Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգոստոս 15,2000 00:00

Անգամ պատրաստ են պոկել միմյանց մազերը Պետական բուհ ավարտած հայ ժողովրդի զավակների հիմնական մասը տարիներ անց դժվարությամբ է վերհիշում իր ֆակուլտետի կամ մասնագիտության լրիվ անվանումը։ Այդպիսիք կային նաեւ մեր կուրսում, որոնք թելադրության մեջ առաջին կուրսում 40-ից 50 ուղղագրական կամ կետադրական սխալներ էին անում, պարզվում էր 5-րդ կուրսում տգիտությունը նվազում էր մինչեւ 20-25 սխալի։ Հետո պարզվում էր, որ այսինչ գյուղում ուսուցչություն են անում, այսինքն՝ գրագիտություն են սովորեցնում աշակերտներին։ Սակայն սրանից զավեշտական լուծումներ էլ կան, երբ մտքի նման գիգանտները մասնավոր բուհեր են բացում հեռավոր շրջաններում եւ գյուղերում։ Հանրապետությունում, ըստ կրթության եւ գիտության նախարարության լրատվության բաժնի պետ Սերոբ Խաչատրյանի, գործում է 84 ոչ պետական համալսարան, որից 34-ը՝ մարզերում (յուրաքանչյուր մարզի բաժին է ընկնում մոտ երեքուկես համալսարան)։ Քանի որ մարզերում բնակվում են ոչ միայն համալսարանական կրթության սիրահարներ, այլեւ՝ տեխնիկումային (տեխնիկումն ու քոլեջը համարժեք մեծություններ են) այս կրթության տեսակի ջատագովների համար մարզերում գործում է 49 տեխնիկում։ Քանի որ հանրապետության ուսումնատենչ շրջաններից մեկը Նոյեմբերյանն է, ուր այնքան մեծ է ուսման հանդեպ ծարավը, որ համարյա ամեն մեկն իր պարտքն է համարում մի քանի կովի վաճառքից ստացված գումարով ուսումնարան բացել։ Այսպես, 1999-2000 թթ. ուսումնական տարում Բագրատաշենում հայտնվեց մի հաստատություն։ Գյուղացիների պատմելով՝ սա մի հրաշք հաստատություն է, որն ընդամենը տասը ամսվա ընթացքում պատրաստում է մանկավարժներ եւ որպես դրա վկայություն՝ տասը ամիսը լրանալուն պես՝ մանկավարժի դիպլոմ է տալիս։ Սույն ուսումնական հաստատությունը՝ ոգեւորված հմուտ մանկավարժական դարբնոցի իր առաքելությունից՝ սկսել է ընդարձակվել դեպի հարեւան Այրում ավան, ուր մասնաճյուղ է բացել։ Այժմ Այրումից ուղղություն է վերցրել դեպի հարեւան Արճիս գյուղը։ Նոյեմբերյանում սա միակ անոմալիկ դեպքը չէ։ 97 թվականից աշխարհագրական այս վայրում միաժամանակ սկսեցին գործել մի քանի ապօրինի ուսումնական հաստատություններ։ Դրանցից են Վանաձորի «բուժքույրական ասպիրանտուրան» (այս ձեւակերպումը Վանաձորի ներկայացուցիչն արտաբերել է Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստատեսությամբ)։ Դեռեւս 97 թվականից դադարեցված է ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորումը, սակայն այս անկարեւոր փաստից չազդվելով եւ տեղական իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ մտնելով՝ բացվում են նմանատիպ ուսումնական հաստատություններ՝ ոտնահարելով տեղում արդեն գործող, լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունների իրավունքները, միմյանց ձեռքից դիմորդ խլելով եւ վերջում, ոչինչ չսովորեցնելու դիմաց, ինչ-որ ստվարաթղթե վկայական տալով։ Հայտնի դեպք կա, երբ երկու ուսումնարանների տնօրինուհիներ՝ հեռավոր շրջաններից մեկում միմյանցից դիմորդ փախցնելու նպատակով, նույն այդ դիմորդների աչքի առաջ իրար մազ են պոկել եւ անվայելուչ արտահայտություններ արել։ Վերջիններս, ի դեպ, բարձրագույն կրթություն ստացել էին արդեն պետական բուհերում։ Նման գռեհիկ եւ տգետ մանկավարժների տնօրինության տակ սովորելը տհաճ է, սակայն ոչ մի լծակ կրթության եւ գիտության նախարարությունը չունի՝ բացի իր հերթին նրանցից կաշառք վերցնելուց եւ աչք փակելուց տգիտություն տարածող այդ հաստատությունների գործունեության վրա։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել