Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 16,2000 00:00

«ՈՐ ՍՐԱՆՑ ՏԱՄ, ՄՅՈՒՍՆԵՐԻՆ Ի՞ՆՉ ԱՍԵՄ» Կառավարության շենքը օղակել էր ոստիկանների համերաշխ շարքը։ Ժողովրդի ներկայացուցիչներն իրենց իսկ նմաններից փորձում էին պաշտպանել վարչապետին, Նախարարաց ամբողջ դասը։ Թեպետ կառավարության շենքի մոտ հավաքվածներից լուրջ չէր լինի հեղափոխական հարված սպասել։ Երեկվա հավաքվածներն ավելի շատ խաղաղ ցուցարարներ էին, խոսքով ցույցի ելածներ, մեկը նույնիսկ ուշաթափվեց։ Մարդիկ ջուր եւ աթոռ հասցրին, պարզվեց՝ կինը քաղցած է։ «Արմենիա» բանկի խաբված ավանդատուներն էին՝ իրենց ավանդական բողոքով։ 6 տարի շարունակ բողոքում են, բայց՝ անարդյունք։ Վերջին անգամ չորս ամիս առաջ են դիմել, երեկ եկել էին բողոքի պատասխանը ստանալու։ Ինչպես միշտ, մարդկանց համոզեցին, թե իրենց մասին մտածող կա, միայն թե թող ցրվեն, թող ցրվեն ու «մնան նամակի սպասող»։ Ավանդատուների ձայնը սովորաբար լսող չի լինում։ Երեւի այս հանգամանքը նկատի ունենալով, երեկվա հավաքվածներն իրենց հետ բարձրախոս էին բերել։ Այնքան բղավեցին բարձրախոսի մեջ, մինչեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լսեց, եւ…։ Չէ, ինքն ինչո՞ւ պետք է իջներ ժողովրդի մեջ։ Նրա փոխարեն այդ բանն արեց աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը։ Վերջինս էլ որոշ պարզաբանումներ տվեց, որոշ խոստումներ, եւ հարցը օրվա կտրվածքով փակված համարվեց։ Բայց կառավարության շենքում աշխատողների օրը օր չէր։ Եկել էին ոչ միայն խաբվածները, այլեւ Հայրենական պատերազմի վետերանները։ Վերջիններս հաճախ են գալիս հարազատ կառավարության գիրկը, պահանջում են, որ իրենց եւս թոշակավորեն այնպես, ինչպես ժամանակակից պատերազմի մասնակիցներին են թոշակավորում։ Բայց, ակնհայտորեն սա եւս չլուծվելիք հարցերի մեջ է։ Բյուջեն բոլորի ուզածը որ տա, իր ճեղքվածքներն ո՞վ է փակելու։ Ուզես-չուզես Զիմզիմովին ես հիշում. «Խաբած ենք ու խաբված ենք, որ սրան տամ, մյուսներին ի՞նչ ասեմ»։ Հիմա մեր ճեղքված բյուջեն ո՞նց անի. էն ՀԲ-ն էլ կարգին փող չի տալիս, SAC-3, SAC-4-ի մասին էլ չխոսենք։ Հետո ինչ, որ պետեկամուտների նախարարությունը վարչապետին հաճոյանալու ժեստ արեց եւ հուլիսի հարկերը սպասվածից ավելի հավաքեց։ Երկիրն այնքան ծակուծուկեր ունի. ո՞րը լցնի Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը։ Շո՞գն է, ի՞նչ է պատճառը, ժողովուրդն էլ ոչինչ չի հասկանում, կառավարության շենքից չի հեռանում։ Թողեք՝ աշխատեն, է՛լի։ Երեկ, ընդհանրապես կառավարության օրը չէր։ Խաբվածներից ու վետերաններից բացի Բանգլադեշի բնակչությունն էլ էր եկել (Հարավ-Արեւմտյանը նկատի ունեմ- խմբ.)։ Վթարային թիվ 39 շենքի բնակիչներն էին. «Բա որ շենքի պատերը փլվեն մեր գլխին, ո՞վ է պատասխան տալու»։ Ի՜նչ միամիտ ժողովուրդ ենք եղել՝ ի՞նչ պատասխան, ո՞ւմ հոգսն է։ Թողեք՝ աշխատեն, է՛լի։ Գիշերը ցերեկ են անում, էլի էս ժողովուրդը դժգոհ է։ Անհատական նախաձեռնությամբ եւս մի քանի մարդ էր հավաքվել։ Մեկը պատմում էր, որ երեք ամիս է, հաշմանդամ է, թոշակ չի ստանում, մեկի բնակարանի վերաբերյալ դատարանը սխալ որոշում էր կայացրել, եւ ինքը հիմա ոչ միայն բնակարան չունի, այլեւ՝ դրանից բխող անհրաժեշտությունները։ Հարեւանի պետքարանից է օգտվում։ Բա եղա՞վ, այս խոսքերը 10-րդ կառավարությանն ասվելիք խոսքե՞ր են։ Այդ բոլորն այս կառավարության օրոք չեղավ, որ այս կառավարությունը հարցերը լուծի։ Թողեք՝ աշխատեն, է՛լի, ի՞նչ եք «չամռվել»։ Սա մենք չասացինք, սա խիստ ժամանակակից եւ խիստ «մակարդակով» բառ է։ Վերեւներում են գործածում։ Մի ծերունի էլ անպայման ուզում էր «Էս կուսակցության (ծերունին հավաքված ժողովրդին էր մատնացույց անում- խմբ.) նախագահի հետ հանդիպեմ, մեր դարդը պատմեմ։ Ինչի՞ դուրս չի գալիս մեր մեջ, ինքը ինչի՞ց ա վախենում, ինչի՞ մի հեռուստախոսք չի ասում, թող ասի՝ էսպես ու էսպես, ժողովուրդ ջան, դիմացեք, լավ կլինի։ Կամ էլ թող ասի՝ գնացեք կոտորվեք, հեչ բան էլ չի լինի»։ Չգիտես՝ ինչու, պապիկը կառավարության շենքի մոտ էր եկել եւ ոչ թե գնացել էր նախագահի նստավայր։ Իսկ ավելի լուրջ՝ ժողովուրդը հոգնած է, սոված է եւ զզված, պարոնա՛յք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել