Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 10,2000 00:00

Պետական անվտանգությանն առնչվող մանրումեծ բաներ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս դեսպանատան եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համաձայնագիր է ստորագրվել՝ դեսպանատանը Երեւանյան լճի տարածքը 99 տարի ժամկետով վարձակալելու կամ գնելու բացառիկ իրավունք տրամադրելու վերաբերյալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջոն Բալյանն ասաց, որ դեռեւս անորոշ է, թե արդյոք դեսպանատունը կանգ կառնի հենց այս տարածքի ընտրության վրա։ Բանն այն է, որ սույն համաձայնագրով դեսպանատունը մեկ տարի ժամանակ է խնդրել՝ Երեւանյան լճի տարածքը, Միջազգային Կարմիր խաչի տարածքի մերձակայքը եւ Լենինգրադյան փողոցի ամբողջ երկայնքն ուսումնասիրելու եւ հետո միայն գնման կամ վարձակալության պայմանագիր կնքելու համար։ ԱՄՆ դեսպանատունն, ըստ հավաստի տեղեկությունների, կնախընտրի ոչ թե Երեւանյան լճի տարածքը, որի շուրջ վաղուց արդեն խոսակցություններ են գնում, այլ Միջազգային Կարմիր խաչի, որը գտնվում է Աշտարակ տանող ճանապարհահատվածում։ Որքան հասկացանք լավատեղյակ պաշտոնյաների հետ զրույցից, ԱՄՆ-ը մտադիր է ոչ թե տեղափոխվել Բաղրամյանի փողոցում գտնվող դեսպանատնից, այլ լրացուցիչ տարածք ձեռք բերել։ Ջոն Բալյանը հավաստիացրեց, թե այդ հարցը որոշվում է Վաշինգթոնում։ Իհարկե, հայտնի է, որ ԱՄՆ-ը՝ որպես կանոն, բոլոր անկայուն երկրներում նախընտրում է իր դեսպանատունը կառուցել աչքից հեռու եւ պակաս բանուկ վայրերում, ուր հնարավոր է կենտրոնացնել ոչ միայն դեսպանատան աշխատակիցների բնակավայրերը, այլեւ վերջիններիս հանգստի գոտին եւ այլն։ Սա է, թերեւս, պատճառը, որ ԱՄՆ դեսպանատունը ոչ թե նոր շենք, այլ ազատ տարածք է փնտրում։ Անշուշտ, սա ԱՄՆ դեսպանատան խնդիրն է, բայց այստեղ մի նրբություն կա։ Բանն այն է, որ հայաստանյան իշխանությունները վերջինիս հնարավորություն են տվել ընտրել Միջազգային Կարմիր խաչի տարածքի մերձակայքը։ Այն այնքան էլ հեռու չէ ՀՀ պաշտպանության նախարարությունից, եւ պետական անվտանգության տեսակետից այս ընտրությունը միանշանակորեն գնահատել չի կարելի։ Համենայն դեպս, քաղաքական գործիչներից ոմանք սա մտահոգիչ փաստ համարեցին, մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ վարչական շենքն անվտանգության տեսակետից միանգամայն անպաշտպան է։ Երբ այս հարցով դիմեցինք մեր պաշտոնյաներից մեկին, վերջինս ասաց, որ այս տարածքի ընտրության դեպքում իշխանություններն անպայման կդիմեն ե՛ւ պաշտպանության, ե՛ւ ազգային անվտանգության նախարարություններին՝ վերջիններիս կարծիքն իմանալու համար։ Իհարկե, 91 թվականին, երբ այն ժամանակվա ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում գտնվող «Կոմսոմոլի» հայտնի շենքը տրամադրեց ԱՄՆ դեսպանատանը, հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ այդ շենքի տակով անցնում է կառավարության կապի ողջ հանգույցը։ Ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր այս տեսանկյունից հարցի քննարկումն անպտուղ կարող է լինել, որովհետեւ հայաստանյան որեւէ օրենքով չի արգելվում հատուկ նշանակության պետական հաստատություններին մոտ արտասահմանյան գրասենյակների եւ դիվանագիտական հաստատությունների տեղակայումը։ Խնդիրը, թերեւս, լուծում կարող է գտնել «Քաղաքաշինության մասին օրենքի» եւ այլ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում, որոնք այս իմաստով տակավին թերի են։ Հավանաբար ժամանակն է, որ մեր իշխանությունները մտածեն ոչ միայն ուրիշի աչքին լավ երեւալու, այլեւ մեր պետական շահերի մասին։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել