Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 12,2000 00:00

«ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԽԱՂԵՐԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ» Հայտնի է, որ ՀԺԿ-ում ակտիվ եւ պատասխանատու դերակատարությունս պայմանավորված էր Կարեն Դեմիրճյանի անձով։ Մինչեւ «Միասնություն» դաշինքի ստեղծումը ոչ մի հարցում Կարեն Դեմիրճյանի եւ իմ միջեւ տարակարծություններ չեն եղել։ Իրավիճակը փոխվեց դաշինքի ստեղծումից հետո։ Այդ շրջանում Կ. Դեմիրճյանն արդեն ինքնուրույն չէր։ Կադրային հարցերում նրա որոշումներն ավելի շատ թելադրվում էին մարտավարական նկատառումներով, քան իր համոզմունքներով։ Արդյունքում՝ Կ. Դեմիրճյանի շրջապատում իրենց դիրքերն ուժեղացրին Արմեն Խաչատրյանը եւ այլոք, իսկ ես հայտնվեցի ընդդիմախոսի կարգավիճակում։ Միայն Կ. Դեմիրճյանի քաղաքական փորձի եւ նրբանկատության շնորհիվ էր հաջողվում հարթել առաջացած խորը տարաձայնություններն իր շրջապատի եւ իմ միջեւ։ Հոկտեմբերի 27-ին նախորդած օրերին մենք վերհիշում էինք ՀԺԿ ինքնուրույն գործունեության ժամանակաշրջանը՝ այդ ժամանակաշրջանին բնորոշ առողջ մթնոլորտը ներկուսակցական կյանքում։ Հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանը պատրաստվում էր գումարել քաղխորհրդի նիստ, որի որոշումները ճանապարհ էին բացելու այդ մթնոլորտի վերականգնման համար։ Այսօր ինձ համար արդեն կասկած չի հարուցում, որ հոկտեմբերի 27-ի չարագործությունն անհնարին դարձրեց ՀԺԿ ամրապնդման ուղղությամբ Կ. Դեմիրճյանի ծրագրերի իրականացումը, որոնց հետ ես կապում էի իմ կուսակցական գործունեության հեռանկարները։ Ավելի լայն իմաստով՝ այդ կրակոցներն ուղղված էին բոլոր նրանց դեմ, ովքեր ցանկանում էին ՀԺԿ-ն տանել առաջադիմական ճանապարհով։ Արդյունքում իմ եւ իմ համախոհների համար ՀԺԿ անդամակցությունն իմաստազրկվեց՝ դարձավ անբովանդակ եւ հոգեպես ճնշող հանգամանք։ Կ. Դեմիրճյանից հետո այլեւս անտանելի դարձավ խաչատրյանների եւ ասլանյանների գորշ միջավայրը։ Այդ մարդկանց հնարավոր չէ բացատրել, որ միայն ՀԺԿ ինքնուրույն կարգավիճակը կարող է հիմք ծառայել կուսակցության առաջխաղացման համար։ Եթե կուսակցությունը չվերգտնի այդ կարգավիճակը, դատապարտված է կործանման։ Եվ այս մասին բացեիբաց խոսելը շատ ավելի ճիշտ, ժամանակակից քաղաքական մշակույթին համապատասխանող գործելակերպ է, քան արդեն գոյություն չունեցող կուսակցական զանգվածների մեջքի հետեւում թաքնվող ուրբաթախոսների նենգ մարտավարությունը։ ՀԺԿ-ն այսօր քանդում են նրանք, ովքեր իրենց քաղաքական կարճատեսության եւ տկարամտության պատճառով չեն պատկերացնում կուսակցության արդյունավետ գործունեությունն առանց քաղաքական սպոնսորների, որոնք, իբր սկուտեղի վրա կմատուցեն ՀԺԿ-ին փայաբաժնի իշխանական կարկանդակից։ Այդ մարդիկ չեն ընկալում, որ քաղաքագիտական օրինաչափություններին համաձայն կուսակցության ներուժը դրսեւորվում է ոչ թե դաշինքներով, այլ սեփական կարողությունների հանդեպ վստահությամբ՝ սեփական քաղաքական նախաձեռնություններով ու գաղափարներով։ Առանց այդպիսի վստահության ՀԺԿ-ն դատապարտված է հանդիսանալ օգտագործման պիտույք, որը առաջիկայում էլ կծառայի այլեւայլ կուսակցությունների շահերին՝ դրա դիմաց իշխանական սեղանից ստանալով խղճուկ փշրանքներ։ Ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել իմ հետագա ծրագրերի վերաբերյալ։ Սակայն պարզ է մի բան. որոշման ծանրությունը դրված է իմ ուսերին։ Եվ այդ որոշումը ես պետք է կայացնեմ միայնակ. չկա այն Մարդը, ում հետ ես վերջին ինը տարիների ընթացքում հնարավորություն ունեի խորհրդակցել։ Այս ծանր մտորումների խորապատկերում զավեշտական է տխմար իրարանցումը, որը սկսվել է որոշակի շրջանակներում՝ ՀԺԿ-ում իմ մնալ-չմնալու հարցի շուրջ։ Ինչ-որ ծաղրանկարային դեմքեր՝ 37 թվականի ոգով բռնվելով բորենիների պարի, խոսում են ոչ պակաս՝ «կուսակցական զանգվածների» անունից։ Այդ ամենն արդարացվում է ՀԺԿ կանոնադրության պահանջներով։ Ակամայից հիշում ես իսպանացի մեծ մտածող Միգել դե Ունամունոյի ֆրանկիզմին եւ բոլոր նմանատիպ դարչնագույն շարժումներին տրված փայլուն բնութագրությունը. «Կուսակցական կարգապահությունն այն խեղդօղակն էր, որի միջոցով միջակությունները հաստատեցին իրենց գերիշխանությունը»։ ՀԺԿ-ից ինձ իրավունք ուներ հեռացնել միայն Կարեն Դեմիրճյանը։ Որովհետեւ կան չգրված բարոյաքաղաքական նորմեր, որոնք ոմանց հայտնի չեն, բայց ինձ համար շատ ավելի կարեւոր են, քան ցանկացած գրված օրենքներ։ Միայն դա էր պատճառը, որ ես առ այսօր չէի հայտարարում ՀԺԿ-ից իմ դուրս գալու մասին՝ չնայած շատ-շատերն, ում հետ ես 1998 թվականին սկսեցի կուսակցական գործը, վաղուց հրաժեշտ են տվել Արմեն Խաչատրյանի ու Գագիկ Ասլանյանի կուսակցությանը։ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել