Հավաստի աղբյուրների համաձայն՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո շարքային երկրապահները՝ երկրապահների «Էլիտային» իրենց աջակցությունը ցույց տալու նպատակով, առավոտից մինչեւ ուշ գիշեր հավաքվում էին ԵԿՄ-ի շենքի տարածքում. այնտեղ սնվում էին, զրուցում։ Քանի որ կրկեսի տարածքը հայտնի է գիշերային թիթեռնիկների առատությամբ, իսկ հավաքված տղերքն էլ ամբողջ օրը գերլարված վիճակում էին, ստիպված էին օգտվել սույն թեթեւ բարքի տեր աղջիկների ծառայություններից։ Արդյոք դա բերել է անցանկալի վարակների աճի երկրապահների շարքերում, ստույգ հայտնի չէ։
ԴԱՏԱՎՈՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԻՆՔԶԻՆՔԸ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում դատավոր Իսկուհի Վարդանյանը երեկ որոշում կայացրեց՝ Աշոտ Բլեյանին հեռացնել դատարանի դահլիճից։ Որպես որոշման հիմք վկայակոչվեց դատարանների նախագահների խորհրդի 12.02.2000 թ. թիվ 20 որոշման 7-րդ կետը։ Տիկին դատավորը մի որոշման պոչից գնալով՝ մոռացավ ՀՀ ամբողջ դատաիրավական հիմքերից կարեւորը՝ դատական նիստի ժամանակ պետք է ներկա լինեն երկու կողմերը, առանց ամբաստանյալի մասնակցության չի կարելի քննել նրա հարցը, լսել վկաներին եւ որոշում կայացնել։ Բայցեւայնպես, այսօր նիստը կընթանա Աշոտ Բլեյանի չմասնակցությամբ։
Կարդացեք նաև
ԱՍԱ ՈՎ Է ՀԱՐԵՎԱՆԴ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ
Գազանանոց տանող ճանապարհին, Վանո Սիրադեղյանի տան հարեւանությամբ, շինարարություն է ընթանում։ Այստեղ երկհարկանի իր սեփական տունն է կառուցում ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ Լեւոն Սարգսյանը՝ նույն ինքը՝ «Ալրաղացի Լյովիկը»։ Վ. Սիրադեղյանի հարեւանը լինել, թերեւս, ե՛ւ դրական է, ե՛ւ բացասական։ Միայն թե, տա Աստված, որ Լ. Սարգսյանը չարժանանա Վ. Սիրադեղյանի ճակատագրին։