Այսպես կոչված «վրիժառուների» անստորագիր թռուցիկ-հայտարարությունը միանշանակ չընկալվեց հանրության կողմից։ Երեկ մենք ստացանք «Հայոց Տուն» ազգային-հայրենասիրական միության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Այդպիսի թռուցիկների տարածումը ոչ այլ ինչ է, քան հոկտեմբերի 27-ի ահաբեկչության շարունակություն, ավելի ճիշտ՝ նրա ավարտական փուլը՝ քննությունը վերջնականապես ձախողելու եւ մոռացության տալու անբարո փորձ»։ Հայտարարության հեղինակները գտնում են, որ «սադրիչ թռուցիկների հեղինակները» պետք է պատասխան տան, «որպեսզի հասարակական մեծ վտանգ եւ ապակայունացման սպառնալիք պարունակող նման սադրանքներն այլեւս չկրկնվեն»։ «Հայոց Տուն» ազգային- հայրենասիրական միությունը, նրան կից «Հոկտեմբերի 27» հասարակական-վերահսկողության հանձնաժողովը դիմում է ՀՀ գլխավոր դատախազին՝ «սադրիչներին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու» պահանջով եւ ազգային անվտանգության նախարարությանը՝ «ժամանակն է արթնանալ, կատարել ծառայողական պարտքը՝ ապահովել ազգի անվտանգությունը»։
ԱԺ-Ն ՄԱՔՐՎՈՒՄ Է 27-Ի ՀԵՏՔԵՐԻՑ
2000 թ. պետբյուջեով Ազգային ժողովին կապիտալ շինարարության համար հատկացումներ չեն արվել։ Սակայն, կառավարության որոշմամբ, խորհրդարանին 40 մլն դրամ է տրամադրվել հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ նիստերի դահլիճում, ճեմասրահում, ճաշարան տանող եւ մյուս միջանցքներում ահաբեկիչների արձակած գնդակների եւ պայթուցիկի պայթյունի հետքերը մաքրելու եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Միաժամանակ, շինարարական աշխատանքներ են տարվում օրենսդիրների համար անցագրային կետ կառուցելու համար։ Ինչպես տեղեկացրեց ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանը, սկսված շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ աշնանային նստաշրջանի սկիզբը։
Կարդացեք նաև
ՌՈՒԲԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՌՈՒԲԵՆԸ
ՀՅԴ խմբակցությունը համալրվեց եւս մեկ նոր անդամով։ ԿԸՀ-ի երեկվա նիստում որոշվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին։ Պատճառը վաղուց է հայտնի։ Ռուբեն Հակոբյանը հյուպատոս է նշանակվել Սանկտ Պետերբուրգում։ ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդը՝ Ռուբեն Հովսեփյանը, զբաղեցրեց իր անվանակցի տեղը։ Այսպիսով՝ խորհրդարանական ՀՅԴ խմբակցությունը ինը երեսփոխան ունեցավ։ Հետաքրքիր խմբակցություն է, խիստ մշակութային։ Անդամներից չորսը գիր ու գրականությանը մոտ կանգնած մարդիկ են։ Կարելի է ասել՝ ծանոթ անուններ հայ գրականության համար՝ Աղվան Վարդանյան, Ռուբեն Հովսեփյան, Ալվարդ Պետրոսյան, նաեւ՝ Մուշեղ Միքայելյան։ Եթե որպես պատգամավոր նույնքան տաղանդավոր լինեն, որքան որպես գրող եւ բանաստեղծ, ուրեմն՝ խորհրդարանի բախտը բերել է։
ՉԿԻՍՎԱԾ ՍԵՐ
Յուրաքանչյուր ամսվա 6-ին լրագրող Վահրամ Աղաջանյանը պետք է ներկայանա ԼՂՀ ՆԳ բաժին։ Անցյալ շաբաթ ՆԳԲ ներկայացուցիչ պրն Առուստամյանը զանգահարել է Վահրամենց տուն, որպեսզի վերջինս ներկայանա բաժին եւ ասի, թե ինչ հանցագործություններ է կատարել անցյալ ամսվա ընթացքում։ Քանի դեռ Վահրամ Աղաջանյանը գտնվում է Երեւանում եւ չի կարող ներկայանալ ԼՂՀ ՆԳՆ, նախընտրեց «Առավոտի» միջոցով տեղեկացնել պրն Առուստամյանին, որ մարդ չի բռնաբարել, հոդված չի գրել, գողություն չի արել։ Միակ օրինախախտումը, որ նա իրեն թույլ է տվել, դա չկիսված սերն է հայրենիքի հանդեպ, ինչն, ըստ ԼՂՀ քր. եւ քաղօրենսգրքերի, պատիժ չի ենթադրում։ «Հայրենիքը պետք է հեռվից սիրել, կնստեցնի, թե շատ մոտենաս»,- ասաց Վ. Աղաջանյանը։
ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐ
Հինգշաբթի օրը կրկին լույս կտեսնի աղմկահարույց «Շրջան» եւ «Օրեր» թերթերի հիմնադիր, ներկայումս Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի «Երեւանյան օրեր» շաբաթաթերթը։ Թերթի գլխավոր խմբագիրն է ՊԿ քարտուղար Թաթուլ Մկրտչյանը։ «Երեւանյան օրերի» կարգախոսն է՝ «Հանուն հանրապետության եւ օրինականության»։ Նույնանուն նախաձեռնող խմբի 11 անդամներից են նաեւ թերթի շուրջ համախմբված Ստեփան Դանիելյանը, Սերգեյ Բարսեղյանը, Պետրոս Մաքեյանը, Շանթ Հարությունյանը եւ այլք։
ԲԱՑՎԵՑ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՋԸ
Հայ մեծ բանաստեղծին նվիրված ինտերնետային էջին այսուհետ կարելի է ծանոթանալ www.acc.am/՜kr/Charencs հասցեով։ Էջում զետեղված են Չարենցի հիմնական ստեղծագործությունները։
Սեփ. լր.