Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգոստոս 18,2000 00:00

ԼՂՀ դատախազությունը շարունակում է գրոհել Եվ կասկածի տակ է դնում ձեռքերի մաքրությունը Մամուլում երեկ տարածվել էր «Սնարք» գործակալության լուրը, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, «Յուպիտեր» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Աբգարյանը (Ամուլյա) ցուցմունքներ է տվել, որ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին, նախընտրական ծախսերի համար ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կարգադրությամբ, հատկացրել է 345 հազար ԱՄՆ դոլար։ «Մրակաց» արտադրական կոոպերատիվի տնօրեն Էդուարդ Վերդյանի ցուցմունքով էլ դաշինքին հատկացվել է 282 տոննա դիզվառելիք, 100 տոննա բենզին։ Այս լուրը ժամանակին դարձյալ սկսեց պտտվել, սակայն «Իրավունք եւ միաբանության» առաջնորդները միաբերան հերքեցին։ Ընդ որում, ցուցմունքներում բերված հատկացված գումարի չափերը լավ հաշվարկելու դեպքում կբավարարեին այս դաշինքի՝ առնվազն խորհրդարանական մեծամասնություն դառնալուն, իսկ հակառակ դեպքում տոննաներով դիզվառելիք օգտագործելով՝ տանկերով գրավելու իշխանությունը։ Քանի որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը տեղի չեն ունեցել, հետեւաբար, տված ցուցմունքները լրջորեն ուսումնասիրվելու պետք ունեն։ Ամեն դեպքում, «Առավոտը» դարձյալ դիմեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանին՝ խնդրելով պատասխանել, թե եթե այդքան գումար եւ վառելիք են ստացել, ինչի՞ վրա են ծախսել, եթե ոչ՝ պատրաստվո՞ւմ են դիմել դատարան՝ իրենց զրպարտելու համար։ «Մենք ո՛չ թե հերքում ենք այդ լուրը, այլ դա համարում զրպարտություն, որի քաղաքական շարժառիթները հասկանալի են։ Ի՞նչ է նշանակում հերթական անգամ նշել, թե այդպիսի ցուցմունքներ են եղել. այդ ցուցմունքները ժամանակին պետք է ստուգվեին»։ Ինչ վերաբերում է դատարան դիմելուն, պրն Խաչատրյանն ամենեւին չի շտապում այդ քայլին դիմել, պատճառաբանելով, որ. «Ամբողջ օրն իսկի մեր գործերը չենք հասցնում։ Հո չե՞նք կարող ամեն զրպարտության համար դատարան դիմել։ Եվ հետո՝ դրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց վրա արդարադատությունը չի տարածվում»։ Պրն Խաչատրյանը կոչ արեց բոլորին հետեւել օրինականությանը, որ դատավարությունների ընթացքում շանտաժի միջոցով չփորձեն փակել բերանները։ Խոսքը տվյալ դեպքում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի բերանի մասին է։ Հրանտ Խաչատրյանից փորձեցինք ճշտել նաեւ, թե Սամվել Բաբայանի դատավարությունը Հայաստանում անցկացնելու ստորագրահավաքը կազմակերպելու նպատակով, ճի՞շտ է, որ դիմել են մտավորականությանը, այսպես ասած՝ մեր դասականներին, սակայն նրանք, ցուցաբերելով քաղաքացիական արիություն, խուսափել են ստորագրել հայտարարությունը։ Պարզվեց, որ պաշտոնապես իրենք ոչ մեկին չեն դիմել։ Հայտարարության տեքստը տպագրվել է եւ այն ստորագրվել է կամավորության սկզբունքով. «Սա էնպիսի հարց է, որ մենք որպես կողմ հանդես չպիտի գանք»,- ասաց Հ. Խաչատրյանը։ Թեեւ դժվար է դրա հետ համաձայնել, ամեն դեպքում, հայտարարությանը միանում է նաեւ «Առավոտը»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել