«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՓԼՈՒԶՄԱՆ ՇԵՄԻՆ Է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն իր հիմնադիր եւ առաջնորդ Էդիկ Եգորյանի մահից հետո առժամանակ որոնումների մեջ էր։ Դժվար էր գտնել մեկ անհատի, որին կուսակցության անդամները նույնքան անվերապահորեն կվստահեին եւ կընդունեին, որքան նրան։ Որոշվեց, որ մինչեւ կուսակցության համագումարը նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելու է Գագիկ Ներսիսյանը։ Առժամանակ անց՝ վերջինիս կալանավորումից հետո «Ժողովրդավարական հայրենիքում» խմորումներ սկսվեցին։ Կուսակցության անդամներից շատերը դրա հիմնական պատճառը համարում են այն, որ ոմանք ի վիճակի չէին սանձել իրենց փառասիրությունը եւ փորձում էին իրենց ձեռքում կենտրոնացնել ողջ կուսակցությունը։ Բանը հասավ այնտեղ, որ կուսակցության համագումարից առաջ՝ այս տարեսկզբին, «Ժողովրդավարական հայրենիքում» երկու հակադիր ճամբարներ ձեւավորվեցին։ Համագումարից դեռ մեկ ամիս առաջ քննարկումներ էին սկսվել նոր նախագահի ընտրության շուրջ։ Ոմանք գտնում էին, որ այս պայմաններում, երբ նախագահի պաշտոնակատար Գ.Ներսիսյանը մեկուսարանում է, չի կարելի համագումար հրավիրել եւ նոր նախագահի ընտրություններ կազմակերպել։ Որպես այլընտրանքային տարբերակ, նրանք առաջարկել էին, որ կուսակցությունը 5 հոգուց բաղկացած համանախագահություն ունենա։ Առաջարկության հիմքում դրվել էր այն մոտեցումը, որ համանախագահներից մեկը կմնա Գ.Ներսիսյանը, երկուական հոգի կլինեն առաջացած երկու ճամբարների ներկայացուցիչները։ Հակադիր ճամբարներից մեկի ներկայացուցիչները համախմբվել էին կուսակցության ներկայիս նախագահ Պետրոս Մաքեյանի շուրջ։ ԱԺ նախկին պատգամավորներ Սոս Գիմիշյանը, Արմեն Կիրակոսյանը եւ Աջափնյակի թաղապետ Ռաֆիկ Մկրտչյանը, ի թիվս այլոց, հակառակ ճամբարում էին։ Վերջիններս, ի դեպ, այլեւս այս կուսակցության անդամներ չեն՝ ինքնակամ հեռացել են։ Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների վկայությամբ, համագումարից ընդամենը մեկ օր առաջ ձեռքբերված պայմանավորվածությունը խախտել է Պ.Մաքեյանը եւ հայտարարել է, թե ինքն է ուզում նախագահ դառնալ։ Չնայած շուրջ 100 «դեմ»-ի, վերջինս ընտրվում է նախագահ։ Ու թեեւ կուսակցության համագումարից արդեն մի քանի ամիս անցել է, բայց կրքերն այստեղ չեն հանդարտվում։ Այսօր խմորումները կուսակցության ներսում շարունակվում են։ Միայն վերջերս կուսակցության Երեւանի «Կենտրոն» տարածքային կազմակերպության ջախջախիչ մեծամասնությունը հայտարարություն է ընդունել եւ հրապարակել իր ինքնալուծարման մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Քաղաքական կուսակցությունը պետք է ստեղծվի եւ կայանա որոշակի գաղափարական սկզբունքների հիման վրա, հստակ եւ որոշակի ռազմավարական ու մարտավարական ծրագրերով։ Այդ սկզբունքների խեղաթյուրումը, ծրագրերի նենգափոխումը պատեհապաշտությամբ եւ այսրոպեական շահերով քաղաքական ցանկացած միավորի վախճան է ազդարարում»։ Կուսակցության «Կենտրոն» տարածքային կազմակերպությունը հայտարարել է նաեւ, որ կուսակցության այսօրվա ղեկավարները իրենց «որդեգրած անսկզբունք, պատեհապաշտական եւ շահախնդիր դիրքորոշմամբ վարկաբեկում են այն բարի անունը, որն ուներ կուսակցությունը ստեղծման օրից ի վեր թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական դաշտում»։ Չցանկանալով դառնալ այս ամենի ակամա մասնակիցը, կուսակցության մասնաճյուղը եւ խորհուրդը աննպատակահարմար են համարել իրենց հետագա գործունեությունն այս կուսակցության ներսում։ Թե ինչպիսին են լինելու վերջիններիս հետագա քայլերը՝ «Կենտրոնի» անդամները դեռ չգիտեն։ Հավաստի տեղեկություններ կան միայն այն մասին, որ կուսակցության տարածքային մի քանի կազմակերպություններ եւս առաջիկայում, հավանաբար, կհետեւեն այս օրինակին։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ