց «քսիֆները» դարձան ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ երբվանի՞ց քաղաքացիների (տվյալ դեպքում՝ ամբաստանյալների) մասնավոր գրությունները, անձնական նամակիկները դարձան… զննելի։
Կարդացեք նաև
ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ՓՐԿՎԱԾ Է
Իր հերթական միջնորդության մեջ Աշոտ Բլեյանն ասաց. «Կրթահամալիրը, որպես պարտատեր, պետք է հայցային կարգով պաշտպանի իր իրավունքները… իշխանություններից»։ Դատավոր Իսկուհի Վարդանյանը երկու ձեռքով խփելով սեղանին՝ միջամտեց, թե «իշխանությունների անուն չտաք, իշխանություններին պետք չէ խառնել»։ Բլեյանն «արդարացավ», թե ինքը նկատի ուներ դատական իշխանությանը։ «Հա, դա ուրիշ բան». հիմա էլ չքմեղացավ տիկին դատավորը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ