ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՍՏԵՂ ԷՐ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Երկրորդ համարի երթուղային տաքսու վարորդը, որը հինգշաբթի օրը, ժամը 19-ի մատույցներում հատում էր մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցը, հավանաբար, չէր ճանաչում խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանին։ Նա նաեւ չգիտեր, որ իր ուղեւորների մեծ մասը ԱԺ նախագահի մասին հիշատակումները միայն երկու մոտիվով է անում՝ երբ խոսք է գնում աննկուն տուրիստների եւ կուրորտային քաղաքների մասին, կամ էլ երբ խոսվում է Արմեն Խաչատրյանին պաշտպանող եւ պահպանող թիկնապահների անբռնազբոս վարքից։ Մի խոսքով, հինգշաբթի էր։ Երեւան քաղաքի այն կիսապայծառ երեկոներից մեկը, երբ խորհրդարանի մեր բոլորիս սիրելի խոսնակը (հավանաբար, տրանզիտային նպատակներով) մայրաքաղաքում էր։ Ավելին, իր բազմամարդ եւ լայնաթիկունք թիկնապահների ուղեկցությամբ սլանում էր Դեմիրճյան փողոցով, իր զրահապատ մեքենայով։ («Զրահապատ» բառի հիշատակումը պրն Խաչատրյանն իրավացիորեն վերագրում է այդ բառն արտաբերողների քաղքենիությանը՝ մեջտեղ բերելով իր չտես չլինելու պարագան)։ Ինչեւէ, նշված օրը եւ նշված ժամին երկրորդ համարի երթուղային տաքսու վարորդին եւ այդ պահին տարածաշրջանում գտնվող մյուս վարորդներին կարգադրություն հնչեց չշարժվել. անցնում էր պետության երկրորդ դեմքը։ Սույն վարորդը (նրա մեքենայի համարանիշն է 62-511, տառերը, ցավոք, չհասցրինք մտապահել)՝ պահի տակ չկողմնորոշվելով եւ չգնահատելով պահի պատմական նշանակությունը, հատում է փողոցը։ Արդեն Օրբելի փողոցի խաչմերուկում նրա հետեւից հասնում են պետավտոտեսչության մեքենաները՝ ճակատագրական խախտում արած վարորդին ուղեկցելու համապատասխան շինություն։ Նույն գծի վրա աշխատող վարորդների վկայությամբ՝ «մեր» վարորդին բաց են թողնում մի քանի ժամից (մի մասն ասում է՝ մյուս օրը, առավոտյան)։ Վերջինիս հիշողության մեջ այլեւս թարմ է խորհրդարանի նախագահի մասին հիշողությունը։ Ի տարբերություն պատգամավորների, որոնց հիշողության մեջ ԱԺ նախագահն ասոցացվում է Թաիլանդի, կենգուրուների եւ այլեւայլ էկզոտիկայի հետ, N 2 երթուղայինի վարորդն Արմեն Խաչատրյանին միշտ կհիշի Երեւանում, Դեմիրճյա՛ն փողոցի վրա։ Լ. Ա.