Առա՜ջ, դեպի դեֆեկտիվ իշխանություն Երեկ ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանի մամուլի ասուլիսը՝ «Բազմակուսակցական եւ նախագահական համակարգից դեպի էֆեկտիվ իշխանություն» թեմայով։ Ըստ Ս. Ասատրյանի՝ «Ժողովուրդն այսօր չի հավատում ոչ մի կուսակցության եւ, եթե որեւէ կուսակցություն, հիստերիայի մեջ ընկնելով, ասի, որ իրեն հավատում են՝ դա սուտ է»։ Ուստի, որպեսզի բոլոր կուսակցությունները միանան (եթե, իհարկե, կոչված են պետությանը ծառայելու), դառնան մի մեծ, ընդհանուր կուսակցություն եւ դուրս գան ստեղծված «խոր ճգնաժամից», Երիտասարդական կուսակցությունը՝ իրեն «քաղաքական կարեւորագույն ինստիտուտ» համարելով, խիզախորեն որոշեց մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները «մեր ազգի դատին ներկայացնել կարեւորագույն հիմնահարցեր», եւ ըստ այդմ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի։ Նախագահական համակարգն այսօր արդար չէ, որովհետեւ էֆեկտիվ չէ, խորհրդարանը եւ կուսակցությունները (նույնիսկ Երիտասարդականը) նույնպես էֆեկտիվ չեն աշխատում եւ բացարձակապես վստահություն չունեն ժողովրդի կողմից՝ սա է պրն Ասատրյանի խորը համոզմունքը։ Նրա կարծիքով, «մենք ապակուսակցական ժողովուրդ ենք» եւ պետք է ընտրենք մի այնպիսի գաղափարախոսություն, որը կդադարեցնի մյուս բոլոր կուսակցությունների գործունեությունը։ Որքան հիշում ենք, բոլշեւիկները 17 թվին այդ ամենն արդեն արել էին՝ հետեւանքներն աչքներիս առաջ են։ Պրն Ասատրյանի առաջարկությունը հետեւյալն է. դադարեցնել նախագահական համակարգի գործունեությունը՝ որպես ոչ էֆեկտիվ համակարգ եւ Հայաստանում ստեղծել պետական խորհուրդ, որը պետք է ունենա հետեւյալ կազմը. իշխող կուսակցության (տեսնել, մեր դեպքում դա ո՞րն է՝ ՀԺԿ-ն, թե՞ ՀԿԿ-ն- Հ. Մ.) նախագահ՝ իր 2 տեղակալներով, ԱԺ նախագահ՝ իր 2 տեղակալներով, կառավարության նախագահ՝ իր 2 տեղակալներով։ Դրանք բոլորը միասին կազմում են պետխորհուրդ, որն էլ իրականացնում է ամբողջ երկրի ղեկավարումը։ Պետխորհրդի անդամներից մեկն էլ ընտրվում է պետխորհրդի նախագահ եւ կարող է տարին մեկ փոխվել եւ հանդիսանալ Զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Աշխարհում նմանը չունեցող այս համակարգը, ըստ Ս. Ասատրյանի, «հնարավոր է եւ ընդունելի», քանի որ Հայաստանի համար «շատ անհրաժեշտ է»։ – Մեր առաջարկն ընդունում են Ռուսաստանում գտնվող մեր պարտնյորները, որոնք քաղաքական դեմքեր են, որոնք այսօր որոշում են Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը եւ հանդիսանում Պուտինի ամենամտերիմ մարդիկ,- ասաց պրն Ասատրյանը։ Այն հարցին, թե ովքեր են նրանք, վերջինս գերադասեց լռել, պատասխանելով, որ «չի կարող ասել»։ Չլինի՞ Ժիրինովսկին է։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ