Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 16,2000 00:00

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ Արդեն այսօր խորհրդարանական կուլիսներում միաժամանակյա բանակցություններ են վարում խորհրդարանական նախկին մեծամասնության փլատակների տակ մնացած երկու կուսակցություններն էլ՝ ե՛ւ ՀԺԿ-ն, ե՛ւ ՀՀԿ-ն։ Երկուսի մտահոգությունն էլ նույն է՝ չկորցնել ԱԺ-ում ունեցած դերակատարումն ու դիրքերը։ Ըստ էության, ՀԺԿ-ն արդեն համագործակցության վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության հետ։ Չի բացառվում, որ առաջիկայում այս դուետին միանա նաեւ Կոմկուսը։ ՀԺԿ մեր աղբյուրները տեղեկացնում են սակայն, որ այս իմաստով որոշակի խոչընդոտներ կան։ Կոմկուսը համաձայն է վերջիններիս հետ համագործակցել, եթե նրանք իրենց համագործակցության հիմքում, իբրեւ սկզբունք, ընդունեն «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Այս իմաստով միանշանակ չէ սակայն ՍԻՄ-ի, նաեւ՝ ՀԺԿ-ի դիրքորոշումը։ Մյուս կողմից ՀԺԿ-ԻՄ դաշինքը երկարատեւ համագործակցության երաշխիք չունի։ Հիմնական խոչընդոտը Արտաշես Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի ընդգծված ամբիցիաներն են։ Նրանք արդեն այսօր մտածում են, թե դաշինքի հաջողության դեպքում իրենցից ո՞վ է լինելու առաջին պլանում։ Համագործակցության պլյուսներն ու մինուսները հաշվառելուց զատ, ՀԺԿ-ն փորձում է հստակեցնել, թե ո՞րն է լինելու իր տեղը ներքաղաքական դաշտում։ Այն ընդգծված ընդդիմությո՞ւն, թե՞ կառուցողական կենտրոնամետ է լինելու։ Ըստ ՀԺԿ-ին հարող աղբյուրների, կուսակցությունը, թերեւս, հոգեբանորեն պատրաստ չէ կորցնել երբեմնի իշխանությունը։ Մյուս կողմից՝ ոմանք այստեղ հասկանում են, որ իշխանասիրությունը կարող է գցել կուսակցության վարկանիշը։ Մյուս կողմից՝ վարչապետն ու նախագահը ՀԺԿ-ի առաջադրած նախարարների կադրային ջարդ են սկսել։ Նախկին նախարարներ Ռ.Տոնոյանի եւ Ռ.Նազարյանի պաշտոնանկությունները փորձնական եւ պրոֆիլակտիկ բնույթ էին կրում։ Օրերս վարչապետի պահանջով աշխատանքից ազատվել է փոխնախարար Ռ.Զախարյանը։ Բոլոր դեպքերում վարչապետ Ա.Մարգարյանը պնդել է, թե կոնկրետ անձերի դեմ ոչինչ չունի, բայց հարցը քաղաքական է։ Սա, անշուշտ, քաղաքական շանտաժ է։ Վարչապետ Ա.Մարգարյանը ՀԺԿ-ին ստիպում է կողմնորոշվել եւ ընտրել՝ կամ ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ են, կամ՝ նրանց դեմ։ Քաղաքական դիտորդները պնդում են, որ եթե ՀԺԿ-ն սիրում է իշխանությունը, ստիպված է նախագահի եւ վարչապետի հետ համագործակցել։ Եթե կուսակցությունն ընտրում է սկզբունքն ու բարոյականությունը, ապա դատապարտված է ընդդիմադիր լինել։ Ոսկե միջինի ընտրությունը ՀԺԿ-ի պարագայում խարակիրիի նման բան է։ Առայժմ ՀԺԿ-ն իր թիկունքում մեծ ընտրազանգված ունի, ինչն ինքնին քաղաքական մեծ կապիտալ է, եւ, պատահական չէ, որ դրանից ուզում է օգտվել ԻՄ-ը, թեեւ ոչ մի երաշխիք չկա, որ Ա.Գեղամյանը վճռորոշ պահին պաշտոն ստանձնելը չի գերադասի այս համագործակցությունից, մանավանդ, որ 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ նա մի անգամ արդեն հուսախաբ է արել Կ.Դեմիրճյանին։ Իսկ մինչ ՀԺԿ-ԻՄ համագործակցությունը ծիլեր է տալիս, Հանրապետական կուսակցությունը՝ զգալով խորհրդարանում քաղաքական հարաբերակցության փոփոխման վտանգը, համարժեք քայլեր է ձեռնարկում՝ խորհրդարանական մյուս ուժերին իր շուրջ համախմբելու համար։ Մեր զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը չհերքեց, որ բանակցություններ են ընթանում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ։ Ինչպես ՀԺԿ-ԻՄ համագործակցության, այնպես էլ այս դեպքում հիմքը բաշխիչ ցանցերի համար քվեարկությունն է։ Գաղափարական կամ ծրագրային նմանությունների մասին տվյալ դեպքում խոսք լինել չի կարող. ՀՀԿ-ն աջ կենտրոնամետ ուժ է, ՀՅԴ-ն՝ ձախ։ Իհարկե, պարոն Թորոսյանը մեր հարցադրմանն ի պատասխան՝ հավաստիացրեց, թե ԲԷՑ-երի քվեարկությունը ցույց է տվել, որ ՀՅԴ-ի մասին սոցիալիստ բնորոշումը հնացած արտահայտություն է, եւ Դաշնակցությունն, ըստ էության, այլեւս ոչ թե սոցիալիստական, այլ կենտրոնամետ ուժ է։ Միաժամանակ հայտնի է դառնում, որ ՀՀԿ-ն բանակցություններ է սկսել նաեւ «Օրինաց երկիր», ԱԺՄ կուսակցությունների եւ «Հայաստան» խմբի մի մասի հետ։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Տ.Թորոսյանը։ Սակայն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, թե բանակցություններ չկան։ Թեեւ իրենք վարչապետ Ա.Մարգարյանին հանդիպել են, բայց զրույցն ընթացել է ոչ թե ՀՀԿ-ի հետ համագործակցության, այլ՝ երկրի սոցիալ- տնտեսական վիճակի մասին։ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն էլ հանկարծակիի եկավ մեր հարցադրումից, բայց քիչ անց արդարացավ, թե ինքն արձակուրդում էր եւ կարող էր տեղյակ չլինել։ «Հայաստան» խմբի պատգամավորներից մեկն էլ խոստովանեց, թե իրենք ԲԷՑ-երի քննարկումից հետո երբեք չեն հավաքվել, եւ նման խնդիր չկա։ Տպավորությունն այնպիսին է, որ բանակցություններ ընթանում են, բայց առայժմ գաղտնի։ Սրա հրապարակումը խառնում է այս կուսակցությունների խաղաթղթերը՝ փաստի առաջ կանգնեցնելով այս ուժերին։ Բացառված չէ, սակայն, որ Տ.Թորոսյանի հայտարարությունն այս ուժերի համագործակցության մասին միայն ցանկությունների արձանագրում է եւ համագործակցության հրապարակային առաջարկ։ «Հայաստան» խմբին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, թե խմբի անդամների գերակշիռ մասին ավելի հոգեհարազատ է ՀԺԿ-ն, եւ դրա պատճառները տարբեր են։ Առաջիկայում խորհրդարանում ներքաղաքական զարգացումների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից վճռորոշ կլինի այն, թե ՀԺԿ-ից կամ ՀՀԿ-ից ո՞վ թվով ավելի շատ կողմնակիցներ կունենա։ Քանի դեռ նոր դաշինքների կամ քաղաքական ալյանսների մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվել, դժվար է միանշանակորեն կանխատեսել, թե առաջիկայում խորհրդարանում ով ավելի ուժեղ դիրքեր կունենա՝ ՀԺԿ-ն, թե՞ ՀՀԿ-ն։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել