Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 15,2000 00:00

ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ «Ազատություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի էքսվարչապետ Հրանտ Բագրատյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին 2000 թ. հունիսի 22-ին «Հայոց աշխարհ» օրաթերթի թիվ 115-ում հրապարակված «Դու գողացածդ ետ տուր, հարկերդ մենք կվճարենք» հրապարակման առիթով, ինչպես նաեւ՝ 2000 թ. հունիսի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Հայացք» հաղորդման ժամանակ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հայտարարության դեմ: Հայտարարության մեջ Ա. Սադոյանը հայտնում է, որ Հրանտ Բագրատյանը բաժին է ունեցել այն նավթից, որ ներկրվել է Բաթում, տեղի գործարանում վերամշակելու եւ Հայաստան առաքելու նպատակով։ Արշակ Սադոյանի այս հայտարարությունը, ինչպես նաեւ՝ «Հայոց աշխարհի» հրապարակումը Բագրատյանը զրպարտանք է համարել եւ պահանջել է քրեական գործ հարուցել երկու դեպքում էլ։ Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Հրանտ Բագրատյանի բողոքներին եւ ի՞նչ է պատասխանել։ «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին հետեւյալը։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը մերժել է ե՛ւ Արշակ Սադոյանի, ե՛ւ «Հայոց աշխարհի» դեմ քրեական գործ հարուցել։ Դատախազությունն առանձնապես խոշոր չափերի մեղավոր չէ։ Իրականում ե՛ւ Արշակ Սադոյանը, ե՛ւ «Հայոց աշխարհը» հրաժարվել են իրենց իսկ ասածներից։ Արշակ Սադոյանի մասով։ Վերջինիցս իր ասածների համար բացատրություն է վերցվել։ Որքան էլ տարօրինակ է (պարզապես ավելի հարմար բառ չգործածենք), վերջինս բացատրության մեջ, փաստորեն, հրաժարվել է իր ասածներից։ Նա հայտնել է, որ հիշատակված հաղորդման ժամանակ հրապարակվել են ՀՀ ԱԺ հանձնաժողովի կողմից հայտնաբերված փաստերն այն մասին, որ հում նավթի գնման եւ վերամշակման վերաբերյալ պայմանագիրը սխալ գործարք է եւ Հայաստանին խոշոր չափի վնաս է պատճառել։ Արշակ Սադոյանը հայտնել է նաեւ, որ Հ. Բագրատյանի նկատմամբ անձնական խնդիրներ չունի, վերջինիս զրպարտելու միտում չի ունեցել եւ այդ նպատակով չի հայտարարություն արել։ Իսկ հեռուստահաղորդման ժամանակ հնչած այն հայտարարությունը, թե Հ. Բագրատյանը հում նավթի վերամշակման գործարքի ուսումնասիրությամբ սեփական փայաբաժինն է ավելացրել, ապա Ա. Սադոյանը՝ գլխավոր դատախազությանը տրված բացատրության մեջ ասում է, թե ինքը այդ արտահայտությունը փոխաբերական իմաստով է կատարել։ Բնական հարց է ծագում. բազմահազար հարգելի ռադիոլսողների համար ելույթ ունեցող պրն Սադոյանի ուրիշ ո՞ր հայտարարություններն են փոխաբերական իմաստով, թե՞ բոլորն էլ փոխաբերական են։ Այդ դեպքում ո՞ւր մնաց մազութի բազմաչարչար թեման։ Գուցե մազութն է՞լ փոխաբերություն է։ Հասկանալի է, որ գլխավոր դատախազությունը, պարզապես, չի կարող փոխաբերական իմաստով քրեական գործ հարուցել։ «Հայոց աշխարհի» մասով։ Վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ գլխավոր դատախազությունը բացատրություն է վերցրել նաեւ «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանից։ Վերջինս հայտնել է. «Հանցավոր անգործություն եւ հանցավոր գործունեություն» արտահայտությունների համար հիմք են հանդիսացել ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցում պարունակվող փաստերը եւ Հ. Բագրատյանի օրոք աշխատած 15 պաշտոնյաներին՝ էներգակիրների յուրացման համար դատապարտելու հանգամանքը։ Օրաթերթը Հ. Բագրատյանին զրպարտելու եւ վարկաբեկող տեղեկատվություն տարածելու նպատակ չի ունեցել, այլ միայն կրկնել է ԱԺ հանձնաժողովի զեկույցը»։ Բացի այդ, Գ. Մկրտչյանը հայտնել է, որ վերոհիշյալ հոդվածում ոչ մի անգամ չի նշվում, թե գողությունը կատարել է ինքը՝ Հ. Բագրատյանը։ Հոդվածից մեջբերումներ չանենք, կրկին կարդանք վերնագիրը միայն. «Դու գողացածդ ետ տուր, հարկերը մենք կվճարենք»։ Այնուհետեւ ամբողջը Հրանտ Բագրատյանի մասին է։ Այսպիսի բաներ։ Զրպարտել եւ հրաժարվել դրանից, սա նորություն չէ։ Գլխավոր դատախազությունն էլ ե՛ւ Արշակ Սադոյանի ե՛ւ Գագիկ Մկրտչյանի բացատրությունները հալած յուղի տեղ դնելով, չխորանալով բուն նյութերի մեջ, որոշել է, որ վերջիններիս արարքներում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածով նախատեսված արարքի՝ զրպարտության հատկանիշները եւ ըստ այդմ մերժել է քրեական գործ հարուցել։ Մեր կողմից ավելացնենք, որ երկու դեպքում էլ ասվում է, թե հիմք են ընդունել ԱԺ-ի հանձնաժողովի զեկույցը, սակայն ե՛ւ Արշակ Սադոյանի, ե՛ւ Գագիկ Մկրտչյանի ելույթներում հանձնաժողովի զեկույցից ոչինչ չկա։ Փաստորեն, հանձնաժողովը չի ասում. «Դու գողացացդ ետ տուր»։ Ոչ մի տեղ հանձնաժողովը Հրանտ Բագրատյանի մասին ոչ մի բացասական ակնարկ չի անում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել