Չնայած «Նաիրի-Կարեն Հունանյաններ եւ մյուսներ» քր. գործը դեռ դատարան չի հասել եւ դժվար է կռահել, թե առաջիկայում երբ է հնարավոր սկսել դատաքննությունը, այնուամենայնիվ, տրվում են նախագահող դատավորի, մեղադրող կողմի թեկնածուների անունները։ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, նախագահող դատավորը հնարավոր է լինի Սամվել Ուզունյանը (Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատավոր)։ Վերջինս հայտնի է զինվորական գործերով դատավարություններից։ Մեղադրող կողմի մեջ նշվում են զինդատախազ Անահիտ Եղիազարյանի, Հակոբ Մարտիրոսյանի անուն-ազգանունները։ Եվ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներից մեկի, որի թեկնածությունը դեռ ճշտված չէ։
ԲՈՄԺԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Կառավարության շենքի մոտ երեւանցիներին քաջ հայտնի բոմժ Հրանուշը երեկ մոտ երեսունրոպեանոց վարչապետական ծրագիր ներկայացրեց՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Հրանուշի ասելով՝ ինքը մի երկու ամսում երկիրը կսարքի-կդնի մեր առաջ. «Ինչ ա պետք էս երկրին՝ գյուղատնտեսություն, էկոնոմիկա, մեկ էլ՝ բարի կամք։ Ի՞նչ եք քոչներդ կապել, մի-մի տրակտոր առեք, ընկեք Հայաստանի ու Ղարաբաղի դաշտերը։ Հնձեք, հերկեք, աշնանացանի ժամանակն ա։ Գործ արեք, ի՞նչ եք դատարկ խոսում»։ Եթե Հրանուշը որեւէ կուսակցություն ստեղծի, հաստատ դրան կանդամակցեն քաղաքի բոլոր բոմժերն ու մուրացիկները։ Ո՞ւժ է. իհարկե։ Հրանուշի խոսքի պահին բավականին բազմություն հավաքվեց կառավարության շենքի մոտ։ Հերթապահ ոստիկանն անմիջապես իր աշխատանքային պարտականությունը կատարեց. «Գնա այստեղից, ժողովուրդ է հավաքվում»։ Հետաքրքիր է, ինչո՞ւ են վերեւներում վախենում ժողովրդի հավաքվելուց։ Ո՞ւժ է. իհարկե։ Բոմժ Հրանուշը համազգեստովներին չի սիրում, հեռացավ։ Ուժն ո՞ւր կորավ։
Կարդացեք նաև
ԱՌԱՋԻՆ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ժամը 12-ին սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կատարվելու է առաջին պսակադրությունը։ Սուրբ պսակի է արժանանալու գլխավոր շինարար Վազգեն Պողոսյանի դուստրը։ Պսակի արարողությունից հետո ներկա հավատացյալ ժողովուրդը հյուրասիրվելու է, իսկ հարսանեկան դրամական նվերները տրամադրվելու են եկեղեցու շինարարությանը։
Սեփ. լր.