Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Օգոստոս 17,2000 00:00

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՌԱԶՄԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ Հայկոոպի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի երկու նստաշրջանների պատգամավոր, այսօր՝ գործազուրկ, Ռազմիկ Դանիելյանի մասին խիստ իրարամերժ կարծիքներ են տարածված: Իրականում ի՞նչ պատահեց 1997-ին եւ դրանից հետո։ Հիշեցնեմ, որ լուրերից մեկն այն էր, թե Ռազմիկ Դանիելյանին, Ամերիկայից վերադառնալուց անմիջապես հետո, ձերբակալել են։ Այս մասին պրն Դանիելյանն ասաց. «Ես Ամերիկա գնացել եմ 98-ի նոյեմբերին, տեղյակ պահելով անձամբ նախագահին, Գերագույն խորհրդին։ Պարզ է, իմ ընտրովի պաշտոնից ուժային կառույցների միջոցով հրաժարական էի տվել»։ Ո՞ւմ ձեռնտու չէր Ռազմիկ Դանիելյանը։ Իր ասելով. «Շատերին, առաջինը՝ ես ինչ ընտրվել եմ Հայկոոպի նախագահ, միշտ Հայկոոպի շենքը ուզեցել են վերցնել։ Ես կոպիտ հրաժարվել եմ։ Հետո՝ շուկաներն էին ուզում, որոշ մարդիկ շուկաների համար ծածկ էին։ Ինձ առաջարկում էին վաճառել, բայց ես կոոպերատիվի գույքը ինչպե՞ս վաճառեի»։ Հայկոոպի մասին Ինչո՞ւ եւ ովքե՞ր էին շահագրգռված Ռազմիկ Դանիելյանին Հայկոոպից հեռացնել. «Երբ էդ ամեն ինչը սկսվեց, ես ուզեցի մտնել նախագահի մոտ: Բացառիկ դեպք էր, քանի որ մինչ այդ նախագահն իմ ցանկությամբ միշտ ինձ ընդունում էր, բայց այդ ժամանակ նախագահը ինձ չընդունեց։ Որ չընդունեց, հասկացա, ինձ էլ հասկացրին՝ սուս-փուս դիմում գրի, գնա։ Հրաժարական տվեցի։ Ես խիստ նյարդային ապրումների մեջ էի, ԳԽ-ի պատգամավոր, այդքան ծառայություններ՝ այս պետության կայացման, բանակի ձեւավորման գործում եւ հանկարծ՝ այսպիսի վերաբերմունք։ Այդ ամենը շատ վատ տարա, հիվանդացա։ Երեք ամսով մեկնեցի ԱՄՆ բուժման։ Հետո այս իրադարձությունները տեղի ունեցան։ Ինձ ի՞նչ էր մնում անել։ Մեկնեցի Ուկրաինա, աշխատանք դրեցի՝ ֆերմերական տնտեսություն է, արեւածաղկի, եգիպտացորենի արտադրություն է։ Այնտեղ հեշտ է, խոչընդոտներ չկան։ Դրանից հետո, նոյեմբերի վերջն էր, ինձ զանգեցին ասացին՝ դատարանում վկա ես, պիտի գաս վկայություն տաս։ Ես եկա, ինձ ձերբակալեցին 99-ի դեկտեմբերին։ Տարան բերդ՝ մի ցուցակ տվեցին, թե խանութներ ես վաճառել։ Դրանք 54 թվի կառույցներ էին, իրենց մաշվածությամբ համարյա ոչինչ չարժեին»։ Այնուամենայնիվ, 2 ամիս բանտում պահելուց հետո Ռազմիկ Դանիելյանին ազատ արձակեցին։ Ղարաբաղյան պատերազմի մասին – Ես 67 թվից ղարաբաղյան շարժման մեջ եմ, էն ժամանակ նպատակ կար Ղարաբաղին օգնել, հայկական դպրոցներ, թատրոններ բացել։ Ես զինվորագրվել եմ որպես ղարաբաղցի զինվոր, զինվորագրել եմ բարեկամներիս, տեղափոխել եմ Մարտունու շրջան, այնտեղ էլ մինչեւ վերջ մնացել են, այսօր էլ կան, նրանց 70%-ը բարձրագույն սպաներ են (ծնվել եւ մեծացել եմ Ղարաբաղի Մարտունու շրջանում)։ Ես ուզում էի պաշտպանել հայրենիքս։ Մարտունին այն շրջաններից է, որի որեւէ գյուղ որեւէ տուն թուրք չի մտել։ – Որտեղի՞ց էիք զենքը բերում։ – Երբ դեպքերը սկսվեցին, ես ինձ գցեցի ամենավտանգավոր գոտին, որտեղ հավանական զենք կար՝ Չեչենաինգուշեթիա։ Երասխի դեպքերից հետո, երբ… գնդացրով մտա Երասխ՝ Վազգեն Սարգսյանը Սուրկովի հետ կանգնած էր։ Սուրկովը զարմացել էր. «Էս զենքը նոր զենք է, որտեղի՞ց ես ճարել»։ – Հիմա է՞լ զենք ունեք պահած։ – Չէ, որտեղի՞ց։ Հանձնել եմ։ – Դուք զենքով եւ զինամթերքով բավականին օգնել եք Մարտունու եւ Ղարաբաղի պաշտպանությանը։ Որեւէ շքանշան ունե՞ք։ – Ես ոչ մի բանի կոչում էլ չունեմ։ Կան մարդիկ, որոնք զբաղվել են ընդհանրապես իմ անունը որոշ տեղերից ջնջելով։ Պատերազմի ընթացքում տեղեր կային, որտեղ միայն ես եմ եղել, դա կարող են հաստատել Կոմանդոսը, Դարիբալթայանը, դա կարող էր ասել Սամվել Բաբայանը, Վազգեն Սարգսյանը։ Դա կարող են ասել նրանք, ովքեր իսկապես կռվում էին Ղարաբաղում։ Այսօր ինչ-որ նոր մարդիկ են հայտնվել իբր թե կռվել են, հաղթել են։ Իրականում բոլոր կռվողներն իրար ճանաչում էին։ Օրինակ, չէր կարող Սամվել Գեւորգյանն ինձ չճանաչել։ Մենք միասին ենք ստեղծել Միացյալ ուժերի շտաբը։ Չէին կարող Հակոբյան Հակոբը (Լեդի- խմբ.), Զատիկյան Վահանը, Արմեն Արմենակյանը, Ապավենի Վրեժը ինձ չճանաչեին։ Թող ներեն, բոլորի անունը չեմ ասում, հազարավոր մարդիկ էին։ – 1997-ից դուք սկսեցիք ինչ-որ մարդկանց խանգարել։ Ովքե՞ր էին այդ մարդիկ։ – Կային մարդիկ, որոնք չբավարարվելով իրենց ունեցածով, ընտրովի պաշտոնն էլ շատ համարեցին եւ կազմակերպված խլեցին։ Ժամանակն արդար դատավոր է, ամեն ինչ կպարզի։ Հիմա որտեղ ենք հասել։ Եթե այդքան աղ ու հացը վերացել է, ուրեմն վերացել է։ Հիմա մենք ազգ չենք, հիմա մենք ժողովուրդ ենք։ Մենք ազգ եղել ենք մինչեւ 88 թիվը։ Նոմենկլատուրայի մասին «Նախկին Կոմկուսի գնացքից թռածները այն ժամանակ էլ պաշտոններ ունեին, այսօր էլ ունեն։ Միշտ էլ ցանկացած ղեկավարի հետ նրանք լեզու գտել են եւ այսօր էլ մնում են պաշտոններում։ Ասում են՝ ՀՀՇ-ն է երկիրը քանդել, ինչո՞ւ ՀՀՇ-ն։ 90 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, 96 նոմենկլատուրային աշխատողներից ո՞ւմ են ասել, թե ձեր ձայնը Տեր-Պետրոսյանին տվեք։ Ինչո՞ւ դեմ չքվեարկեցին։ Թող Մովսիսյանին ընտրեին, ինչո՞ւ չընտրեցին։ Որովհետեւ գնացքից վաղուց էին թռել։ Մաֆիա կազմած ցանկացած փոխվող ղեկավարի հետ լեզու են գտնում եւ մինչեւ այսօր էլ կան»։ Հարցազրույցը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել