Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2000 00:00

ԱՆՀՈՒՆ ՍԵՐԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՉԷ Հայաստանի ազգային հեռուստատեսությունը, որին անհիշելի ժամանակներից մեղադրում են միակողմանիության, պատվեր կատարելու եւ նման այլ մահացու մեղքերի մեջ, Տիգրան Նաղդալյանի օրոք իր վրա հրավիրեց աննախադեպ մեծ ուշադրություն։ Այն նախ եւ առաջ պայմանավորված էր քաղաքական պայքարով (ընդհուպ հոկտեմբերի 27-ը) եւ ոչ անկարեւոր մի հանգամանքով՝ ՀԱՀ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանի անձով։ Լավ հիշողություն ունենալ պետք չէ՝ մտաբերելու, թե հենց հոկտեմբերի 27-ից հետո ինչ լուտանքներ, բամբասանքներ, սպառնալիքներ էին հնչում նրա, նրա գլխավորած հեռուստաընկերության հասցեին։ Բանը հասավ նրան, որ պրն Նաղդալյանի պաշտոնանկության հարցը մի քանի ամիս քաղաքական բամբասանքների հիթ-շքերթում առաջին հորիզոնականն էր զբաղեցնում։ Մինչ օրս, սակայն, պրն Նաղդալյանն իր անփոփոխ «ճոխ» տրամադրությամբ շարունակում է աշխատանքը։ Ազգային հեռուստատեսությամբ վերջին շրջանում լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ասպեկտ» հաղորդաշարը, որն, ի դեպ, ուղիղ եթերով է հեռարձակվում, սկսել է ԼՂՀ ազգային հերոս Սամվել Բաբայանի բոլոր բարեմասնությունների գովքը. եթերից իր եւ իր հյուրերի շուրթերով Ց. Պասկալեւան պահանջում է Սամվել Բաբայանի դատավարությունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Թե քանի գլուխ ունի Տիգրան Նաղդալյանը նման բովանդակության հաղորդումներ, այն էլ ուղիղ եթերով, բաց թողնելու, չեն կարողանում հասկանալ անգամ ԼՂՀ իշխանությունները՝ նախագահ Ա. Ղուկասյանի գլխավորությամբ։ Վերջինս, ըստ մեր ունեցած լուրերի, ամեն անգամ հաղորդման ընթացքում զայրացած զանգահարում է «պատկան մարմիններին», այնտեղից էլ՝ պրն Նաղդալյանին։ Այս կապակցությամբ «Առավոտը» դիմեց Տիգրան Նաղդալյանին։ – Դուք ստորագրել եք ՍԻՄ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարության տակ, ուր պահանջվում է Սամվել Բաբայանի դատավարությունը տեղափոխել Հայաստան։ Այսինքն՝ լուրջ մտավախություն ունեք, որ ԼՂՀ-ում դատավարությունը օրինականության շրջանակում չի՞ անցնելու։ – Այն, որ հատուկ այդպես եմ գտնում կամ այդ հայտարարության նախաձեռնողն եմ, այդպես չէ։ Պարզապես կա՛ր նման նախաձեռնություն, եւ ես միացա դրան. ցանկացած քայլին, որը միտված է ապահովելու արդարությունն ու օրինականությունը, ես կողմ եմ։ Անկեղծ ասած, չեմ խորանում այս հարցի իրավական մանրամասների մեջ, բայց, կրկնում եմ, քանի որ կար նման նախաձեռնություն, հետեւաբար կար նաեւ այդ նախաձեռնության անհրաժեշտությունը։ – Ձեզ մեղադրում են կողմնակալության եւ նախագահ Քոչարյանի հանդեպ անհուն սեր տածելու մեջ։ Եվ հենց դա էր ժամանակին «Միասնություն» դաշինքի՝ ձեր պաշտոնանկությունը պահանջելու լեյտմոտիվը։ Սակայն այսօր դուք՝ ամենեւին էլ ոչ նախագահի հոժարությամբ, ՀԱՀ-ի ուղիղ եթերից ցուցադրում եք Պասկալեւայի հաղորդաշարը, ուր պաշտպանվում է ԼՂՀ ազգային հերոս Սամվել Բաբայանը։ Նախագահի կողմից կամ ԼՂՀ-ից ճնշումներ չե՞ն լինում։ – Ձեր ասածը վկայությունն է նրա, որ ինչպես այն ժամանակ սխալ էր մտածում «Միասնություն» դաշինքը, այսօր սխալ են մտածում նաեւ այդպես կարծողները։ Իմ անհուն սերը ոչ թե նախագահի, այլ իմ մասնագիտության հանդեպ է։ Եվ ով այլ կերպ է մտածում, պարզապես սխալվում է։ – Այսինքն, ուզում եք ասել, որ ոչ մի ճնշում ձեր կամ «Ասպեկտի» հեղինակի վրա՝ սահմանափակելու խանդավառությունը ձեր մասնագիտության հանդեպ, չկա՞ն։ – Նման խոսակցություններ տակավին չկան։ «Ասպեկտ» հաղորդաշարն առայժմ մեկ ամսով արձակուրդում է։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել