ԳՐԵՑ «ԱՌԱՎՈՏԸ», ԿԱՏԱՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Առավոտը» հուլիսին երկու անգամ անդրադարձավ Թալինի շրջանի Պարտիզակ գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներին։ Առաջին անգամ հուլիսի 13-ին տպագրվեց մեր ահազանգը եւ Պարտիզակ գյուղի բաց նամակը, ուղղված վարչապետին, երկրորդ անգամ հուլիսի 18-ին անդրադարձանք մեր հրապարակման արդյունքում վարչապետի հրահանգով Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը։ Այսօր ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ այս դեպքում կառավարությունը եւ Արագածոտնի մարզպետը իրենց խոսքի տերը եղան, քանի որ Պարտիզակ գյուղի խմելու ջրի հարցը կարելի է լուծված համարել։ Սակայն պարտիզակցու աչքը շատ է վախեցած։ Նման դեպք արդեն երկու տարի առաջ եղել է, ջուրը հասել է գյուղ, բայց մարզպետն ու նրան ուղեկցողները հենց որ հեռացել են, ջուրը կտրվել է։ Երեկ նույնպես գյուղացիները չէին հավատում, որ հոսող ջուրն իրենց է մնալու. «Հենց որ քաղաքից եկածները հեռանան, ջուրը հետները կտանեն»։ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանին այս պարագայում ուրիշ բան չէր մնում, քան ասել. «Եթե իմանամ՝ իմ մնալով ջուրը միշտ կլինի, էս գյուղից չեմ հեռանա»։ Ասեց, բայց չարեց։ Պարտիզակի խմելու ջրագծի մրցութային արժեքը 26,6 մլն դրամ է, ընդհանուր պարտքը կապալառուին՝ 5,361 մլն դրամ։ Ջրագծի պատվիրատուն մարզպետարանն է, կապալառուն՝ «Ապարանշին» ԲԲԸ-ն։ Գյուղը բազմաթիվ հոգսեր ունի։ Սա այն գյուղն է, որտեղ օձերն ու կարիճները ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում, որտեղ աշխատատեղեր չկան, որտեղ ծառն ու կանաչը պարզապես զարմանահրաշ բաներ են։ Ժամանակին գյուղի միրգը արտահանվել է Ռուսաստան։ Հիմա՝ ընտանիքներն են տեղափոխվում։ Արդեն 20 ընտանիք մեկնել է այլ վայրերում բնակվելու։ Գյուղում 50 ընտանիք է ապրում։ Գրեթե բոլոր ընտանիքներն օրվա հացի կարոտ էին։ Նույնիսկ այսպիսի կարիքի մեջ պարտիզակցիները խոստացած գառը մորթեցին հենց աղբյուրի գլխին։ Չգիտես ինչու, աղբյուրի գլխին կապույտ ժապավեն էին կապել եւ ոչ թե՝ կարմիր, ինչպես լինում է սովորաբար։ Հետո այդ ժապավենը գյուղի երեխեքի գլխին էր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը գյուղացիների հետ զրույցներում առիթը բաց չէր թողնում ասելու, թե իր խոսքը խոսք է՝ ասեց ու արեց։ Նա խնդրում էր նաեւ մեկ-երկու կամ երեք-չորս վատ պաշտոնյայով դատողություն չանել ամբողջ կառավարության մասին։ Պրն Հակոբյանի ասելով, կառավարությունն՝ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, ուզում է գործ անել եւ կանի։ Գյուղացիներն իրենց չորացած գյուղին, չորացած ձեռքերին եւ չորացած գրպաններին նայելով այնքան էլ չէին հավատում, թե ինչ-որ բան կփոխվի իրենց կյանքում։ Նույնիսկ հոսող ջուրը տեսնելիս գյուղացիք առանձնապես չուրախացան, անընդհատ վախ կար, թե ջուրը կկտրվի։ Աչքը տեսածից է վախենում։ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը մի կարճ հարցազրույցում ներկայացրեց մարզի խնդիրները. «Մարզի միակ գյուղը, որ իսպառ ջուր չունի, Լուսակն գյուղն է։ Պարտիզակի հարցն արդեն լուծվեց։ Մոտավորապես 37 խմելու ջրագիծ կառուցեցինք։ Մնում է Լուսակնի հարցն էլ լուծենք եւ համարենք, որ մարզում խմելու ջրի հարցը իսպառ լուծված է։ Մարզի խնդիրներից մեկն էլ աշխատատեղերի խնդիրն է։ Վերջերս Թալին քաղաքում ստեղծեցինք 110 աշխատատեղով ոսկերչական ֆաբրիկա։ Մեկ ամիս է, որ աշխատում են, դեռ բացումը չենք արել, ձեզ հրավիրում ենք։ Շուտով պետք է ստեղծենք գորգագործական լրացուցիչ արտադրություն Ապարանում եւ Թալինում, արդեն երկու արտադրություն կա, եւ՝ բրդի մթերման կայաններ»։ Արագածոտնի մարզում 115 գյուղ կա, 167,5 հազար բնակիչ։ Մարզի խնդիրները անցնող տարիներին չեն պակասել, պարզապես ավելի են խորացել։ Մ. ԵՍԱՅԱՆ