Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 10,2000 00:00

ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ՝ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ 1990 թվականի Գերագույն խորհրդի կազմում 260 պատգամավորից 15-ը ԼՂՀ ներկայացուցիչ էր։ Սույնով նորանկախ հանրապետությունը փորձ արեց վավերացնել եւ կյանքի կոչել 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ ԼՂՀ ներկայացուցիչներից չորսը՝ Քոչարյան Ռոբերտ, Աղաջանյան Վլադիմիր, Աղաջանյան Ռոլես եւ Մանուչարով Արկադի, Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրվեցին Հայաստանի ընտրատարածքներից։ Հենց նրանցից էլ սկսենք։ Ռոբերտ Քոչարյանը պատգամավոր է ընտրվել թիվ 99 ընտրատարածքից (Կիրովական, այժմ՝ Վանաձոր)։ Կենսագրականում գրված է. «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատի կուսկոմիտեի քարտուղար, ընտրվել է ՀՀ ԳԽ-ի Արցախի, ապա Տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Աշխատել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, այժմ՝ ԼՂՀ նախագահ»։ Ո՞վ է այսօր Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ նախագահ։ Աղաջանյան Վլադիմիր- ընտրվել է թիվ 68 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է Ադր. ԽՍՀ Շահումյանի կոմկուսի շրջկոմի քարտուղար»։ Այսօր Ղարաբաղում է։ Աղաջանյան Ռոլես- ընտրվել է թիվ 113 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Ստեփանակերտի թիվ 9 ճանապարհաշինարարական վարչության պետ, ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի, Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ, «Արցախ» պատգամավորական խմբի անդամ»։ Այժմ Ղարաբաղում է։ Մանուչարով Արկադի- «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է ԼՂԻՄ-ի շինանյութի կոմբինատի տնօրեն, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր։ Ընտրվել է ՀՀ ԳԽ իրավական, ապա՝ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ, «Արցախ» պատգամավորական խմբի անդամ»։ Այժմ Մոսկվայում է։ Ղարաբաղցի մյուս պատգամավորները ընտրվել են հենց Ղարաբաղում։ Սարգսյան Սերժիկ- պատգամավոր է ընտրվել թիվ 249 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է ԽՍՀՄ արտաքին տուրիզմի պետական կոմիտեում՝ բաժանմունքի կառավարիչ։ Ընտրվել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ (14.09.93թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ 1995թ. մայիսից աշխատել է ԱԱՊՎ պետ»։ Այժմ Հայաստանում է, կրկին՝ պաշտպանության նախարար։ Պետրոսյան Գեորգի- ընտրվել է թիվ 250 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում՝ բաժնի վարիչ։ Ընտրվել է ՀՀ ԳԽ մարդու իրավունքների եւ ազգությունների, ապա՝ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ։ ՀՀԴ պատգամավորական խմբի անդամ է»։ Այժմ ապրում է Ղարաբաղում։ Գրիգորյան Համլետ- ընտրվել է թիվ 251 ընտրատարածքից. «Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքում։ Ընտրվել է ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի, ապա՝ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ»։ Այժմ Երեւանում է։ Ղուկասյան Էդիկ- պատգամավոր է ընտրվել թիվ 252 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է ԼՂԻՄ-ում, գլխավոր վիրաբույժ։ Ընտրվել է ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահի տեղակալ»։ Այժմ Ղարաբաղում է։ Շիրինյան Վիգեն- ընտրվել է 253 ընտրատարածքից, զոհվել է 1992թ. հունվարի 13-ին։ Իշխանյան Զավեն- ընտրվել է թիվ 254 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է ճանապարհների շահագործման եւ շինարարության Մարտակերտի թիվ 2 տեղամասի պետ, ընտրվել է Մարտակերտի շրջանային խորհրդի պատգամավոր»։ Այժմ Ղարաբաղում է։ Աթանեսյան Վահրամ- ընտրվել է թիվ 255 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից։ Ընտրվել է ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի, Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ»։ Այժմ Ղարաբաղի ԱԺ պատգամավոր է։ Առուշանյան Սլավիկ- ընտրվել է թիվ 256 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է Ասկերանի շրջկոմի քաղլսարանի վարիչ։ 1995թ. ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր»։ Այժմ Ղարաբաղում է, Արցախի Ազգային ժողովի այս տարվա ընտրություններին մասնակցեց, բայց չընտրվեց։ Բախշյան Մանֆրեդ- մահացել է 1993թ. հուլիսի 29-ին։ Դանիելյան Ռազմիկ- ընտրվել է թիվ 258 ընտրատարածքից. «Աշխատել է գիտատեխնիկական առաջընթացի ներդրման հանրապետական կենտրոնի տնօրեն, ՀՀ առեւտրի նախարարի պաշտոնակատար, աշխատել է Հայկոոպի վարչության նախագահ, եղել է ՀՀՇ խմբակցության անդամ»։ Այժմ աշխատանքային ուղղիչ գաղութում է։ Բաղյան Գրիշա- ընտրվել է թիվ 259 ընտրատարածքից. «Եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է Հադրութի շրջկոմի առաջին քարտուղար, ընտրվել է Հադրութի շրջանային խորհրդի պատգամավոր»։ Այժմ Ղարաբաղում է։ Ամփոփենք՝ մեկ-երկու բացառություն եթե անտեսենք, ղարաբաղցի բոլոր պատգամավորները 1990-ին կոմունիստական կուսակցության անդամ են եղել, ՀՀՇ-ի անդամ է եղել միայն մեկը։ Հիմնականում բոլորն ապրում եւ աշխատում են Ղարաբաղում, չորսը Հայաստանում են, մեկը՝ Մոսկվայում։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել