Օգոստոսի 23-ին հայոց անկախ պետականության հաստատման գործընթացի 10 տարին է լրանում։ Անկախության հռչակագրի ընդունումը սակայն մեծ ոգեւորություն չի առաջացրել իշխանությունների սրտերում։ Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ նախագահը նշել անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, նախագահ Քոչարյանի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Պաշտոնապես այդ օրը տոների ցանկում ընդգրկված չէ, եւ թե ի՞նչ միջոցառումներ կլինեն, չեմ կարող ասել, բայց նախագահը ինչ-որ ձեւով կարձագանքի»։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է նախագահ Քոչարյանը արձագանքի։ Գուցե մեդալնե՞ր կբաժանի, շնորհավորական ուղե՞րձ կհրապարակի կամ, որ ամենից հետաքրքիրը կլինի՝ նախագահականում հրավերք կկազմակերպվի, որին կհրավիրվեն բոլոր «նախկինները»։ Վա՞տ կլինի, եթե Անկախության հռչակագրի 10-ամյակի առիթով Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը միասին բաժակ բարձրացնեն։
Կառավարությունը եւս հատուկ չի նշի Անկախության հռչակագրի 10-ամյակը։ Կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը հայտնեց. «Քանի որ եկող տարի լրանում է անկախության 10-ամյակը, ապա ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ, այդ թվում՝ նաեւ Հռչակագրի կապակցությամբ, տեղի կունենան եկող տարի։ Իսկ այս տարի վարչապետը հանձնարարականներ է տվել քաղաքապետին, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարին, որ տեղերում միջոցառումներ կազմակերպեն Հռչակագրի 10-ամյակի առիթով»։
Մ. Ե.