«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՄԻ՛ ԿԱՌՉԵՔ» «Հոկտեմբերի 27. հասարակական-վերահսկողական հանձնախմբի» երեկվա հանդիպումը ճանաչված փաստաբան Ռուբեն Սահակյանի հետ էր։ Սակայն, ըստ էության, հանդիպումը ձախողվեց, որովհետեւ, ըստ փաստաբանի, իր գործը «դիլետանտի» հետ է, որին պետք է բացատրել քրեական-քաղաքացիական օրենսգրքերը։ Մի պահ նույնիսկ Ռ. Սահակյանը ոտքի կանգնեց հեռանալու համար. «Ես պատրաստ եմ թղթակիցների հետ հանդիպել ցանկացած տեղ, պատասխանել ցանկացած հարցի, բայց չեմ ուզում լսել այս կազմակերպության ղեկավարին, որին նույն բանը 10 անգամ բացատրել եմ, սակայն, կներեք, նա իր էշն է քշում»։ Իսկ Վարդան Պետրոսյանը, որը օրեր առաջ էր հայտ ներկայացրել հասարակական միություն ստեղծելու («Հայոց տուն»), փորձում էր ճշտել. ճի՞շտ է եղել հոկտեմբերի 27-ի գործով Ն. Բադալյանի, Մ. Մովսիսյանի, Ա. եւ Հ. Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում քննիչները, ինչո՞ւ բարոյական վնասի հատուցմամբ չեն բողոքում «կարճվածները», այլ խոսքով, որքանով էր ճիշտ գործը «սառեցնելը»… Ալեքսան Հարությունյանի շահերի պաշտպան (նախաքննության ժամանակ), փաստաբան Ռուբեն Սահակյանը խորհուրդ տվեց «իր պաշտպանյալին չկառչել», «իմ պաշտպանյալի սպիտակեղենի մեջ մի մտեք» եւ ապա «ի՞նչ է ձեր նպատակը» ասելով՝ մարտահրավեր նետեց նորահայտ կազմակերպությանը։ Ռ. Սահակյանը մի անգամ եւս շեշտեց, որ իր պաշտպանյալի՝ Ա. Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության, ապացույցների անբավարարության պատճառով։ Պաշտպանական մարտավարությունը թույլ չի տալիս որոշ դեպքերում մանրամասնել սեփական քայլերդ, ուստի Ռ. Սահակյանը զուսպ գտնվեց որոշ «գաղտնիքներ» ասել… դիլետանտներին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ հայցով չեն մտնում կարճվածները՝ պահանջելու իրենց նյութական եւ բարոյական վնասի հատուցումը, փաստաբանը հիշեցրեց, որ «քաղաքացիական իրավունքի մասնագետ տատիկներն ու պապիկները, հայրիկները» չեն մտածել փոխհատուցման ինստիտուտի մասին, եւ ընդհանրապես խորհուրդ տվեց դատարան դիմել «չդիմելու հարցով մտահոգվածներին»։ Առհասարակ, ես համաձայն եմ փաստաբանի այն մտահոգությանը, որ ապակողմնորոշում են հանրությանը, տուժողներին։ Բերենք մի օրինակ, «հասարակական պահանջ»արկի հեղինակներին, երբ ասում են. թող դատարանը արդարացներ Ն. Բադալյանին, Մ. Մովսիսյանին, Հ. եւ Ա. Հարությունյաններին եւ թող իրենք դիմեն դատարան։ Այդ ասողները լավ գիտեն, որ այս դեպքում մարդը պիտի դիմի, թե՝ իմ նկատմամբ քրեական գործ հարուցեք, մեղադրե՛ք, գործը մտնի դատարան ու… Համաձայնվեք, այս կարգի «կամավորներ» չեք գտնի։ Ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ