Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 11,2000 00:00

Ինչո՞ւ պետք է նա հոգնած լինի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցի մեծ մասն ընթացավ առանց տեխնիկական միջամտության։ Մենք կներկայացնենք բացառապես մեր հարցերի պատասխանների այն մասը, որը ձայնագրված է։ Մինչ այդ պրն Սարգսյանը հասցրել էր պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե բազմակուսակցական կառավարությունում ինչպե՞ս է հաջողվում աշխատել։ Պատասխանը հետեւյալն էր. «Շատ հեշտ»։ Ուրեմն Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում աշխատելը Սերժ Սարգսյանի համար «շատ հեշտ» է։ Ակնհայտորեն հեշտ է, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարը միակն է, ով ավտոմեքենան քշում է մինչեւ կառավարության բակ, այն դեպքում, երբ մյուս նախարարների մեքենաները գլխավոր մուտքի մոտ են շարվում։ Այսպես էր վարվում նաեւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Անտարակույս, մեր կառավարությունում «տանտեր» լինելու մենաշնորհը պաշտպանության նախարարներինն է։ Պաշտպանության նախարարի պաշտոնը նոր չէ Սերժ Սարգսյանի համար։ «Առավոտի» խնդրանքով պաշտպանության նախարարը զուգահեռներ անցկացրեց 1993 եւ 2000 թթ. բանակների միջեւ. «Տարբերությունն, իհարկե, սար ու ձոր է։ Իհարկե, հիմա ավելի լավ է։ Յոթ տարիների ընթացքում բավական գումարներ են ներդրվել։ Ինչո՞ւ եմ դրանից սկսում, որովհետեւ բանակը պիտի ունենա իր գործունեությունը ապահովող հանգամանքներ, պետք է ունենա զորամասեր, պետք է ունենա զենք, զինամթերք, պիտի ունենա պատրաստի կադրեր, սպաներ։ Այս ընթացքում բավական շատ մեծ գործ է կատարվել, շատ մեծ»։ Խաղաղ պայմաններում զոհվածների մասին մեր հարցին պատասխանելիս՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես այն կարծիքին եմ, որ բանակում ոչ մեկը չպետք է զոհվի»։ Նախարարը նկատի ունի խաղա՞ղ պայմանները. «Խաղաղ պայմաններում, նաեւ պատերազմի ժամանակ պետք է աշխատենք, որ զոհերը քիչ լինեն»։ – Երբ Վազգեն Սարգսյանն էր պաշտպանության նախարար, ասում էին, որ նա ավելի զորեղ է, քան նախագահ Քոչարյանը։ Հիմա Դուք՝ որպես պաշտպանության նախարար, ավելի ուժե՞ղ եք, քան Քոչարյանը։ – Դրանք սադրանքներ էին եւ այն ժամանակ, եւ հիմա առավել եւս սադրանքներ են։ – Դուք նախագահի հետ խնդիր չունե՞ք, նորմալ աշխատո՞ւմ եք։ – Իսկ ինչպե՞ս կարող է պաշտպանության նախարարը նորմալ հարաբերություններ չունենալ նախագահի հետ։ Դրանք բոլորը իրոք սադրանքներ են։ Նույնիսկ կարող է սադրանք չլինել։ Դրանք մարդիկ են, որոնք ինչ-որ բան փորձում են անել, ասել։ Այդ մարդիկ, եթե պատկանում են ինչ-որ կուսակցությունների, դա դեռեւս չի նշանակում, որ դա այդ կուսակցության քաղաքականությունն է։ Եվ նույնիսկ, եթե ինչ-որ մարդիկ իրենց կուսակցություն են հայտարարում, դա չի նշանակում, որ նրանք քաղաքականությունում կան կամ քաղաքականություն են կերտում։ Չէի ասի, որ դա ինչ-որ քաղաքական ուղղվածություն է։ Վերջին հարց. – Հոգնա՞ծ եք, պրն նախարար։ – Ե՞ս, ինչի՞ց պետք է հոգնած լինեմ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել