Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգոստոս 10,2000 00:00

ՖԵՏԻՇՆԵՐԻ ԿԵՐՏՄԱՆ ԵՎ ՏԱՊԱԼՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ Համաշխարհային պրակտիկայում ընդունված կարգ կա. խոշոր պետական, քաղաքական եւ տնտեսական գործիչների մահից միայն երեք տարի անց, երբ ժամանակը որոշ առումով սրբագրում է նրանց կենսագրությունը, սկսվում է նրանց մեծարումը կամ ճիշտ հակառակը։ Մեզ մոտ՝ ՀՀ-ում, այդպես չէ։ Հատկապես հոկտեմբերի 27-ից հետո, մեղավորության զգացումից թե արեւելյան շողոմությունից, նախագահն ու կառավարությունը սկսեցին հանրապետության մեծ կառույցների ու փողոցների անվանակոչությունները՝ հոկտեմբերի 27-ի զոհերի անուններով, ու ամեն գյուղում հուշարձանների ու կիսանդրիների բացման արարողությունները։ Զոհերին բարի անուններով հիշատակելու տեսակետից այս քայլը շատ էֆեկտիվ չես համարի, սակայն հաշվի առնելով, որ այս ավանդույթը «մեզանում» խոր եւ երկար արմատներ ունի, ընկալում ենք որպես հույժ անհրաժեշտություն։ Երկար մտածեցի սահուն անցում անել «բուն նյութին», սակայն չստացվեց, ուստի անցումը կտրուկ եմ անում։ Քաղաքում լուրեր են պտտվում, որ Վազգեն Սարգսյանի գերեզմանը Եռաբլուրից տեղափոխվելու է իր ծննդավայր։ Լուրն ինքնին անհեթեթ է թվում, սակայն մեր իշխանությունների կուռ տրամաբանությունը, որը դրսեւորվում է միայն վերաթաղումների օբյեկտների դիպուկ ընտրությամբ եւ վերաթաղման ծեսը հավուր պատշաճի թախծոտ կազմակերպելու ժամանակ, թույլ է տալիս հավատալ անգամ ամենաանհեթեթ լուրին։ «Առավոտը» երկու քաղաքացիների անունով նամակ էր ստացել, որը եւս հավաստում էր, որ լուրը մեծ թափով շրջանառվում է։ Նամակագիրները խնդրում էին պարզել՝ որքանո՞վ է նման բան հավանական եւ հնարավոր։ Այն ճշտելու նպատակով նախ դիմեցի կառավարության լրատվական ծառայություն, ուր տրամադրեցին կառավարության որոշումը, որով «Զորավար Անդրանիկի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնելու համար Երեւանի «Եռաբլուր» պանթեոնի հրապարակում հուշահամալիրի կառուցման աշխատանքների իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 74 մլն դրամ»։ Հուշահամալիրի պատվիրատուն ՊՆ-ն է, իսկ այն պատրաստ պիտի լինի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը։ Իսկ գերեզմանի տեղափոխության մասին կառավարությունում պարզապես չէին լսել։ Պաշտպանության նախարարության հասարակայնության եւ մամուլի հետ կապերի վարչության պետ Վրեժ Իսրայելյանը հերքեց լուրը՝ այն համարելով անհեթեթ։ Ամենահավաստի աղբյուրը, ամեն դեպքում, Վազգեն Սարգսյանի հարազատներն են։ Զրուցեցի նախկին վարչապետ, Վ. Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի հետ։ «Սուտ է, էդպիսի բան չկա»,- պատասխանեց պրն Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության հատկացված գումարներով կառուցվելու է զորավար Անդրանիկի եւ Վազգեն Սարգսյանի գերեզմանների հետեւի հուշահամալիրը, իսկ բուն գերեզմանների բարեկարգման եւ գերեզմանաքարերի ծախսն Արամ Սարգսյանն ի՛ր վրա է վերցրել։ Նյութն ավարտում եմ առանց անպտուղ եզրակացությունների։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել