Անդրադառնալով խորհրդարանական ուժերի վերադասավորումներին եւ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունը բանակցություններ է վարում ԱԺ խմբակցությունների, այդ թվում նաեւ՝ «Օրինաց երկրի» հետ, այս կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեր թղթակցին տեղեկացրեց, թե կուսակցության անունից պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀԿ-ի հետ այս առնչությամբ որեւէ բանակցություն տեղի չի ունեցել։ Ավելին, կուսակցությունը մտադիր չէ առաջիկայում խորհրդարանական դաշինքի մեջ մտնել որեւէ ուժի հետ։ «Օրինաց երկիրը» համագործակցելու է բոլոր ուժերի հետ՝ 3 առաջնահերթ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ. «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունում, «Ընտրական օրենսգրքի» վերանայում, Սահմանադրական փոփոխություններ։
ՀՄԱՅԱԿԻ ԵՐԱԶԸ
«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀԺԿ վարչության անդամ Գագիկ Ասլանյանն ասաց, որ ժամանակին հենց Հմ. Հովհաննիսյանն էր շահագրգռված, որ Արմեն Խաչատրյանն ԱԺ խոսնակ դառնա, քանի որ աչքն Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի տեղի վրա էր։
Կարդացեք նաև
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՄԱՌ
Բագրատաշենի շուկայի շնորհիվ այսօր մոտ 40 հազար մարդ ապահովված է աշխատանքով (թեկուզ բեռնակրի, վաճառողի, պահակի եւ այլն)։ Շուկայի տարածքում կառուցվում է մաքսային ստուգումների կետ, որն ապահովված կլինի տեխնիկապես եւ ավելի կհեշտացնի մաքսային ստուգումները։
Մանրամասները՝ 4-րդ էջում։
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի երկրորդ կեսին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի դիվանագիտական աղբյուրները: