Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 12,2000 00:00

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՀԱՅԵՐ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք Բայց որտե՞ղ Անցած երկուշաբթի Լոռվա մարզի Համազգաչիման գյուղում հավաքվել էին աշխարհի հայ աշխարհագրագետները, պարզապես գրագետները եւ ոչ այնքան գրագետները, որոնք եզրակացրին, որ ԵԱՀԿ-ի բելառուսական արտադրության «Մինսկ» սառնարանում սառեցված պատերազմից հետո աշխարհում այժմ ձեւավորվել է երեք հայկական պետություն՝ Հայաստան, Ղարաբաղ եւ Սփյուռք։ Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն ու Բելառուսն են ԶԱԳՍ-ում հերթի կանգնած՝ մի բարձի ծերանալու համար, հայկական երեք պետություններն էլ անընդհատ փորձում են կազմել սեր եւ միություն, բայց անընդհատ խանգարում է այն հանգամանքը, որ նախ այդ սիրուն եւ միությանը հրավիրյալի իրենց բարձով ցանկանում են միանալ Բանգլադեշն ու Երրորդ մասը, մյուս կողմից Կոթիի Էմիրությունը ցանկանում է դուրս գալ այդ միության կազմից եւ Ինտերպոլում ունեցած իր կապերի ու միջանցքների միջոցով միանալ արաբական մյուս էմիրություններին։ 1998 թ. փետրվարյան լեւոնափոխությունից առաջ (նաեւ՝ հետո) հայկական երեք պետությունների փոխհարաբերությունները բավական բարդ էին։ Հայաստանի նախկին (նաեւ՝ ներկա) իշխանությունները անընդհատ թափահարում էին իրենց ցուցամատը բոլոր երեք պետությունների բնակիչների դեմքի առջեւ, եւ իշխանությունների մատի այդ գեղեցիկ շարժումն այնքան էր գերում երեք երկրների բնակիչներին, որ նրանք այդպես էլ անվանում էին այդ իշխանություններին՝ Շարժում։ Շարժման քաղաքական եւ տնտեսական շարժումների հետեւանքով հետզհետե մարում էր շարժումը Հայաստանի տնտեսական, սոցիալական, որոշ մարզերում՝ նույնիսկ սեռական կյանքում եւ ընդհակառակը՝ ահագնանում էր ճամպրուկային շարժումը դեպի հայ ավանդական կուսակցությունների մայրաքաղաքներ՝ Բեյրութ, Աթենք, Լոս, տեղ-տեղ նույնիսկ՝ Դուբայ եւ Բանդարսերի-Բեգավան։ Տեսնելով, որ հանրապետության գլխավոր ճաշասեղանին գրեթե ուտելու եւ խմելու բան չի մնացել՝ մի երկու փտած բանկ, չորս սնանկացող ձեռնարկություն, մի քանի տոննա մազութ եւ ֆրանսահայ բրենդիի դատարկ շշեր, Շարժումը դիմեց Սփյուռքի բնակիչներին ու սիրալիր թափահարելով կոնվենցիոնալ ցուցամատը, ասաց. «Դուք այնտեղ քիշմիշ տեսակի կիվի եւ մալաչա տեսակի կոկոս եք ուտում, իսկ այստեղ ոչ միայն ուտելու բան չի մնացել, այլեւ, ներողություն արտահայտությանս համար, խմելու։ Ժողովուրդը, որի արյունը մենք սովորաբար, էլի ներողություն, խմում էինք նախաճաշին ու ընթրիքին. կամ ձեզ մոտ է փախել, կամ էլ այնքան նիհարել, որ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ այս ճլորած ու չոփ դարձած ժողովրդի արյունը վնասակար է առողջության համար։ Ու եթե հիմա ձեր երկրի բնակիչները՝ անկախ իրենց կրոնական, սեռական, դաշնակցական, ռամկավարական եւ այլ պատկանելություններից, շտապ չուղարկեն մեզ մի քանի վագոն սեւ խավիար, խաշի տոտիկ ու մի հատ էլ զրահապատ ինքնաթիռ մեր խորհրդարանի ճանապարհորդի համար, ստիպված կլինենք ֆրանսիացիներին հանձնել բրենդիի դատարկ շշերը, վաճառել ոչ միայն մեր բոլոր միաբջիջ ու բազմաբջիջ հեռախոսները, մեր էներգահափշտակիչ եւ գրպանասնուցիչ ցանցերը, Շարժման բոլոր առաջնորդների վերջին գրքերն ու առանձնատները, այլեւ մեր վերջին Ղարաբաղը իր Պապիկ-տատիկով, Ղրիմյան հայրիկով, Նաիրյան մայրիկով, դեմոկրատ Արկադիկով եւ նրա դեմ զարգացող կրակավարությամբ հանդերձ։ Ընդ որում, վաճառելու ենք ոչ թե ադրբեջանցիներին, այլ հույներին՝ նրանք ավելի լավ գին են տալիս՝ «ԱրմենՏելից» ընդամենը 10 միլիոնով պակաս»։ Հույն զավթիչների՝ պապանդոպուլոսների եւ մամանդոպուլոսների տիրապետության տակ հայտնվելու հեռանկարն այնքան վախեցրեց ղարաբաղցիներին, որ նրանք խիտրի օպերացի ձեռնարկեցին՝ իրենց լավագույններին ներդրեցին հայաստանյան կառույցներում եւ օգնության հասած երկրապահների միջոցով ի վերջո հաջողվեց կասեցնել հակառակորդի Շարժումը եւ փրկել Ղարաբաղը։ Կորուստները նվազագույն էին՝ հույներին մնացին միայն հեռախոսներն ու մեկ էլ դաշնակցության բյուրոն։ Հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հայկական երեք պետությունները որոշեցին կնքել «Փոխադարձ օգնության, պաչպռոշտիության եւ միմյանց դեմ միջուկային զենք ու երեք հարկանի հայհոյանքներ չգործածելու մասին» պայմանագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին. Սփյուռքի կողմից՝ Լոս Անջելեսի նորաբաց մետրոյի «Մեթրո գոլդվին մայեր»-ի (MGM) սեփականատեր Կրք Կրքորյանը, որին Հայաստանի իշխանությունները քնքշորեն անվանում են Պրն Հերթական 100 մլն, Հայաստանի կողմից՝ անվտանգության խորհրդի գիտական քարտուղար, պաշտպանության, ֆինանսների, վառելիքի, առողջապահության եւ Պուտինի հետ հարցեր լուծելու նախարար, վարչապետ, երբեմն նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Հեռավոր Արեւմուտքի ամենահայտնի քաղաքական դեմքերից մեկը՝ Մուրադ Պետրոսյանը, որին Անդորրայում, Ալանդյան կղզիներում, գրավյալ ու առայժմ դեռ չգրավյալ տարածքներում քնքշորեն անվանում են Մուրադիկ։ Ստորագրման արարողությանը հրավիրյալի իրենց բարձով ներկա էին Բանգլադեշի եւ Երրորդ մասի խորհրդարանական վեհաժողովների ճանապարհորդները եւ արտաքին, ներքին ու մնացած բոլոր բարդ ու անլուծելի հարցերի հանձնաժողովների նախագահները։ Կոթիի էմիրության գրականության, տնաշինության եւ տնաքանդության հարցերով գլխավոր փախստականին ստորագրման արարողությանը այդպես էլ չհաջողվեց բերման ենթարկել՝ Ինտերնետից կորել էին նրա դիմանկարը, կոշիկները եւ «Հյուգո Բոս» կոստյումը։ Դիմանկարն ու կոշիկները հետագայում գտնվեցին, կոստյումը, Վիկտոր Հյուգոն եւ նախկին իշխող կուսակցության բոսը դեռ որոնման մեջ են։ Ստորագրված համաձայնագրով հայկական երեք պետությունները պայմանավորվեցին փոխշահավետ եռակողմ համագործակցություն իրականացնել դիստանցիոն հայրենասիրության, տարադրամակրթության եւ բասկետբոլի բնագավառում։ Սփյուռքի բոլոր չափահաս բնակիչները պարտավորվեցին ամեն օր ճաշից առաջ 15 րոպե շարունակ հեռվից ջերմորեն սիրել Հայրենիքը եւ տարին երեք անգամ կազմակերպել վերաթաղումներ, թելեթոններ եւ համահայկական խորովածներ, անհրաժեշտության դեպքում նույնիսկ Էջմիածնի քյուֆթաներ։ Թելեթոնների ժամանակ Սփյուռքի տարբեր մարզերի ու շրջանների բնակիչները պետք է զանգահարեն Սփյուռքի մայրաքաղաք՝ Լոս, պատմեն, թե ինչ հաջողությունների են հասել Հայրենիքը 15 րոպե շարունակ հեռվից ջերմորեն սիրելու գործում եւ անպայման մի լավ բան խոստանան հայաստանցիներին, օրինակ՝ խոստանում եմ վաղվանից թողնել ծխելը եւ ամեն առավոտ երեք անգամ վազել Էյֆելյան աշտարակի շուրջը, խոստանում եմ նոյեմբերին անպայման գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել Ալ Գորի օգտին, խոստանում եմ ամեն Երեւան գնացողի հետ ջերմ բարեւներ ուղարկել Հայաստան եւ Ղարաբաղի բոլոր բնակիչներին՝ անկախ նրանց նյութական վիճակից եւ բարոյական կերպարից։ Այս խոստումների դիմաց Հայաստանը պարտավորվում է մարդասիրական օգնություն տրամադրել Սփյուռքին՝ անխափան ապահովելով այն տարբեր տեսակի, որակի եւ քանակի հայաստանցիներով, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ ղարաբաղցիներով։ Ղարաբաղցիներն իրենց հերթին պարտավորվել են առայժմ չգրավել Սփյուռքի 20%-ը եւ առնվազն մինչեւ 2003 թվականը իրենց ուժերը դուրս չբերել Նոյի արձանի դիմացի սպիտակ տնից, Աշտարակի խճուղու բարձրահարկից եւ Հայաստանի գրավյալ այլ առանձնասենյակներից, ինչը, ղարաբաղցիների կարծիքով, կնպաստի Գագիկ Ջհանգիրյանի եւ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի ուժեղացմանը ողջ աշխարհում։ Այս ծրագրի իրագործման արդյունքում հայկական երեք պետությունների բնակիչները պետք է ի վերջո միավորվեն։ Բայց որտե՞ղ։ Հենց այդ հարցն էլ հանրաքվեի է դրվելու սեպտեմբերի 31-ին։ Քվեաթերթիկում հարցը հենց այդպես էլ ձեւակերպված է. «Ի՞նչ եք կարծում, եթե, իհարկե դեռ ինչ-որ բան կարծում եք, չնայած ձեր կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում, ի վերջո, որտե՞ղ պետք է հավաքվեն աշխարհի հայերը»։ Քվեաթերթիկում առաջարկվում է ընտրել հետեւյալ պատասխաններից մեկը. ա) Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ (պարտադիր պետք է ունենաք 50 դոլար՝ վիզայի համար, թախծոտ աչքեր, մի զույգ կոշիկ, որն, իհարկե, ինքնաթիռում կարող եք հանել, մաքուր թաշկինակ, որով կփակեք ձեր քիթը, երբ ողջ ազգը ինքնաթիռում հանի իր կոշիկները, ինչպես նաեւ Դավիթ Լոքյանի եւ Արշակ Սադոյանի անձնական կնիքներով կնքված տեղեկանք այն մասին, որ նախկիններն ու ներկաները, ճաղատացած, թե խուճուճ, գիշերով թաքուն վառել են ձեզ հասանելիք լույսը, վերցրել ձեզ հասանելիք կաշառքը եւ, վերջապես, կոպտորեն խախտելով Հայերի իրավունքների ժնեւյան կոնվենցիայի 19-րդ վրիպակը, ամուսնացել ձեր սիրած Վարդուշի հետ), բ) Նուբարաշենի մեկուսարանում (պարտադիր ներկայացվում է կես կիլոգրամ չորացրած հաց եւ բժշկական տեղեկանք ձեր վզակոթի զգայունության մասին, փող պետք չէ՝ դիմակավոր արհեստավարժները իրենց ծառայությունները մատուցում են անվճար), գ) Մուրադիկենց տանը (այս տարբերակը նույնպես գրեթե անվճար է, պարտադիր պետք է ունենաք միայն մեկ թթու վարունգ, 50գր քարահունջը տրվելու է դաշտային, լեռնային եւ ծովային ղարաբաղցիների համաշխարհային կազմակերպության հաշվին, ինչից հետո կրկին անվճար ձեզ շնորհում են երրորդ աստիճանի կրտսեր ղարաբաղցու պատվավոր կոչում, Կալաշնիկովը էլի անվճար տալիս են ձեր ձեռքը եւ երկու տարով ուղարկում ծառայելու Վերին Մոսկաներ գյուղի երրորդ խրամատում՝ նույնպես առանց վճարելու։ Այս դեպքում ղարաբաղերենի ձեր իմացությունը չպետք է սահմանափակվի «Լոխ լավ ա», «նիվերայատնի պյան ա», եւ «վատ պարողին սեկվեստրն է խանգարում» ազգային-ազատագրական արտահայտություններով), դ) Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ («Շունն ու կատուն» եւ «Թմկաբերդի առումը» ստեղծագործությունների անգիր իմացությունը պարտադիր է, ընդ որում բնագիրը չպետք է փոխարինվի ինքնագործ աղավաղումներով, օրինակ՝ «Ինչը կհաղթի կյանքում Շամշյանին, թե չլինեին Կիմն ու գինին», առավել եւս «Կիմն ու Գագիկ Հարությունյանը» կամ «Կիմն ու Աթենքի բյուրոն»), ե) խնձորի ծառի տակին (պարտադիր պետք է ձեզ հետ ունենաք ձեր այն յարի լուսանկարը, որի հետ անամոթաբար սիլի-բիլի էիք անում այս ծառի տակ այն ծանր տարիներին, երբ ողջ հայ ժողովուրդը՝ բռունցքը վեր պարզած, «Միացում» էր վանկարկում էլցանցերի անգութ ղեկավարների աշխատասենյակներում եւ սպառնում անջատման դեպքում այդ բռունցքային գործիքով անհապաղ չափել այդ ղեկավարների գանգոսկրի դիմացկունության աստիճանը։ Եթե չունեք ձեր այդ յարի, նրա լոսանջելեսցի ամուսնու եւ նրանց Շեւրոլեի 3X4 լուսանկարը, գոնե տեղեկանք բերեք Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գլխավոր արագացնողից այն մասին, թե ինչ դեր է խաղացել այս պտղատու ծառը աշխարհահռչակ հայ երկրապահ-կամավորական ֆիզիկոս Սահակ Նյութոյի կյանքում, որը հեռավոր ափերում իր սեփական գլուխը կամավոր դրեց «Հայիբախտիկում» սորտի սուրացող խնձորի տակ եւ միանգամից ողջ ուժով զգաց, թե ինչպես է ձգում հարազատ Երկիրը), զ) կարող եք առաջարկել համահայկական հանդիպման վայրի ձեր տարբերակը (Պառավաքարում, Լաչինի միջանցքի երրորդ գրավյալ փակուղում, «Միր» տիեզերակայանի պատի տակ, Ծաղիկ Ռուբոյի դատավարությունում, Բաքվի մատույցներում, Մետաքսի ճանապարհի երկրորդ նրբանցքում, Շուշիի բերդում եւ հայաշատ այլ վայրերում)։ Բայց բոլոր դեպքերում իմացեք՝ Շառլ Ազնավուրը, Մալխասը, Շերը, Աջուձախ Հարութները, Ռուբոն (առանց ծաղիկի) եւ Արամ Ասատրյանը իրենց համատեղ համահայկական երգում արդեն վաղուց են տվել ողջ ազգին հուզող այն հարցի պատասխանը, թե 21-րդ դարում որտեղ պետք է հավաքվեն շոգից տանջված հայերը եւ ինչպես պետք է համատեղ պայքար մղեն այդ համազգային շոգի դեմ՝ «Հայեր եկեք միանանք, Գնանք աղջիկ գողանանք, «Ջրաշխարհում» լողանանք, Թուշը պաչենք հովանանք»։ ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել