Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2000 00:00

ԼՂՀ դատախազությունը Այդ իրավապահ մարմինը անցած շաբաթ «թարմացրեց» Արմեն Աբգարյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը Սամվել Բաբայանի կարգադրությամբ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական քարոզչությանը հատկացրել է 345 հազար դոլար եւ 382 տոննա վառելանյութ։ Պարզ է, որ «կամպրամատը» ի հայտ է գալիս այն պահին, երբ դաշինքի անդամները ինչ-ինչ հարցերում ընդդիմադիր կեցվածք են դրսեւորում։ Հասկանալի է նաեւ, որ դատախազության աշխատաոճը հաշվի առնելով, Ամուլյան կարող էր խոստովանել, թե «ԻՄ»-ին է նվիրել Քուվեյթի մի ամբողջ հանքավայր։ Բայց բոլոր դեպքերում, աստղաբաշխական թվեր կրակելուց, «կամպրամատ» սարքողները չպիտի կորցնեն բանականության չափը։ Հմայակ Հովհաննիսյանը ՀԺԿ-ի «այլախոհը», ձգտելով նսեմացնել իր նախկին կուսակցական ընկերների դերն ու նշանակությունը, հայտարարել է, որ ԱԺ ներկայիս փոխնախագահ Գագիկ Ասլանյանը իր վարորդն է եղել։ Պրն Հովհաննիսյանը համեստաբար չափազանցնում է։ Ո՞վ է Գագիկ Ասլանյանը՝ նման մարդու վարորդ լինելու համար։ Ավելի տրամաբանական է ենթադրել, որ պրն Ասլանյանը միայն բացում էր Հմայակի «պադավատի» դուռը, իսկ վարորդի դերում էր ինքը՝ Արմեն Խաչատրյանը։ Այդ դեպքում պարզ է դառնում, թե ինչու վերջինս, նման տաժանակիր աշխատանքից հետո, այժմ երկարատեւ «ռեաբիլիտացիա» է անցնում արտասահմանյան շտեմարաններում եւ հյուրանոցներում։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Այդ գերատեսչությունը, հրապարակելով «Հայաստանի արտաքին առեւտուրը 99 թվին» զեկույցը, ապացուցել է, որ մեր տնտեսական վատթար վիճակի մասին լուրերը խիստ չափազանցված են։ Օրինակ, օրեցօր աճում է մեր առեւտուրը Մակեդոնիայի հետ, որտեղից մենք մեկ տարվա ընթացքում ներմուծել ենք օրգանական քիմիական միացություններ՝ 10 հազար դրամի եւ 20 դոլարի։ Կանադայից մենք 99 թվին բերել ենք ժամացույցներ եւ դրանց մասեր՝ 3 հազար դրամի եւ 5 դոլարի։ Բայց ամենափայլուն առեւտուրը մենք արել ենք Վատիկանի հետ, որտեղից նշված ժամանակահատվածում ներմուծել ենք կահույք, անկողնային պարագաներ եւ դրանց հարակից մասեր՝ 900 հազար դրամի եւ 1700 դոլարի։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել