Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 11,2000 00:00

«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԴԱԳԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԽԸ ԽՓՎԱԾ ՉԷ» «Ես չգիտեմ, որտեղի՞ց եք գտել այդ մարդկանց, որոնք ոչ թե ասպետներ են, այլ վախկոտներ, կարիերիստներ, որոնք փորձում են ոչ բարեկամական թերթի միջոցով կուսակցության ղեկավարության հասցեին ցեխ շպրտել։ Որտե՞ղ է բարոյականությունը կամ անաղարտությունը։ Ինչ գործ ունեն էդ մարդիկ ձեր՝ մեր նկատմամբ ամենաբարյացակամ մարդկանց դռանը։ Նրանք էլ նույնպիսի անբարյացակամ մարդիկ են, որոնք ջուր են լցնում ձեր ջրաղացին։ Դուք էլ շա՜տ լավ օգտագործում եք այդ բացարձակապես անուղեղ մարդկանց՝ ձեր թերթին մի քիչ էնպիսի տեսք տալու համար, որ կայուն գին ունենա։ Բայց ստով, կեղծիքով շատ հեռու չեք գնա։ Սա՛ է իմ խորհուրդը ձեզ»։ Այսպես եզրափակեց մեր զրույցը Հայկոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը, երբ փորձում էի հասկանալ, թե ինչու են պրն Դարբինյանից դժգոհ շարքային կոմունիստները։ Եթե հիշում եք, «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում տպագրվել էր հոդված, ուր անհայտ մնալ ցանկացող կոմունիստները ներկայացրել էին իրենց մտորումները ՀԿԿ-ի առաջնորդի, հարմարվողական քաղաքականության մասին։ Ըստ պրն Դարբինյանի՝ կուսակցության ներքին խմորումների մասին զրույցները «մտացածին եւ հորինված են»։ Մեր հարցին, թե իր կուսակիցները դժգոհ են այն փաստից, որ պրն Դարբինյանը՝ որպես Սարդարապատի հուշահամալիրի տնօրեն, Սերժ Սարգսյանի անմիջական ենթական է, մյուս կողմից էլ ամենամեծ ընտրազանգվածն ունեցող ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պրն Դարբինյանը ինքնամոռաց սկսեց պատմել, թե ի՜նչ մի հրաշալի համալիր է կառուցվում. «Առաջին անգամ հայ իրականության մեջ, ես կասեի՝ նաեւ Կովկասի իրականության մեջ Բորոդինոյի օրինակով կառուցվում է համայնապատկեր։ Դա մեր վաղեմի երազանքն էր»։ Մնացածն այս ոգով եւ բավական երկար։ Մեր հարցին, թե ինչո՞ւ պրն Դարբինյանը համաձայնեց մայիսի 16-ի հանրահավաքից առաջ հանդիպել ՀՀ նախագահի եւ ՆԳ նախարարի հետ, ապա եւ չեղյալ հայտարարել հանրահավաքը, կոմկուսի առաջնորդը զայրացավ՝ շեշտելով, որ ի թիվս այլ խոստումների, նախագահը խոստացել է անձամբ աջակցել Հայաստանի անդամակցությանը «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին. «Էստեղ ինչ նախագահի ազդեցության կամ ի՜նչ համագործակցության մասին է խոսքը, եթե մենք խնդիրն օրակարգից չենք հանում։ Ցավոք սրտի, ձեր թերթը դրա երկրպագուն չէ, ոչ էլ դրա կողմնակիցն է եւ շատ անգամ չլսած բաները շահարկում եք։ Մամուլի ազատությունը նրա համար չի, որ կամայականորեն մեկնաբանվի օբյեկտիվ իրականությունը։ Եվ դուք, որ այդ միությանը դեմ եք, ինչո՞ւ եք օգտագործում էդ փաստը, թե խլրտումներ են առաջացել կուսակցության ներսում։ Այդ խլրտումներն առաջ եք բերում դո՜ւք»։ Այն, որ իրենից բացի կուսակցության հորիզոնում այլ արժանի ղեկավարների թեկնածություններ էլ են մատնանշվում, մասնավորապես Սանատրուկ Սահակյանինը, պրն Դարբինյանը թեեւ մեծ բավականությամբ չլսեց, սակայն բարեկրթորեն նկատեց, որ կուսակցության ապագան ինքը երիտասարդների մեջ է տեսնում. «Թե ո՞ւմ կվստահի կենտրոնական կոմիտեի պլենումը, դա պլենումի գործն է։ Ս. Սահակյանին ես շատ եմ սիրում։ Նա երիտասարդ, բացառիկ ընդունակ տղաներից մեկն է, որին մենք խնամքով աճեցնում ենք։ Եվ բոլորովին պետք չէ թերթում էդպիսի հարցեր շոշափել»։ Ինքը՝ Սանատրուկ Սահակյանը, բավական (կարելի է անգամ ասել՝ հաճելիորեն) շփոթված էր՝ այդ ո՞վ է տվել իր անունը, ո՞ր կոմունիստը, ի՞նչ նպատակով։ Բայց մի բան պարզ էր՝ միջազգային իմպերիալիզմի դեմ պայքարելու նրա վճռականությունը չէր սասանվել։ «Կոմկուսի շարքերում վերջին տարիների ընթացքում խլրտումներ չեն եղել,- ասում էր Սանատրուկ Սահակյանը։- Ո՞վ է ձեզ այդ ինֆորմացիան տվել։ Դրանք մարդիկ են, որոնք նպատակ են հետապնդում հեղինակազրկել կուսակցությունը»։ Սակայն համոզված է պրն Սահակյանը, որ «կոմունիզմի դագաղի վերջին մեխը» խփված չէ»։ Մեկ մտավախություն ունի պրն Սահակյանը՝ կոմկուսը փորձում են ջլատել ներսից։ Իրեն՝ որպես առաջնորդ, պրն Սահակյանն առայժմ չի ուզում տեսնել եւ ամեն ինչ անում է հասկացնելու համար, որ դրանից տարօրինակության զգացողություն ունի. «Ինձ համար այդ լուրը հաճելի չէ այնքանով, որ ես համոզված եմ, որ միտումնավոր ուզում են ինձ վարկաբեկել, ոչ թե մեծարել»։ Վերջում Սանատրուկ Սահակյանը կոմպլիմենտներ հասցեագրեց Վլ. Դարբինյանին՝ նշելով, որ իրենք հպարտանում են նրա կենսափորձով, մեծ փիլիսոփային վայել պահվածքով եւ հայացքներով։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել