Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 12,2000 00:00

«Հոկտեմբերի 27-ի վրիժառուներ» ստորագրված թռուցիկի հեղինակները ներկայացել էին որպես Վազգեն Սարգսյանի իսկական ընկերներ, որոնք իրենց «ընկերական դատարանի» միջոցով «արժանի դատաստանի» են դատապարտել ոճրագործությանն առնչություն ունեցողներին։ «Սա կեղծված ստորագրություն է,- թռուցիկին ծանոթանալուց հետո ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը եւ այսպես բացատրեց իր համոզումը։- Վազգենն իսկական ընկերներ չի ունեցել (եւ եթե նույնիսկ ունեցել է, ապա սրանք չեն)։ Իր կենդանության օրոք նա ունեցել է ընդամենը ծառայողներ, որոնց վերաբերվել է այն մարդկանց նման, որոնց հետ կարելի է ցանկացած մանիպուլյացիաներն անել։ Մարդկության պատմության գոնե մեզ ծանոթ ու հասանելի ժամանակահատվածն ապացուցում է, որ նման վերաբերմունքով առաջնորդի հեռանալուց հետո երբեք չեն հայտնվում նրան պաշտպանող ընկերներ։ Ընդհակառակն, նրանք ավելի շատ վազում են նոր հայտնված կուռքերի, նոր հրամանատարների ետեւից»։

Մեր հարցին, թե արդյոք Վազգեն Սարգսյանի ընկերնե՞րը չէին նրա մարտական զինակիցները՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը եւ այլք, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, նրանք էլ ընկերներ չէին։ Վազգենը նրանց ընկեր չէր համարում, այլ իր ծրագիրն իրականացնող գործիքներ, այդ ծրագրին լծված ծառաներ։ Եվ ցանկացա՛ծ պահի նրանց կարող էր ազատել աշխատանքից, ցանկացա՛ծ ձեւով պատժել։ Եվ այսօր խոսել այն մասին, որ նրանք նրա ընկերներն էին… Նրանք ուղղակի կերազեին նրա ընկերները լինել»։

Հետեւությունն էր, թե չկային իսկական ընկերներ, ուստի այժմ էլ չկան մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանի սպանության վրեժը կցանկանային առնել. «Իմիջիայլոց, եթե լինեին իսկական ընկերներ՝ նրանք նախ կստորագրեին իրենց անուններով։ Եվ ոչ թե սովետական ժամանակներում անստորագիր նամակի տակ գրվող «մի անհայտ բարեկամի» պես կստորագրեին՝ «վրիժառուներ»։ Եվ հետո՝ այսքան մեծ թռուցիկի փոխարեն կխոսեին բացահայտ։ Եվ կխոսեին քրեական գործը չքաղաքականացնելու մասին, այլ ոչ թե թռուցիկներ կտարածեին քաղաքական լեզվով, տերմինաբանությամբ եւ ապագա ահաբեկչությունների սպառնալիքով, որն, իմիջիայլոց, շատ ավելի վատ բան է, քան հոկտեմբերի 27-ը»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031