Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 12,2000 00:00

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԱՎՄ-Ի ԴՈՆՈՐԸ ՉԷ Ազատամարտի վետերանների միությունը Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ՝ կրկին ակտիվացել է։ Ըստ որոշ աղբյուրների, կազմակերպության լիդերները նոր թափով ձեռնամուխ են եղել մարզային կառույցների ձեւավորմանը։ Կան տեղեկություններ նաեւ այն մասին, որ Հայաստանի մարզերում այս գործընթացին ակտիվ աջակցություն են ցուցաբերում «Օրինաց երկիր» կուսակցությունն ու վերջինիս մարզային կառույցների ղեկավարները։ Ոմանք սա բնական են համարում՝ դատելով այն տեսանկյունից, որ ե՛ւ «Օրինաց երկիրը», ե՛ւ ԱՎՄ-ն Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ծնունդ առած կազմակերպություններ են։ Մենք դիմեցինք ԱՎՄ նախագահ Ա.Տեր-Թադեւոսյանին։ Վերջինս որեւէ հարցի պատասխանելուց հրաժարվեց՝ խնդրելով ժամանակ տալ որոշ խնդիրների շուրջ մտորելու համար։ Բանն այն է, որ պարոն Տեր-Թադեւոսյանը թեեւ հայտարարել է ԱՎՄ-ից հեռանալու իր որոշման մասին, բայց այն գործնականում իրագործելը, թերեւս, ավելի դժվար է։ Հավաստի աղբյուրների պնդմամբ այս կազմակերպության հղացման ջատագովները, որ իշխանության վերին էշելոններում են, «Կոմանդոսին» պարտադրում են լինել ԱՎՄ-ի նախագահ՝ հակառակ նրա կամքին։ Իսկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը համաձայնեց զրուցել այս թեմայով եւ հավաստիացրեց, որ իր գլխավորած կուսակցությունը որեւէ առնչություն ԱՎՄ-ի հետ չունի։ Ավելին, նա բացառեց առանց իր գիտության կուսակցության մարզային ղեկավարների ինքնագործունեությունն անգամ։ Իսկ ընդհանրապես, պարոն Բաղդասարյանն ասաց, թե անձամբ ծանոթ չլինելով Ա.Տեր-Թադեւոսյանի հետ, այդուհանդերձ, այս նոր կազմակերպության հիմնադրումը դրական է գնահատում։ «Այն նպատակները, որոնք հռչակել է այս կազմակերպությունը՝ լավ նպատակներ են։ Մնում է դրանց կենսագործման մեխանիզմները գտնել։ Ո՛չ ԵԿՄ-ի եւ ո՛չ էլ ԱՎՄ-ի հետ մեր կուսակցությունը որեւէ մակարդակի հանդիպում չի ունեցել»,- ասաց նա։ Ու քանի որ պարոն Բաղդասարյանի հետ զրույցը, կամա թե ակամա, առնչվում էր նաեւ ներքաղաքական վերջին անցուդարձերին, փորձեցինք ճշտել, թե «Օրինաց երկրի» առաջնորդի տեսանկյունից ինչպիսի՞ն է լինելու քաղաքական աշունը։ «Հայաստանում քաղաքական համակարգը առողջ տրամաբանությանը չի դիմանում։ Գործող համակարգը պետք է անպայմանորեն փոփոխվի. առանց դրա Հայաստանում որեւէ զարգացում անհնար է։ Շուրջ հարյուր կուսակցությունների գոյությունը՝ դեռեւս ժողովրդավարական երկիր լինելու վկայություն չէ»,- ասաց Ա.Բաղդասարյանը։ Նրանից տեղեկացանք նաեւ, որ առաջիկայում ԱԺ քննարկմանը կներկայացվի նոր օրենսդրական նախաձեռնություն՝ «Օրենք կուսակցությունների մասին»։ «Կարծում եմ, որ անհրաժեշտ է կուսակցություններին օրենքով սահմանված պահանջներ ներկայացնել, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում»,- ասաց Ա.Բաղդասարյանը՝ դժգոհելով, որ Հայաստանում ցանկացած երկու հոգի կարող են հեշտությամբ կուսակցություն հիմնել։ Բացի այս, նա հիշեցրեց եւս մեկ օրենսդրական նախաձեռնության մասին, որն այս դեպքում վերաբերում է «Ընտրական օրենսգրքին»։ Պարոն Բաղդասարյանը պնդեց «Օրինաց երկրի» մտադրությունը՝ վերանայել Օրենսգիրքը եւ, մասնավորապես, ԱԺ ընտրությունների համամասնությունները։ Կուսակցությունն առաջարկում է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։ Ա.Բաղդասարյանի համոզմամբ, սա նաեւ կխթանի քաղաքական համակարգի բարեփոխմանը, եւ, եթե կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորները կառավարություն ձեւավորեն, այդ դեպքում, թերեւս, նախարարներն էլ իրենց գործունեության համար պատասխանատու կլինեն կոնկրետ կուսակցությունների առջեւ։ Անդրադառնալով քաղաքական աշնանը, Ա.Բաղդասարյանն ասաց, թե այս իմաստով շատ բան կախված կլինի խորհրդարանական մեծամասնության հետագա ճակատագրից։ Վերջինս խոստովանեց, որ ՀԺԿ-«ԻՄ» հնարավոր դաշինքը նորույթ կլինի, թեեւ կասկած հայտնեց, թե այն խորհրդարանում քաղաքական իմաստով վճռորոշ դեր կարող է ունենալ։ «Կոնկրետ մեր կուսակցությունը հավատարիմ է մնալու իր քաղաքական սկզբունքին եւ հանդես է գալու իբրեւ կենտրոնամետ ուժ՝ զերծ մնալով ծայրահեղական մոտեցումներից»,- ասաց Ա.Բաղդասարյանը։ «Օրինաց երկիրն» այսօր որոշակի անհարմարություն է զգում այն իմաստով, որ Հայաստանում կենտրոնամետ ուժ լինելը դիտվում է իբրեւ իշխանամետություն կամ նվազագույնը՝ հարմարվողականություն։ Ըստ պարոն Բաղդասարյանի, սրա հիմնական պատճառն այն է, որ մեր երկրում քաղաքական համակարգն անկատար է եւ հստակորեն տարբերակված է միայն սեւերի եւ սպիտակների։ Պատասխանելով այն հարցադրմանը, թե, այնուամենայնիվ, ի՞նչ դերակատարում ունի կուսակցության ստեղծման իմաստով Սերժ Սարգսյանը, Ա.Բաղդասարյանն ասաց՝ բացարձակ ոչ մի կապ։ Ըստ նրա, հակառակ դեպքում կուսակցությունն ավելի ընդլայնված կազմ կունենար խորհրդարանում եթե ոչ համամասնական, ապա գոնե մեծամասնական ընտրությունների արդյունքում։ Հակառակ դեպքում, կուսակցության անդամներից ոմանք տարբեր պաշտոններ կամ նախարարական պորտֆելներ կունենային։ Պարոն Բաղդասարյանի կարծիքով նման լուրերը տարածվում են երկու նպատակով. մեկ, որ կուսակցությանը վարկաբեկել եւ ներկայացնել իբրեւ գրպանի կուսակցություն, երկրորդ՝ նպաստել, որ կուսակցությունը կտրուկ հայտարարություններ անի եւ հարաբերությունները սրի կոնկրետ պաշտոնյաների հետ։ Իսկ օգոստոսը պարոն Բաղդասարյանը որակեց իբրեւ բանակցությունների ամիս եւ չթաքցրեց, որ դա վերաբերում է նաեւ «Օրինաց երկրին»։ Իհարկե, նա առայժմ խուսափեց մանրամասնել, թե կուսակցությունը ո՞ր ուժերի հետ եւ ի՞նչ խնդիրների շուրջ է բանակցում։ Դա, թերեւս, կնշմարվի աշնանը՝ խորհրդարանում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել