ՊՐԻՄԻՏԻՎ ՍԱԴՐԱՆՔ Շնորհավորում եմ, պարոնայք. քաղաքում հայտնվել են «վրիժառուներ»: Ավելի ճիշտ, նրանց կողմից ստորագրված թռուցիկը: Անուն-ազգանուն չունեցող այդ ֆանտաստիկ կերպարները կոչով դիմել են ժողովրդին եւ, նկարագրելով հոկտեմբերի 27-ի դեպքերին իրենց մոտեցումը, խոստանում են դիմել ահաբեկչության, այսինքն՝ կատարել նոր ոճրագործություններ: Իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել ոչինչ: Բայց այդ, այսպես կոչված, «վրիժառուների» հայտարարությունը ամենից շատ նման է ԿԳԲ-ական սադրանքի, որի նպատակն է առաջացնել որոշակի լարվածություն եւ իրականացնել որոշակի սցենար: Տրամաբանությունը հետեւյալն է: Այս պահին միանգամայն հասկանալի է, որ արձակուրդներից հետո ոչ մի թեժ քաղաքական աշուն էլ չի լինելու: Նախագահը չի լուծարի խորհրդարանը, որի մեծամասնությունը գտնվում է իր գրպանում: Նախագահը չի փոխի վարչապետին, որի ուղեղի ծալքերի քանակը թույլ չի տալիս իրեն մեծ քաղաքական հավակնություններ ունենալ: Արտաշես Գեղամյանին եւ Ստեփան Դեմիրճյանին չի հաջողվի լուրջ ընդդիմություն ստեղծել՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: «Աջ» ընդդիմության մասին էլ չենք խոսում՝ մոտակա 5 տարում ազատական գաղափարները հասարակական պահանջարկ չեն ունենա: Մի խոսքով, մեզ սպասում է քաղաքականապես կայուն (եթե չասենք՝ լճացած) բավականին երկարատեւ ժամանակաշրջան: Սակայն խնդիրն այն է, որ դրանից ժողովրդի սոցիալական վիճակը չի բարելավվի, արտագաղթողների թիվը չի քչանա: Հաց չունեցող ժողովրդին պետք կլինեն տեսարաններ: Աշնանը ակնհայտորեն զգացվելու է դրանց պակասը: Վանոյի մասին մարդիկ սկսում են մոռանալ, եւ գնալով դժվարանում են նրա նկատմամբ հասարակական ատելությունը մշտապես արթուն պահելու ջանքերը: Պարզ է նաեւ, որ էներգետիկ չարաշահումների մասին խոսակցությունները իրավական հետեւանքներ չեն ունենա: Իշխանությանը թարմ իրադարձություններ եւ փաստեր են պետք՝ սոված ժողովրդին «զվարճացնելու» համար: Դրա համար բավարար է մի փոքր սադրանք, որի արդյունքում կտուժի Քոչարյանին կողմնակից պետական կամ քաղաքական գործիչը: Այդ սադրանքը երկու խնդիր կլուծի. ա/ իշխանություններին հնարավորություն կտա եւս կես տարի խոսել «նախորդ հանցավոր ռեժիմի» մասին՝ մարդկանց ուշադրությունը շեղելով սեփական տնտեսական անճարակությունից, բ/ կձերբակալվեն 2-3 հոգի, որոնք հատկապես Քոչարյանի քիմքին չեն (Նմանատիպ սցենարի իրագործմանը մենք վերջերս արդեն ականատես էինք, այդպես չէ՞)։ «Վրիժառուների» թռուցիկը կարող է այդ ծրագրի մի մասը լինել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ