Հարգելի պրն Աբրահամյան,
Գրում եմ Ձեզ, որովհետեւ բողոքելու այլ տեղեր չունեմ, եւ վստահ եմ, որ իրավասու մարմիններն իմ բողոքը պարզապես արհամարհելու են: Ես ապրում եմ Վարդաշենի 6-րդ փողոցի սեփական շենքերից մեկում զառամյալ ծնողներիս եւ տղայիս հետ: Հարեւաններս, օգտվելով այն հանգամանքից, որ մենք որեւէ տեր, տան տղամարդ չունենք, պարզապես հալածում են մեզ: Նախ՝ նրանք կամայականորեն անջատել են մեր ջուրը, որն իրենց խանգարում է: Իսկ վերջերս՝ հուլիսի 22-ին, մեր հարեւան Վարդան Ստեփանյանը հարձակվել եւ բռնություն է կիրառել մորս հանդեպ:
Ես դիմեցի Էրեբունու ՆԳ բաժին, սակայն Կարեն անունով քննիչը, բնականաբար, հարցը լուծեց հօգուտ մեր հարեւանի՝ պատճառաբանելով, թե վկաները ցուցմունք չեն տալիս հարձակվողի դեմ: Ինձ համար ամեն ինչ պարզ է՝ Վարդան Ստեփանյանի եղբայրը «օրգանի» աշխատող է (կարծեմ, ներքին զորքերում ինչ-որ պաշտոնյա է), եւ նրա հետ ոչ ոք չի ցանկանում հարաբերություններ փչացնել: Մեր հարեւանը սիրում է պարծենալ իր «շրջապատով»՝ հասկանալով, որ դրա շնորհիվ ինքն անպատժելի է: Այդպես էլ ասում է՝ ուր ուզում ես բողոքիր, իմ թուրն ամեն տեղ կտրում է: Եթե մենք «օրգանում» բարեկամ չունենք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք անպաշտպան ենք: Ենթադրում եմ, որ, եթե վաղը ոստիկանական «շրջապատ» ունեցող հարեւանս մեզ պարզապես դուրս քշի մեր տնից, «օրգանը» դարձյալ ծպտուն չի հանի:
Հարգանքներով՝
ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՒՇԱԴՅԱՆ