Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգոստոս 15,2000 00:00

ԴԱՐՁՅԱԼ ՋՐԵՐ ԷԻՆ ԼՑՐԵԼ Ամբոխները խելագարված Չարենցի տուն-թանգարան երեկ հասա այն պահին, երբ տուն-թանգարանի աշխատակիցները (որոնք բացառապես կանայք են) դեպի պատշգամբ էին քարշ տալիս թրջված ու ծանրացած ուղեգորգերը, փալասներով մաքրում էին հատակի ջուրը, արեւին էին տալիս թրջված աթոռները։ Տուն-թանգարանը հիշեցնում էր Չարենցի վերջին կացարանը՝ մութ էր ու խոնավ։ Հերթական անգամ բնակելի շենքում տեղակայված նրա թանգարանը «ջրել» էին վերեւի հարեւանները։ «Կարծես թե այս թանգարանն անիծված լինի,- ծանր ուղեգորգը քարշ տալը թողնելով մյուս աշխատակիցներին պատմում էր տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։- Վերեւի հարկում նույն բնակարանում առաջ երեք ընտանիք էր ապրում ու անընդհատ ջուր էին լցնում մեր գլխին։ Էդ բնակիչները տունը վաճառեցին, մենք էլ ազատ շունչ քաշեցինք, մտածեցինք՝ պրծանք դրանցից։ Բայց հիմա մի ավելի ահավոր աղետ եկավ մեր գլխին»։ Այդ բնակարանը այժմ մի «նոր հայ» է գնել, որը Մոսկվայում է։ Սակայն գնալուց առաջ նա բանալիներն ինչ-որ երիտասարդ տղաների է հանձնել, «որոնք երբեմն-երբեմն այցելում են բնակարան, չգիտեմ ինչ տոնախմբություն, խնջույքներ են կազմակերպում, հետո ջրերը բաց են թողնում եւ հեռանում են»։ Երեկվա «ջրհեղեղը» բազմաթիվ նախադեպեր է ունեցել. դրանց թիվն անգամ ամենահին աշխատակիցը չկարողացավ հիշել։ «Անցյալ տարի նույն պատմությունը մեր գլխին եկավ,- շարունակում էր տիկին Հակոբյանը,- էլի՛ բնակիչը, նա էլ պարսկահայ էր, նույնը մեր գլխին կատարեց նա։ Մենք ինը հատ մեծ գորգ ենք լվացել, բոլորը ցեխի, գաջի, կեղտի մեջ։ Գիտե՞ք, թանգարանում բոլորը կանայք են աշխատում, մեզ համար շատ դժվար է այդ ծանր գորգերը բարձրացնել, լվալ, փռել արեւի տակ, մյուս օրն առավոտյան գալ, նորից տանել»։ Տուն-թանգարանի ողջ առաստաղը եւ պատերը թաց էին, թաց էր նաեւ թանգարանի այն հատվածը՝ ֆոնդը, ուր գտնվում են Չարենցի արխիվի մեծ մասը, ձեռագրերը, որոնք, հասկանալի է, խոնավացած եւ խունացած վիճակում են։ Իրավապահ մարմինները, ԲՇՏ-ն միշտ տեղյակ են պահվել. «Էս վթարները գալիս են, խեղճերը, իրենք վերացնում։ ԲՇՏ-ի ներկայացուցիչը էսօր էլ եկավ»։ Ֆոնդի ձեռագրերը տուն- թանգարանի աշխատակիցները պետք է դուրս հանեն, տեղավորեն այլ տեղ, մինչեւ ֆոնդի պատերը չորանան։ Բյուջեից թանգարանին, ինչպես տնօրինուհին ասաց, ոչ մի լումա չի հատկացվում, «անգամ օճառի փող չեն տալիս։ Տալիս են միայն աշխատավարձ, այն էլ 3-4 ամիսը մեկ։ Մեզ բացարձակապես ոչ մի բանի համար բյուջեից փող չի հատկացվում։ Թանգարանն այսօր չի աշխատի, քանի որ կանայք պետք է վերացնեն «ջրհեղեղի» բոլոր հետքերն ու հետեւանքները, բայց այսօրվա համար նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, եւ 75 հոգիանոց երեխաների խումբ պետք է գա թանգարան։ Եթե գան, ստիպված կլինենք այս վիճակում էլ ընդունել, բայց, կարծում եմ, թանգարանը երկու-երեք օր կփակենք»։ Բնակշահագործման տնտեսությունն ակտ է կազմել, որ վերեւի բնակիչը հատուցի իր անփութության պատճառով հասցված վնասները, որը, սակայն, ինչպես տնօրինուհին է կարծում, չի հատուցվի. «Անցյալ անգամ էլ նույն պատմությունը եղավ, վնասներն ավելի մեծ էին՝ շատ մեծ՝ երեք հարյուր դոլարից ավել, չհաշված, որ ողջ գրադարանը ջրի մեջ էր, բայց չփոխհատուցվեց։ Բնակիչը խոստացավ, թե կհատուցի, բայց էդպես էլ չհատուցեց»։ – Կոնկրետ ի՞նչ մասունքներ են փչացել։ – Մասունքը նա է, որ փչանում է…,- տիկին Հակոբյանը շատ հուզված էր։- Նախ՝ առաջին հերթին, մենք ենք փչանում, որովհետեւ մենք մեր ամբողջ առողջությունը խոնավության պատճառով քայքայել ենք։ Էստեղի աշխատողներից ոչ մեկը առողջություն չունի։ Երկրորդը՝ փչանում են ձեռագրերը. այդ ձեռագրերը տալիս ենք Մատենադարանի գիտաշխատողները բուժում են, վերականգնում, բերում ենք ստեղ, նորից ջրերը թափում են մեր գլխին։ Հիմա էլ է ճակատագիրը Չարենցին հետապնդում,- եզրափակեց տուն-թանգարանի տնօրինուհին եւ շարժվեց դեպի թաց ուղեգորգերը. դրանք պիտի արեւին տային։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել